World of Philosophy

World of Philosophy Գիտության, արվեստի, փիլիսոփայության միջոցով ինքնաճանաչման և ինքնազարգացման առաջին հայկական հարթակ

1921թ. մարտի 15-ին Բեռլինում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ ոչ միայն հայկական պատմության, այլ նաև միջազգային...
16/03/2026

1921թ. մարտի 15-ին Բեռլինում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դարձավ ոչ միայն հայկական պատմության, այլ նաև միջազգային իրավունքի պատմության ամենանշանակալի դրվագներից մեկը։
Այդ օրը հայ երիտասարդ Սողոմոն Թեհլիրյանը (Թեհլերյան) Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգշտրասե փողոցում գնդակահարելով 1915թ. Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Մեհմեդ Թալեաթ փաշային, իրականացրեց «Նեմեսիս»-ի ամենահայտնի գործողությունը։
Ցեղասպանության ժամանակ Սողոմոնը կորցրել էր իր ընտանիքի գրեթե բոլոր անդամներին՝ տեսնելով իր մոր դաժան սպանությունը, ընտանիքի ոչնչացումն ու գյուղերի կոտորածները, ինչը դարձել էր երիտասարդի կյանքի ամենամեծ վերքը։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտվեց, Թալեաթ փաշան իր կնոջ՝ Հայրիե խանումի հետ, փախավ Կոստանդնուպոլսից և տեղափոխվեց Գերմանիա, կեղծ՝ Ալի Սալի բեյ անունով փորձելով ապրել հնարավորինս հանգիստ ու աննկատ։ Սակայն հայ գաղտնի խմբերին հաջողվել էր հայտնաբերել նրա գտնվելու վայրը։

Պատմական աղբյուրների համաձայն՝ Թեհլիրյանը մի քանի օր հետևել էր Թալեաթին և ուսումնասիրել նրա առօրյա տեղաշարժերը՝ գիտենալով վերջինիս ապրելու վայրն ու փողոց դուրս գալու հստակ ժամանակը։ Մարտի 15-ի առավոտյան Թեհլիրյանը սպասել է և երբ Թալեաթ փաշան անցել է նա հետևից մոտեցել է վերջինիս՝ կանչելով նրան իրական անունով. «Թալեաթ»։ Թալեաթը շրջվել է և զարմացած հարցրել.՝ «Ի՞նչ է պատահել»: Հենց այդ պահին (մոտ 10:45) Սողոմոնն ատրճանակով մեկ կրակոց է արձակել նրա գլխին, որից հետո փաշան ընկել է գետնին և գրեթե անմիջապես մահացել։

Թեհլիրյանը չփորձեց փախչել և անմիջապես ձերբակալվեց գերմանական ոստիկանության կողմից։

Վկաների խոսքերով Թեհլիրյանը շատ հանգիստ էր ու շփոթված։ Նա չէր փորձում դիմադրել ոստիկանությանը։ Նույնիսկ թվում էր, թե նա հոգեկան ծանր վիճակում է և չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#Նեմեսիս #ցեղասպանություն

Հայ կինը դարերի ընթացքում եղել է ուժի, արժանապատվության և հավատքի խորհրդանիշ։ Նրա պատմությունը լի է խիզախությամբ, սիրով ...
08/03/2026

Հայ կինը դարերի ընթացքում եղել է ուժի, արժանապատվության և հավատքի խորհրդանիշ։ Նրա պատմությունը լի է խիզախությամբ, սիրով և հայրենիքի հանդեպ նվիրվածությամբ։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


Բեռնար Առնոն համարվում է ժամանակակից շքեղության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեց այն հա...
06/03/2026

Բեռնար Առնոն համարվում է ժամանակակից շքեղության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեց այն համակարգը, որն այսօր մենք անվանում ենք global luxury industry (շքեղության համաշխարհային արդյունաբերության ամենամեծ ընկերություն):
Առնոն հանդիսանում է խմբի նախագահն ու գլխավոր բաժնետերը։ Այս խումբը միավորում է ավելի քան 70 շքեղության բրենդ, որոնց թվում են՝ Louis Vuitton, Christian Dior, Fendi, Givenchy, Celine, Loewe, Bulgari։

Սակայն այս կայսրությունը ստեղծվել է ոչ թե պատահական, այլ շատ հաշվարկված և երբեմն նույնիսկ դրամատիկ բիզնես պայքարի արդյունքում։

Առնոն ծնվել է 1949 թ․ մարտի 5-ին, Ֆրանսիայի Ռուբե (Roubaix) քաղաքում, որը երկար ժամանակ եղել է երկրի կարևոր արդյունաբերական և տեքստիլ կենտրոններից մեկը։ Նրա ընտանիքը պատկանում էր այդ տարածաշրջանի արդյունաբերական բուրժուազիային։ Առնոն սովորել է հեղինակավոր Lycée Maxence Van der Meersch լիցեյում։
Աչքի էր ընկնում մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների մեջ ունեցած իր կարողություններով։

Այնուհետև ավարտել է Ֆրանսիայի հեղինակավոր École Polytechnique ինժեներական դպրոցը։ 21 տարեկանում ստանալով ինժեների դիպլոմ (իր մասնագիտությամբ չաշխատեց), նա դարձավ հոր գործընկերը և չորս տարի անց ղեկավարեց ընտանիքի Ferret-Savinel (Ֆերե Սավինել) շինարարական ընկերությունը։ Ժամանակի հետ երիտասարդ Առնոն շատ շուտ հասկացավ, որ ապագան այլ ոլորտում է։ Նա համոզեց իր հորը փոխել բիզնեսի ուղղությունը և կենտրոնանալ անշարժ գույքի վրա։
Վաճառելով ընտանեկան բիզնեսը՝ Առնոն տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մի քանի տարի անցկացրեց՝ ուսումնասիրելով ընկերությունների միաձուլման և կլանման բիզնես-մեթոդները։ ԱՄՆ-ից նա վերադարձավ զինված՝ ընկերությունների ագրեսիվ ձեռքբերման համար բնորոշ ամերիկյան գործիքակազմով։

1970-ականների վերջում նա սկսեց ներդրումներ անել անշարժ գույքի և ֆինանսական նախագծերի մեջ՝ աստիճանաբար ձևավորելով իր բիզնես մտածողությունը։

1984թ. Առնոյի ուշադրությունը գրավեց Ֆրանսիայի կառավարության կողմից վաճառքի հանված վերջերս սնանկացած Boussac Saint-Frères (Բուսակ Սեն-Ֆրեր) տեքստիլ կոնցեռնը, որը, ի թիվս այլնի, նաև տիրապետում էր Christian Dior (Կրիստիան Դիո՛ր) նորաձևության տանը։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#ԲեռնարԱռնո #նորաձևություն

Լուչո Դալլան իտալական երգարվեստի ամենաազդեցիկ և ամենաբազմակողմանի արվեստագետներից էր՝ կոմպոզիտոր, երգիչ, բանաստեղծական տ...
04/03/2026

Լուչո Դալլան իտալական երգարվեստի ամենաազդեցիկ և ամենաբազմակողմանի արվեստագետներից էր՝ կոմպոզիտոր, երգիչ, բանաստեղծական տեքստերի հեղինակ և նաև հիանալի ջազային կլարնետահար։ Նրա երաժշտությունը համադրում էր պոպ, ջազ, դասական ազդեցություններ և խորապես փիլիսոփայական բառեր։ Իր երգերում Դալլան հաճախ էր անդրադառնում ժամանակի անցողիկությանը, սիրո տարբեր դրսևորումներին, սոցիալական անարդարություններին, մարդու ներքին միայնությանը։ Նրա երգերը մինչ օրս հնչում են Իտալիայում՝ ռադիոյով, համերգասրահներում և ընտանեկան հավաքույթներում։

Լուչո Դալլան ծնվել է 1943թ. մարտի 4-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում։ Վաղ տարիքում նա կորցրել է հորը, և այդ ցավը խոր հետք է թողել նրա ներաշխարհի վրա։ Երաժշտությունը դարձավ նրա լեզուն, որով նա խոսում էր աշխարհի հետ։ Շատերը նրան ճանաչում են որպես մեծ երգիչ և կոմպոզիտոր, բայց նրա առաջին և իրական սերը ջազն էր։ Երիտասարդ տարիներին նա հայտնի էր որպես կլարնետահար և նվագում էր բոլոնյան ջազային խմբում՝ Rheno Dixieland Band։ Այդ տարիներին նա դեռ չէր մտածում փոփ երաժշտության մասին․ նա պարզապես երաժիշտ էր, որի աշխարհը ջազն էր՝ իմպրովիզացիան, ազատությունն ու շնչող հնչողությունը։ Եվ զարմանալի չէ, որ Դալլայի երաժշտական մտածողությունն իր ամբողջ կյանքում մնաց ջազային։

1970-ականներին նրա կյանքում տեղի ունեցավ կարևոր շրջադարձ։ Դալլան սկսեց գրել իր երգերի տեքստերը, և այդ պահից նրա ստեղծագործությունը ձեռք բերեց խոր փիլիսոփայական և բանաստեղծական բնույթ։ 1971թ. նրա «4/3/1943» երգը նրան մեծ ճանաչում բերեց Իտալիայում․ երգի վերնագիրն էլ հենց նրա ծննդյան օրն էր։ Կիսակենսագրական այս երգը ներկայացնում էր պատերազմի տարիներին ծնված երեխայի պատմությունը։

1979թ. լույս տեսավ նրա ամենահայտնի ալբոմներից մեկը՝ «Lucio Dalla»։ Այդ ալբոմի մի քանի երգեր շատ կարճ ժամանակում դարձան իտալական մշակույթի անբաժանելի մասը։ «L’anno che verrà»-ը հույսի մասին երգ է, որը Իտալիայում հաճախ հնչում է Ամանորին։ «Anna e Marco»-ն պատմում է երիտասարդության երազանքների և զգացմունքների մասին։ Իսկ «Futura»-ն ապագայի մասին փիլիսոփայական երգ է, որը դարձավ նրա ամենախորը ստեղծագործություններից մեկը։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#ԼուչոԴալլա #Կարուզո #բոլոնիա #ջազ

1820թ. Միլոս կղզում գյուղացի Յորգոս Կենտրոտասը (հիշատակվում է նաև որպես Թեոդորոս Կենտրոտաս) իր դաշտի «պատն» ամրացնելու հ...
01/03/2026

1820թ. Միլոս կղզում գյուղացի Յորգոս Կենտրոտասը (հիշատակվում է նաև որպես Թեոդորոս Կենտրոտաս) իր դաշտի «պատն» ամրացնելու համար քարեր փնտրելուց պատահաբար բախվում է թաղված խորշի (հին ավերակների), որի մեջ մարմարյա արձան է գտնում: Արձանը հայտնաբերվել է երկու հիմնական՝ իրանի և ստորին հատվածի մասերով: Դրա հետ մեկտեղ գտնվել են նաև ձեռքի բեկորները և խնձոր բռնած դաստակը:

Յորգոսը հասարակ հողագործ էր և լավ գիտեր, որ հնություններ գտնելու դեպքում օսմանյան իշխանությունները կամ հարուստ օտարերկրացիները կարող են պարզապես խլել այն՝ առանց արդարացի վճարի։ Ուստի սկզբում նա փորձեց արձանը նորից ծածկել հողով, որպեսզի ավելորդ ուշադրություն չգրավի։

Ֆրանսիացի երիտասարդ սպա Օլիվիե Վութիեն այդ պահին հարևանությամբ զբաղված էր իր սեփական «հնագիտական» պեղումներով։ Նա նկատեց, որ գյուղացին ինչ-որ արտասովոր բան է գտել և անմիջապես մոտեցավ նրան։ Տեսնելով արձանի վերին մասը՝ նա հասկացավ, որ դա բացառիկ արժեք է։ Վութիեն գյուղացուն խոստացավ, որ եթե նա շարունակի փորել և հանի ամբողջական արձանը, ինքը, ֆրանսիական դեսպանատան միջոցով, կօգնի գյուղացուն դրա դիմաց լավ գումար ստանալ։

Հետաքրքիրն այն է, որ ֆրանսիացիները միանգամից չգնեցին արձանը։ Մինչ նրանք թույլտվություն էին ստանում, մի հույն հոգևորական արդեն պայմանավորվել էր այն վաճառել Կոստանդնուպոլսի թուրքական իշխանություններին։ Միլոսի տեղական իշխանությունները և կղզու ավագները սկզբում արձանը վաճառելու թույլտվություն էին տվել մի հույն հոգևորականի՝ պապա Սավասին: Վերջինս գործում էր որպես միջնորդ և ցանկանում էր արձանը որպես «նվեր» ուղարկել Կոստանդնուպոլիս՝ սուլթանի թարգմանիչ (դրագոման) Նիկոլաս Մուրուզիսին (Nicholas Mourousis), ով մեծ ազդեցություն ուներ և հովանավորում էր կղզին:

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#Վեներա #Աֆրոդիտե #լուվր

1799թ. մարտի 1-ին Սանկտ Պետերբուրգում արգելվեց վալսը։ Ռուսաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ այս պարը վտարվեց պա...
01/03/2026

1799թ. մարտի 1-ին Սանկտ Պետերբուրգում արգելվեց վալսը։ Ռուսաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ այս պարը վտարվեց պարահանդեսային (բալային) սրահներից։

Պավել I-ը արգելեց վալսը՝ հիմնավորելով իր որոշումը նրանով, որ պարելիս զուգընկերը (կավալերը) պետք է երկու ձեռքով բռներ տիկնոջը, ինչն անթույլատրելի էր պարկեշտ հասարակությունում։
Այլ աղբյուրների համաձայն՝ արգելքը հաստատվեց այն բանից հետո, երբ անճարակ կայսրը վալս պարելիս սայթաքեց և ընկավ։ Սակայն երբ Պավել I-ի մոտ հայտնվեց իր ֆավորիտուհին՝ Աննա Պետրովնա Լոպուխինան, արգելքը մոռացվեց, թեև պաշտոնապես չչեղարկվեց։
Ինչ էլ որ լիներ իրական պատճառը, պարի հակառակորդների բարձրացրած մեծ աղմուկի պատճառն այն էր, թե վալսը հնարավորություն էր տալիս զուգընկերներին, շատ մոտ լինելով, սեղմվել միմյանց։

Բալերը հաճախ էին կազմակերպվում՝ մադմուազել Լոպուխինայի՝ պարի հանդեպ կրքոտ սերը բավարարելու համար։ Նա սիրում էր վալս պարել, և այս «անմեղ» պարը, որը մինչ այդ արգելված էր որպես անպատշաճ, կրկին «հայտնվեց» արքունիքում։

Վալսը ծագել էր Կենտրոնական Եվրոպայում XVIII դարի վերջում, և հենց սկզբից էլ այն ունեցավ բազմաթիվ քննադատներ՝ համարվելով «չափազանց ազատ»։

Վալսի արմատները գալիս են Ավստրիայի և Բավարիայի գյուղական պարերից՝ հատկապես Լենդլերից (Ländler, ավստրիական և հարավգերմանական ժողովրդական պար), որը կատարվում էր 3/4 չափով։ Զույգերը շրջանաձև պտտվում էին, տղամարդը բռնում էր կնոջ գոտկատեղը։ Պարը հաճախ ուղեկցվում էր ջութակով և ցիտրայով։ Հետևաբար, սկզբում սա ոչ թե արքունական, այլ գյուղական, ժողովրդական պար էր։

Հետաքրքիր է, որ հենց Վիեննայում (Ավստրիա) վալսը հետագայում դարձավ ազգային խորհրդանիշ, թեև սկզբնական շրջանում այստեղ ևս կային եկեղեցական արգելքներ և բարոյական քննադատություն։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#վալս #պար

Ալեքսանդր Գրեհեմ Բելլը՝ շոտլանդական ծագումով գիտնական-գյուտարարը համարվում է հեռախոսակապի հիմնադիրը, Bell Labs-ի հիմնադի...
01/03/2026

Ալեքսանդր Գրեհեմ Բելլը՝ շոտլանդական ծագումով գիտնական-գյուտարարը համարվում է հեռախոսակապի հիմնադիրը, Bell Labs-ի հիմնադիրը (նախկինում՝ Bell Telephone Company), որը որոշեց հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացումը Միացյալ Նահանգներում:
1876 ​​թ. մարտի 7-ին նա ստանում է ԱՄՆ արտոնագիր No 174465, որը ճանաչվում է պատմության ամենաթանկ արտոնագիրը, որտեղ նկարագրվում է. «Հեռագրով խոսքի և այլ ձայների փոխանցման մեթոդ և ապարատ»։ Իրականում խոսքը հեռախոսի մասին է։

Բայց նախ ներկայացնեմ այն ճանապարհը, որը Բելլին գյուտարար դարձրեց։
13 տարեկանում Ալեքսանդր Բելլն ավարտելով Էդինբուրգի Թագավորական դպրոցը՝ 16 տարեկանում Վեսթոն Հաուս ակադեմիայում ստանձնում է ճարտասանության ու երաժշտության ուսուցչի պաշտոնը, իսկ Կանադա տեղափոխվելուց հետո որպես ուսուցիչ աշխատում խուլ ու համրերի դպրոցում։

Միաժամանակ Բելլն աշխատում է էլեկտրաէներգիայի միջոցով ձայնի փոխանցման խնդրի վրա։
Այս ժամանակահատվածում Western Union ընկերությունը փնտրում էր հնարք՝ մեկ զույգ հեռագրալարերի միջոցով միաժամանակ մի քանի հեռագրեր փոխանցելու համար, որպեսզի վերացնի լրացուցիչ հեռագրալարեր անցկացնելու անհրաժեշտությունը:
Ընկերությունը խոշոր դրամական մրցանակ է հայտարարում այն գյուտարարի համար, ով նմանատիպ մեթոդ կառաջարկի։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան


#գիտություն #հեռախոս

Ցավոք սրտի, ցանկացած պահի հնարավոր է հանդիպել ստախոսի, կեղծիքի և ապատեղեկատվության։ Սուտ տերմինը (պաթոլոգիկ սուտ) առաջաց...
27/02/2026

Ցավոք սրտի, ցանկացած պահի հնարավոր է հանդիպել ստախոսի, կեղծիքի և ապատեղեկատվության։
Սուտ տերմինը (պաթոլոգիկ սուտ) առաջացել է հին հունարեն՝ páthos կիրք, տառապանք և lógos խոսք, ելույթ բառերից, որն արտահայտվում է սուտ ինֆորմացիա հաղորդելու, ֆանտաստիկ պատմություններ ստեղծելու հակումով։ Բժշկական գրականությունում անձի այս տեսակը առաջին անգամ նկարագրվել է 100 տարի առաջ։ Որոշ հոգեբաններ գտնում են, որ պաթոլոգիկ ստախոսները սովորական ստախոսներից տարբերվում են նրանով, որ վստահ են իրենց խոսքի ճշմարտացիության մեջ, և դրանով հանդերձ մտնում են դերի մեջ, այնինչ հոգեբույժների մեծամասնությունը կարծում է, որ անձի այս տեսակը համարվում է հոգեկան հիվանդության կամ ցածր ինքնագնահատականի արդյունք։

Հետաքրքրական է իմանալ, որ գոյություն ունեն ստի երեք տեսակներ։ Առաջին տեսակը՝ չարախոսությունը, սուտ վկայությունը մահու չափ մեղք է: Այն վտանգավոր է և վնասում է մարդուն:

Երկրորդ տեսակը կատակախոսությամբ սուտն է: Այն ներելի է, երբ հազվադեպ է կատարվում: Սակայն երբ այսպիսի կատակերգակը ոգևորվում է ստախոսությամբ և պատճառ է լինում դատարկաբանության ու ծաղրուծանակի, պատասխանատու է դարձնում դատվելու ոչ միայն ստախոսներին ու դատարկախոսներին, այլև հավանությամբ նրանց լսողներին:

Ստի երրորդ տեսակն անվտանգ է և նույնիսկ օգտակար է լինում, ինչպես օրինակ` երբ մոլագարը սուր է խնդրում, ասում ենք, թե չունենք:
Գրիգոր Տաթևացու այս օրինակը որոշ տարբերությամբ հանդիպվում է նաև Դավիթ Անհաղթի մոտ, ըստ որի բարի է, երբ մեկը ստում է իրեն սուրը պահ տված մարդուն, ով եկել էր բարկության պահին մեկ ուրիշին սպանելու համար սուրը ետ վերցնելու, և ասում է, թե` ինձ ոչինչ չես տվել:
⚠️շարունակությունը նկարներում

Նյութը պատրաստեցին՝
Անարէ Չոբանյան
Տեր Ադամ քհն․ Մակարյան
©

#ստախոսություն #հոգեբանություն #հնարք #կեղծիք

1942թ. փետրվարի 22-ին Բրազիլիայի Պետրոպոլիս  (Petrópolis) քաղաքում ավարտվեց XX դարի եվրոպական ամենանշանակալի գրողներից մ...
22/02/2026

1942թ. փետրվարի 22-ին Բրազիլիայի Պետրոպոլիս (Petrópolis) քաղաքում ավարտվեց XX դարի եվրոպական ամենանշանակալի գրողներից մեկի՝ Ստեֆան Ցվայգի կյանքը, որի ճակատագիրը դարձավ իր ժամանակի ողբերգության խորհրդանիշը։

Ցվայգը ծնվել էր Վիեննայում (1881թ.)՝ եվրոպական մշակույթի կարևորագույն կենտրոններից մեկում։ Նա պատկանում էր այն սերնդին, որը հավատում էր մշակույթի միավորող ուժին և մարդկության բանական ապագային։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա դարձավ պացիֆիստ՝ համոզված, որ պատերազմը քայքայում է մարդկության ու նրա ստեղծած քաղաքակրթության հիմքերը։

Եվ ահա 1930-ականներին Եվրոպայում նացիզմի վերելքը Ցվայգին ստիպեց լքել հայրենիքը։ Որպես հրեական ծագում ունեցող ինտելեկտուալ, նա կորցրեց ոչ միայն իր տունը, այլ նաև այն մշակութային աշխարհը, որի հետ նույնացնում էր իրեն։ Նա այլևս չէր կարողանում գտնել իր տեղը՝ անընդհատ տեղափոխվելով Լոնդոն, Լատինական Ամերիկա, ԱՄՆ և վերջապես 1941թ. նա հաստատվեց Բրազիլիայի Պետրոպոլիս քաղաքում, որտեղ թեև ֆիզիկապես ապահով, բայց հոգեպես իրեն աքսորյալ էր զգում։

Կյանքի վերջին տարիներին Ցվայգն ավարտեց իր ինքնակենսագրական գիրքը՝ «Երեկվա աշխարհը», որը դարձավ ոչ միայն անձնական հիշողությունների, այլ նաև անհետացող եվրոպական քաղաքակրթության վկայությունը։

1942թ. փետրվարի 22-ին Ստեֆան Ցվայգն ու իր (երկրորդ) կինը՝ Լոտտե Ցվայգը, ընդունեցին «վերոնալ» (Veronal) քնաբեր դեղի մահացու չափաբաժին։ Նրանց գտան հաջորդ օրը՝ իրենց տանը, «խաղաղ վիճակում»։

Ցվայգը հրաժեշտի նամակ էր թողել, որտեղ գրել էր.
«Ես պարտք եմ համարում խորապես շնորհակալություն հայտնել այս հրաշալի երկրին՝ Բրազիլիային, որն ինձ տվեց այդքան բարեհամբույր ապաստան։

Բայց իմ հոգևոր հայրենիքը՝ Եվրոպան, ինքն իրեն կործանեց։

Ես նախընտրում եմ ավարտել կյանքս այն ժամանակ, երբ դեռ կարող եմ կանգնած մնալ ուղիղ, որպես մարդ, որի համար անձնական ազատությունը եղել է ամենաբարձր արժեքը։

Ես ողջունում եմ իմ բոլոր ընկերներին։ Թող նրանք տեսնեն լուսաբացը այս երկար գիշերից հետո»։

Սա նշանակում է, որ նա հավատում էր, թե աշխարհը դեռ կգտնի իր փրկության ճանապարհը, որ պատմությունը մի օր կհաղթի խավարին։ Բայց այդ հույսը նա չէր վերագրում իրեն․ կարծես գիտակցում էր, որ իր կյանքն ավաղ այլևս չի համընկնելու այդ սպասվող լուսաբացին։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան

1431թ. փետրվարի 21-ին սկսվեց Ժաննա դ’Արկի դատավարությունը։ Այն կազմակերպել էին անգլիացիները և անգլիական բանակի վերահսկող...
21/02/2026

1431թ. փետրվարի 21-ին սկսվեց Ժաննա դ’Արկի դատավարությունը։ Այն կազմակերպել էին անգլիացիները և անգլիական բանակի վերահսկողության տակ գտնվող եկեղեցականները (Ռուանի դատարանը)։
Թեև ձևականորեն Ժաննային դատում էր եկեղեցին՝ հերետիկոսության մեղադրանքով, նա, որպես ռազմագերի, շղթայված ու անգլիացի զինվորների հսկողության տակ պահվում էր Ռուանի ամրոցի Tour de la Pucelle աշտարակում (ոչ թե եկեղեցական բանտում, եկեղեցականների հսկողության տակ, ինչպես պահանջում էին կանոնները)։
Դատավարությունը գլխավորում էր եպիսկոպոս Պիեռ Կոշոնը (Pierre Cauchon), որը Ֆրանսիայում անգլիական շահերի մոլի կողմնակիցն էր (իր պաշտոնն ու իշխանությունը ստացել էր անգլիացիների աջակցությամբ):
Քանի որ դատավարության ընթացքում Ժաննան հերքում էր հերետիկոսության և սատանայի հետ կապ ունենալու բոլոր մեղադրանքները, դատարանը կենտրոնացավ այն փաստերի վրա, որոնք չէին պահանջում Ժաննայի կամավոր խոստովանությունը. օրինակ՝ տղամարդու հագուստ կրելը, եկեղեցու հեղինակությանը չհնազանդվելը։

💡Տղամարդու հագուստ, զենք, զրահ կրելը եկեղեցին համարում էր ծանր խախտում։ Ըստ միջնադարյան կանոնների՝ կինը չէր կարող տղամարդու հագուստ հագնել։ Ժաննայի դեպքում սա զինվորական գործնական անհրաժեշտություն էր։

Ժաննային մեղադրում էին, որ նա ավելի շատ հավատում էր իր «ձայներին», որոնք իբր գալիս էին Աստծուց, քան եկեղեցու դատավորներին։

Սպառնացող մահապատժից վախենալով, Ժաննան ստորագրեց մի փաստաթուղթ, որտեղ ընդունում էր իր «սխալները», խոստանում այլևս չկրել տղամարդու հագուստ և ենթարկվել եկեղեցուն («կամավոր խոստովանություն»):
Սակայն մի քանի օր անց նա կրկին տղամարդու հագուստ է հագնում (որոշ աղբյուրների համաձայն՝ նրան ստիպել են կամ այլ հագուստ չեն տրամադրել), և եկեղեցին հայտարարում է, որ Ժաննան «կրկնահանցագործ հերետիկոս» է՝ հետևաբար մահապատիժն անխուսափելի է։

Հակառակ եկեղեցական դատավարության կանոններին, բողոքարկման համար Օռլեանի Կույսին չթույլատրվեց դիմել Հռոմի Պապին։ 1431թ. մայիսի 30-ին 19 տարեկան Ժաննա դ’Արկը կենդանի այրվեց Ռուանի Հին Շուկայի հրապարակում։ Նրա մոխիրը ցրվեց Սեն գետի վրա։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան

1816 թ. փետրվարի 20-ին Հռոմի Արջենտինա թատրոնում (Teatro Argentina) տեղի ունեցավ 23-ամյա Ջոակինո Ռոսսինիի նոր օպերայի պր...
20/02/2026

1816 թ. փետրվարի 20-ին Հռոմի Արջենտինա թատրոնում (Teatro Argentina) տեղի ունեցավ 23-ամյա Ջոակինո Ռոսսինիի նոր օպերայի պրեմիերան։ «Սևիլյան սափրիչը», որը հետագայում պիտի դառնար երաժշտության պատմության հաղթական էջերից մեկը, այդ օրը սակայն ավարտվեց աղմկահարույց ձախողմամբ։
Ռոսսինին արդեն հայտնի էր ամբողջ Իտալիայում։ Ֆրանսիացի մեծ գրող Ստենդալը գրում էր.
«Իտալիայում ապրում է մի մարդ, որի մասին խոսում են ավելի շատ, քան Նապոլեոնի մասին»։

Օպերայի պատվիրատուն (իմպրեսարիոն) դուքս Ֆրանչեսկո II Սֆորցա Չեզարինիին, ով Հռոմի թատրոնի սեփականատերն էր։ Նա վստահում էր երիտասարդ հանճարի տաղանդին, սակայն խիստ պայմաններ էր դրել. օպերան պետք է լիներ նոր, կատակերգական ժանրի, նախատեսված լիներ կառնավալային սեզոնի համար և պատրաստ լիներ շատ կարճ ժամկետում։

Ռոսսինին ընտրեց ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Բոմարշեի հայտնի «Սևիլյան սափրիչը» պիեսը, որն արդեն ապացուցել էր իր հաջողությունը բեմում և տեսականորեն թույլ էր տալիս արագ օպերա ստեղծել։ Այնուամենայնիվ, այս ընտրությունը համարձակ քայլ էր՝ գրեթե մարտահրավեր, քանի որ նույն սյուժեի հիման վրա արդեն գոյություն ուներ Ջովաննի Պաիզիելլոյի հայտնի օպերան։
Օպերայի լիբրետոն (libretto) Teatro Argentina թատրոնի ղեկավարությունը՝ դուքս Սֆորցա Չեզարինին, Ռոսսինիի համաձայնությամբ վստահեց Չեզարե Ստերբինիին, ով Հռոմում արդեն հայտնի և փորձառու լիբրետտիստ էր։ Նա Հռոմում էր, ինչը հարմար էր արագ աշխատելու համար (ժամանակը շատ քիչ էր), գրաքննություն գիտեր. քանի որ Հռոմը գտնվում էր Պապական պետության ներքո, յուրաքանչյուր օպերայի տեքստ պետք է պաշտոնական թույլտվություն ստանար։

Ռոսսինին, ինչպես պատմում էին ժամանակակիցները,փակված իր սենյակում, բառացիորեն, կատաղի արագությամբ է գրել երաժշտությունը։ Առաջին գործողությունը նա ավարտեց մի քանի օրում, իսկ ամբողջ օպերան՝ մոտ երկու շաբաթում։ Սա երաժշտության պատմության մեջ գրեթե աննախադեպ արագություն էր։

Երբ թվում էր ամեն բան պատրաստ է, (անհայտ) հիվանդությունից Հռոմի իր պալատում՝ պրեմիերայից ընդամենը 4 օր առաջ, հանկարծակի մահանում է դուքս Ֆրանչեսկո II Սֆորցա Չեզարինին։

⚠️ շարունակությունը նկարներում
Նյութը՝ Անարէ Չոբանյան

Indirizzo

Civitanova

Telefono

+393714839778

Sito Web

Notifiche

Lasciando la tua email puoi essere il primo a sapere quando World of Philosophy pubblica notizie e promozioni. Il tuo indirizzo email non verrà utilizzato per nessun altro scopo e potrai annullare l'iscrizione in qualsiasi momento.

Scelte rapide

Condividi

Digitare