06/07/2026
Յուլիսի 5-ին տեղի ունեցաւ Գ Թահթաեան Կիրակնօրեայ Ազգային վարժարանի ամավերջի հանդէսը, որն այս տարի առանձնայատուկ խորհուրդ ուներ։ Այն նւիրւած էր Բագրատունեաց թագաւորութեանը և Անիի հիմնադրման 1065-ամեակին՝ դառնալով ազգային պատմութեան, մշակոյթի և կրթութեան գեղեցիկ տօն։
Վարժարանի տնօրենուհի տիկին Ռուզաննա Թաթուլեանը հանդէսը բացեց իր ջերմ ու ոգեշնչող ողջոյնի խօսքով։ Նա շնորհաւորեց բոլորին ուսումնական տարւայ հաջող աւարտի կապակցութեամբ, բարձր գնահատեց աշակերտների, ուսուցիչների և ծնողների նւիրումն ու համատեղ աշխատանքը՝ ընդգծելով հայեցի դաստիարակութեան կարևորութիւնն ու նման միջոցառումների դերը սերունդների ազգային արժեքների պահպանման գործում։
Հանդէսի ընթացքում աշակերտները ներկայացրին բազմաբովանդակ և գեղարւեստական ծրագիր։ Հնչեցին հայրենասիրական և ժողովրդական երգեր, այդ թւում՝ « Ազգ փառապանձ » և «Սարդարապատ» երգերը։ Փոքրիկները մեծ ոգևորութեամբ երգեցին ու պարեցին՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջոյններին։ Աշակերտները նաև ներկայացրին հետաքրքիր բեմադրութիւններ, որոնց միջոցով կենդանացրին հայոց պատմութեան փառաւոր էջերը և Բագրատունեաց Հայաստանի ոգին։
Երեկոյի ամենայուզիչ պահը շրջանաւարտների մեծարումն էր։ Այս տարի վարժարանը ճանապարհեց 9 շրջանավարտների, մէկը բացակայ էր յարգելի պատճառով, ովքեր ստացան իրենց աւարտական և քննութիւնների վկայականները։ Այդ հանդիսաւոր պահը լի էր հպարտութեամբ, երախտագիտութեամբ և նորանոր յաջողութիւնների մաղթանքներով։
Վարժարանի տնօրինուհի՝ Ռուզաննա Թաթուլեանը շնորհաւորեց սիրելի շրջանաւարտներին վարժարանն աւարտելու առթիւ և շնորհաւորեց իրենց ծնողներին և ուսուցչուհիներին, ովքեր տարիներ շարունակ հետևել են երեխաներին հայեցի կրթութեանն ու դաստիարակութեանը։
Նա շրջանաւարտներին մաղթեց, ուժ և եռանդ, նպատակների և իղձերի իրականացում, և աւելացրեց, որպեսզի բոլորն իրենց արժանի տեղը գտնեն կեանքում, լինեն սիրւած և յարգւած իրենց շրջապատում և թող Աստւած պահապան լինի իրենց և լուսաւորի իրենց ճանապարհը:
Հանդէսի աւարտին Արժանապատիւ Տէր Հայր Նշան Ալաւերդեանը օրհնեց աշակերտներին, վարժարանին և շրջանաւարտներին՝ նրանց մաղթելով յաւատով, սիրով և ազգային ոգով շարունակել իրենց կեանքի ճանապարհը։
Աւարտական հանդէսը դարձաւ գեղեցիկ ու յիշարժան տօն՝ համախմբելով աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին և համայնքի անդամներին։ Երգն ու պարը, պատմական բեմադրութիւնները և շրջանաւարտների յուզիչ հրաժեշտը ստեղծեցին ջերմ ու անմոռանալի մթնոլորտ՝ մէկ անգամ ևս ընդգծելով, որ ազգային արժէքների պահպանութիւնն ու փոխանցումը կրթութեան կարևորագոյն առաքելութիւններից են։