27/05/2026
🇺🇸🇨🇳 Թրամփը Պեկինում. կհասնե՞ն կողմերը ռազմավարական կայունության
Մայիսի կեսին համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը Պեկին, որտեղ նա բանակցություններ վարեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա ԱՄՆ որևէ նախագահի առաջին պետական այցն է Պեկին վերջին 9 տարիների ընթացքում: Այցն արդեն իսկ պատմական է իր բնույթով՝ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցերի քանակն ու մասշտաբները, պաշտոնական պատվիրակության կազմը (նաև ամերիկյան ամենախոշոր գործարարների և կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ), ինչպես նաև միաբևեռ աշխարհի փաստացի վախճանի պայմաններում ձևավորված նոր իրողությունները, որոնք Թրամփի վարչակազմն ընդունում է մեծ դժվարությամբ։
Այցը չափազանց կարևոր էր համարվում նաև այն առումով, որ եթե երկու գերտերությունների ղեկավարները կարողանային համաձայնության գալ համաշխարհային աշխարհաքաղաքական խնդիրների և գործընթացների շուրջ, ապա դա կարող է մեղմել գլոբալ լարվածությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև Չինաստանի և ԱՄՆ-ի ազդեցության գոտիներում գտնվող պետությունների և տարածաշրջանների համար, որոնք գլոբալ խաղացողների հակասությունների պատճառով բախվում են տնտեսական, անվտանգային և այլ խնդիրների։
Գլոբալ դիմակայության թուլացումը և ռազմավարական կայունության ապահովումը, բնականաբար, տնտեսական աննախադեպ օգուտներ կարող էին բերել ոչ միայն երկու գերտերություններին, այլև ամբողջ աշխարհին։ Ինչպես այցից առաջ հայտարարել էր Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, չինացիների կողմից ընդգծվող հարցերից մեկը, որի հետ իրենք համաձայն են, երկկողմ հարաբերություններում ռազմավարական կայունության ապահովումն է։ Այստեղ, իհարկե, ռազմավարական կայունությունն ամենաառանցքային գործոնն է, որը պետք է տեղ գտնի երկու պետությունների հարաբերություններում։ Այս հարցում, իհարկե, կողմերը կարող են հասնել համաձայնության, քանի որ երկուստեք կա գիտակցում, թե որքան կարևոր է այն ամբողջ աշխարհի բարգավաճման և գլոբալ խաղաղության համար։
Բնական է, որ երկու պետությունների ղեկավարների բանակցությունների առաջնահերթությունների շարքում էին այն արդիական խնդիրները, որոնց բախվում են Վաշինգտոնն ու Պեկինը։ Չինաստանի համար կարևոր է, որ Վաշինգտոնը վերանայի իր մոտեցումները Թայվանի հարցում, ինչը կարող է հնարավորություն տալ երկկողմ հարաբերությունները բարձրացնել որակապես նոր մակարդակի։ Իր հերթին Վաշինգտոնը շահագրգռված է Չինաստանի աջակցությամբ Իրանի հետ բանակցություններում և Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում, քանի որ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի համար առաջացնում է ոչ միայն տնտեսական, այլև հեղինակության հետ կապված խնդիրներ։ Ակնհայտ էր, որ քննարկման առարկա էին դառնալու նաև երկկողմ մաքսային պատերազմները, խոշոր ներդրումային և առևտրային պայմանագրերը, ներդրումների սահմանափակումներն ու պատժամիջոցները, ինչպես նաև այլ հարակից հարցեր։
Սակայն դրանք, իհարկե, միայն առաջնային և գերարդիական հարցերն են, որոնց շուրջ կողմերը կարող են հասնել որոշակի համաձայնությունների, և որոնք առավելապես կարճաժամկետ լուծումներ պահանջող խնդիրներ են։ Ամենակարևորն այն է, որ Պեկինն ու Վաշինգտոնը պետք է փորձեին համաձայնության գալ գլոբալ մրցակցության պայմաններում իրենց հարաբերություններում ռազմավարական կայունության ապահովման հարցում։ Սա ամենաառանցքային խնդիրն է, ինչը նրանցից ակնկալում են ոչ միայն ամերիկացիներն ու չինացիները, այլև աշխարհի գրեթե բոլոր պետությունները։ Բնական է, որ կողմերը պետք է պայմանավորվեն հետմիաբևեռ աշխարհի վերակազմավորման, նոր վերադասավորումների և ազդեցության գոտիների շուրջ, քանի որ միայն այդ պարագայում հնարավոր կլինի պահպանել կայունություն ոչ միայն երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում, այլև ամբողջ աշխարհում։
Ի դեպ, վերոշարադրյալը բացարձակապես չի նշանակում, որ մրցակցությունն ավարտվելու է։ Հակառակը, այն ավելի սաստիկ է դառնալու՝ հաշվի առնելով առկա մարտահրավերները և պատմական փորձը՝ աշխարհում ազդեցության գոտիների բաժանման տեսանկյունից։ Սակայն կարևոր է, որ երկու պետություններն էլ հասկանում և գնահատում են իրենց վճռորոշ դերն ու պատասխանատվությունը պատմական այս փուլում ամբողջ մոլորակի առջև։
Ինչ վերաբերում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև գլոբալ մրցակցությանը, ապա այն շարունակելու է գոյություն ունենալ՝ անկախ այս բանակցությունների արդյունքներից և հնարավոր պայմանավորվածություններից։ Բավական է հիշել Սառը պատերազմի տարիները, 1945 թվականին ձեռք բերված՝ աշխարհի ազդեցության գոտիների բաժանման պայմանավորվածությունները և դրանից հետո ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ծավալված կոշտ ու թշնամական մրցակցությունը, որի օրինակով էլ մրցակցությունը շարունակվելու է նաև 21-րդ դարում՝ այս անգամ արդեն Պեկինի և Վաշինգտոնի միջև։ Հետևաբար, ժամանակների փոփոխությունը չի վերացնելու մրցակցությունն ու միմյանց նկատմամբ առավելություն ստանալու գերտերությունների մշտական ձգտումը։
Միաժամանակ, միամտություն կլինի կարծել, թե կողմերը կարող են համաձայնության գալ օրակարգային բոլոր հարցերի շուրջ և միանգամից։ Նման մակարդակի հանդիպումների ընթացքում կողմերը որոշ հարցերի շուրջ գալիս են ընդհանուր հայտարարի, մի շարք ուղղություններով մոտեցնում են իրենց դիրքորոշումները, իսկ որոշ հարցերի դեպքում էլ չեն կարողանում հասնել որևէ պայմանավորվածության։ Սա, ինչպես արդեն նշվեց, նման մակարդակի և կարևորության բանակցությունների համար լիովին բնական երևույթ է։
Բնական է, որ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ բաժանումներ կամ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։ Ակնհայտ է, որ չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծը Վաշինգտոնի համար խնդրահարույց մեգանախագիծ է, որին ԱՄՆ-ը խոչընդոտում է ոչ միայն այլընտրանքային նախագծեր ձևավորելու փորձերով, այլև դրա տարածումը սահմանափակելու ռազմավարությամբ։
Եթե հաշվի առնենք, որ այս նախագծի կյանքի կոչումն ու արդյունավետությունը մեծապես պայմանավորված են Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի երկրների ներգրավվածությամբ, ապա ակնհայտ է դառնում դրանց կարևորությունը Չինաստանի համար։ Առանց այդ երկրների մասնակցության՝ չինական ապրանքների տեղափոխումը դեպի Եվրոպա մեծապես կախված կլինի Ռուսաստանից, ինչպես նաև ծովային փոխադրումներից։ Իսկ դա կարող է խնդրահարույց լինել ոչ այնքան ինքնարժեքի, որքան այլընտրանքների սահմանափակ լինելու տեսանկյունից, եթե տվյալ տարածաշրջանների պետությունները ներգրավված չլինեն այս նախագծում։
Պատկերն առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է հավելել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակը վերջին տարիներին եղել և մնում է հենց Չինաստանին հակակշռելն ու նրան դիմակայելը։ Դրա վառ դրսևորումներն են Գրենլանդիայի շուրջն ամերիկյան նկրտումները, Կենտրոնական Ասիայում ամերիկյան քաղաքականության ակտիվացումը, Մերձավոր Արևելքում Չինաստանի ազդեցության աճի ֆոնին ԱՄՆ-ի ակտիվության և ներգրավվածության մեծացումը, ինչպես նաև Հարավային Կովկասում ձևավորվող ամերիկյան նոր քաղաքականությունը, որի անկյունաքարային նախագծերից մեկը TRIPP-ն է։
Ակնհայտ է, որ TRIPP-ը ոչ այնքան Հայաստանն ու Ադրբեջանը հաշտեցնելու նպատակ է հետապնդում, որքան ուղղված է ԱՄՆ-ի ազդեցության ներքո գտնվող ճանապարհներով Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կապի ապահովմանը, ապրանքների և էներգետիկ ռեսուրսների տեղափոխմանը՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը, ինչի մասին Վաշինգտոնը բացահայտ հայտարարել է: Հետևաբար, կարող է հարց առաջանալ, թե գլոբալ պայմանավորվածությունների ձեռքբերման պարագայում ինչ զարգացումներ են տեղի ունենալու հենց այս ուղղություններով, և կողմերից ով ինչ զիջումների է գնալու, կամ արդյոք այս տարածաշրջանում առկա խնդիրները, իրոք, քննարկման առարկա կդառնա՞ն, թե՞ կմնան գլոբալ մրցակցության դաշտում՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում և Հայաստանում:
Տարբեր հնարավոր սցենարների համադրման և վերլուծության արդյունքում կարելի է եզրակացնել, որ այս ուղղությամբ կողմերը դժվար թե կարողանան գալ ընդհանուր հայտարարի և, ամենայն հավանականությամբ, կշարժվեն կոշտ մրցակցության ճանապարհով։ Այստեղ բնականաբար երկու կողմն էլ հաշվի կառնեն նաև Ռուսաստանի պատմական ազդեցության գործոնը, նույնիսկ եթե այն այս փուլում գտնվում է համեմատաբար թույլ վիճակում։
Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը կփորձի իր ազդեցության տակ վերցնել դեպի Եվրոպա Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսների արտահանման այլընտրանքային ճանապարհները, մինչդեռ Չինաստանը կփորձի իր ազդեցության տակ պահել Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները՝ նպատակ ունենալով հակակշռել ԱՄՆ-ին այս տեսանկյունից։ Իրականում Չինաստանն արդեն իսկ Կենտրոնական Ասիայի էներգակիրներում միլիարդավոր դոլարների ներդրումներ է իրականացնում: Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ-ը չի կարող իրականացնել այն ծավալի ներդրումներ Կենտրոնական Ասիայում, ինչ Չինաստանը։ Հետևաբար, Վաշինգտոնի համար լավագույն տարբերակը մնում է տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության մեջ ներգրավվածության խորացումը, ինչը հնարավորություն կտա թե՛ ներկայություն ապահովել անվտանգության երաշխավորի դերով, թե՛ որոշակի վերահսկողություն ունենալ այն երթուղիների նկատմամբ, որոնցով Կենտրոնական Ասիայի էներգակիրները կարող են հասնել եվրոպական շուկաներ, և որոշակիորեն ազդեցություն ունենալ նաև Չինաստանի ազդեցության տարածման և տնտեսական հաշվարկների վրա։
Այս առումով ամերիկյան քաղաքականությունը տեսանելի է մասնավորապես TRIPP նախագծի գործարկման և Հարավային Կովկասում Թրամփի վարչակազմի ակտիվության տեսանկյունից: Այսինքն՝ Չինաստանը կունենա ավելի մեծ հնարավորություններ Կենտրոնական Ասիայի էներգակիրների վերամշակման, լոգիստիկ կազմակերպման և վաճառքների համակարգման տեսանկյունից, սակայն միաժամանակ որոշակի կախվածություն կունենա ԱՄՆ-ից՝ արտահանման այլընտրանքային ուղիների և դրանց դիվերսիֆիկացման հարցերում։ Իհարկե, ԱՄՆ-ն այդքան մեծ հասանելիություն չունի Կենտրոնական Ասիայի էներգակիրների նկատմամբ, որքան Չինաստանը, սակայն ունի լայն հնարավորություններ՝ պատժամիջոցների, աշխարհաքաղաքական ազդեցության և այլ մեխանիզմների միջոցով ներգործություն ունենալ արտահանման ուղիների ձևավորման և վերահսկման վրա։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ կարելի է եզրակացնել, որ Պեկինում անցկացված հանդիպմանը քննարկվող հարցերից շատերի շուրջ, կողմերը կարող էին գալ ընդհանուր հայտարարի, սակայն, հաշվի առնելով երկու գերտերությունների միջև գոյություն ունեցող հարցերի ծավալն ու աշխարհագրությունը, չափազանց բարդ է համընդհանուր ընդունելի լուծումներ գտնելը դրանցից շատերի վերաբերյալ։ Հետևաբար, կոշտ մրցակցությունը ամենատարբեր ոլորտներում և տարածաշրջաններում մշտապես արդիական է մնալու, նույնիսկ եթե կողմերին հաջողվի ապահովել ռազմավարական կայունություն երկկողմ հարաբերություններում։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, ապա այն հանդիսանում է ամերիկյան տարածաշրջանային համընդհանուր շահերի տեղային տարր, և բնականաբար դրա նպատակը, որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հնարավոր գործիք, հանդիսանում է այդ համընդհանուր նպատակների միայն մի փոքր մասը։
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
Armenian Center for American Studies