29/01/2014
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ.
Ինչպես Ձեզ հայտնի է ՀՀ կառավարությունը 2014թ. հունվարի 23-ին որոշում է ընդունել "Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան" պետական ոչ առևտրային կազմակերպությունը` "Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան" հիմնադրամ վերակազմավորելու մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրից:
Համալսարանների կառավարման արդիականացումը կրթական բարեփոխումների կայացման կարևոր նախապայմաններից մեկն է: Համալսարանի ինստիտուցիոնալ ինքնավարություն ասելով, առաջին հերթին պետք է հասկանալ ակադեմիական, կառավարման և ֆինանսատնտեսական գործունեության ազատականացում: Համալսարանին այսօր անհրաժեշտ է ակադեմիական ինքնավարություն իր բնականոն գործունեությունը կազմակերպելու համար: Անհրաժեշտ է ունենալ նաև բավարար ֆինանսավորման կայուն աղբյուրներ, ինչը հնարավորություն կտա նրան մրացակցության մեջ մտնել եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Վերակազամավորելու արդյունքում հիմնադրամը կունենա լայն հնարավորություն ավելի ճկուն, ազատ, ռացիոնալ, արդյունավետ և շահագրգիռ օգատգործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ կրթության և գիտության զարգացման: Վերջապես պետք է հաշվի առնել նաև այլ երկրների դրական փորձը, որտեղ բուհերը հիմնականում գործում են հիմնադրամի կարգավիճակով և որոնով ապահովեով իրենց հռչակած ինքնուրույնության և ինքնակառավարման սկզբունքների իրականացումը:
Տեղեկացնում եմ Ձեզ, որ ՀՀ կառավարությունը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կազմավորման փուլի ղեկավարությունը վստահել է ինձ` նշանակելով ռեկտորի պաշտոնակատար, և մենք միասին պետք է անցնենք այս կարճ, սակայն շատ կարևոր և պատասխանատու ճանապարհը:
2006թ. փոետրվարի 24-ին, մենք սկսեցինք ճարտարապետության և շինարարության մայր բուհի վերակառուցման և բարեփոխումների լայնամասշտաբ ծրագրի իրականացումը: Անցել է ութ տարի, և այսօր, երբ մեր սիրելի համալսարանը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերակազմավորվում է հիմնադրամի, անհրաժեշտություն է առաջացել մի պահ ետ նայել և գնահատել այն փոփոխությունները, որոնք իրականացվել են իրենց գործին նվիրված, պրոֆեսիոնալ և աշխատասեր մեր գործընկերների տքնաջան աշխատանքով:
2006-2014թթ. համալսարանում սովորողների թվաքանակը 2855-ից ավելացել և հասել 4377-ի` աճը կազմել է 53,3%: 2006թ. համալսարանն ուներ ընդամենը 22 գործող լսարան: Այսօր այն ավելացել է 2.6 անգամ: Ներկայումս 1 ուսանողի հաշվով միջին տարածքը կազմում է 7.9 քառ.մ մակերես, իսկ վարչական աշխատողների պարագայում`12 քառ. մ: 2006թ. համալսարնի միայն երկու լսարաններն էին կահավորված համակարգիչներով, այսօր Համալսարանի մասնաշենքերում տեղադրված է 341 ժամանակակից համակարգիչ և ինտերակտիվ բազմաթիվ սարքավորումներ: Համալսարանի բյուջեն 2006թ. կազմել է 560 մլն. դրամ, այսօր այն անցել է 2 մլրդ. դրամի շեմը: Համալսարնի աշխատակիցների միջին աշխատավարձը բարձրացել է շուրջ 300%-ով: Համալսարանն ունի առանձին մասնաշենքում տեղակայված և ժամանակակից սարքավորումներով հագեցված ավագ դպրոց, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ և լսարաններ, հանրակացարան, թվով 4 գրադարան: Չեմ կարծում, որ այս պահին անհրաժեշտություն կա թվարկելու համալսարնի բոլոր ձեռքբերումները, դրանք անհամեմատ շատ են, ու բազմազան: Պարզապես ուզում եմ իմ բոլոր գործընկերներին ասել` շնորհակալություն:
Սիրելի բարեկամներ, մենք կանգնած ենք ճարտարապետաշինարարական բարձրագույն կրթության զարգացման նոր փուլի նախաշեմին: Հիմնահարցերը շատ են, պատասխանատվությունն` աննախադեպ մեծ: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին կարող ենք ու կլուծենք Հայրենիքի կողմից մեզ վրա դրված բոլոր խնդիրները:
Հովհաննես Թոքմաջյան
29 հունվարի 2014թ.
28/11/2013
28/11/2013
21/11/2013
21/11/2013
21/11/2013
21/11/2013
25/10/2013
25/10/2013
24/10/2013
23/10/2013
17/10/2013