24/04/2021
Հայոց Մեծ Եղեռնը վերապրածներից մեկը հիշում է, որ մազապուրծ օտար ափերում հայտնվելուց հետո իրենց մայրն ամեն օր իրենց խորհուրդ էր տալիս մոռանալ, մոռանալ այն, ինչ իրենք տեսան...
Աշխարհում այս օրերին նորից հիշողության թարմացման ղողանջներ են... Իրականում մոռանալ եղածը կնշանակի կամավոր շարժվել դեպի կառափնարան, քանզի դարից ավել է անցել Հայոց ցեղասպանության 1915 թ. մեկնարկային օրերից, բայց թշնամին նույնն է, նույնն է նրա ցինիզմը՝ ժխտելու ու հերքերու սեփական պատմական անցյալը, նույնն ենք նաև մենք՝ դյուրահավատ ու մեր հույսն աշխարհի արդարամտության վրա դրած։ Այնինչ պարտք է դրված բոլորիս վրա հիշե՛լ մեծագույն ոճիրը, ականջալուր լինել մեր նախնյաց կանչին և բոցավառվել պահանջատիրության ու վրեժի անշեջ կրակով։
Ահա այս գաղափարական հենքով և պատգամով Ջավախքում՝ Ախալքալաքի և Նինոծմինդայի Երիտասարդական կենտրոնների սաները, 《Արթուր Ղարիբյան》 և 《Միսակ Ադամյան》 պատանեկան միությունների և 《Զորի Զորյան》 երիտասարդական միության անդամները ապրիլի 23-ից 24-ը կազմակերպեցին Հայոց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակի և մեր կորուսյալ հայրենիքի պահանջի երթ, նաև ֆլեշմոբ՝ ջավախահայ հանրությանն ուղղված կոչով, մասնակցեցին 2015թ. Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից սրբադասված նահատակների հոգեհանգստի Սուրբ պատարագի։