17/07/2026
✨ՀՈԲԵԼՅԱՆ✨
💐 Այսօր իր ծննդյան օրն է նշում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու ԾՈՎԻՆԱՐ ՀՐԱՅՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։
Մեր հոբելյարի մանկավարժական, գիտական ու վարչական գործի ամեն արտահայտում սեփական մշակութի, պատմության հանդեպ անուրանալի ծառայություն է, որտեղ արթուն են մեծերի հանդեպ հարգանքի ու արժևորման արտահայտումները։ «Մարդ չի մոռացվում, եթե կան այն մարդիկ, ովքեր նրան հիշում են»,- հրապարակային ելույթներից մեկում բարձրաձայնած այս խոսքերը ամբողջությամբ բնորոշում են իր իսկ մարդկային ու մասնագիտական կերպարը և այդպիսին է նրա կյանքի համոզմունքը։ Դա են վկայում գիտնականի մեկ տասնյակից ավելի գիտական և բազմաթիվ հրապարակախոսական հոդվածները և աշխատությունները։ Հայ երաժշտագիտության համար առանձնահատուկ են «Էդգար Հովհաննիսյան․Կյանքս հուշերում» (1998), «Էդգար Հովհաննիսյաի կամերային գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունները» (2012), «Նովալիս Դերոյան․ Երկեր» (2015) գրքերը։ Արժեքավոր են հայերեն թարգմանված, խմբագրված աշխատությունները, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր Իրինա Զոլոտավայի «Դաշնամուրային արվեստի պատմություն» ուսումնամեթոդական ձեռնարկը։ «Ես այն երջանիկներից եմ, ում Էդգար Հովհաննիսյանը վստահեց իր խոհերը, հիշողությունները, և ճանաչեցի որպես ոչ միայն հանճարեղ կոմպոզիտոր, մտավորական, ազնիվ, գործուն, կենսասեր, ակտիվ, խանդավառ անձնավորություն, այլ նաև շատ խոհուն, իմաստուն մտավորական, ասելիք ունեցող անձնավորություն։ Երջանիկ եմ, որ «Կյանքս հուշերում» գրքով կյանքի կոչեցի իր հուշերը, ինչը հետո խթանեց, որ թեկնածուական աշխատանքս նվիրված լինի Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությանը»,- լսում ենք Էդգար Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված 2025 թվականի սեպտեմբերի 23-ի կոնսերվատորիայի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Սոնա Հովհաննիսյան) հետ համատեղ համերգի ներածական խոսքից։ Ծ․ Մովսիսյանի կյանքի ու մասնագիտական ուղու համար արվեստագետի ու քաղաքացու առանձնահատուկ կերպար է մեծանուն տեսաբան ու ընտանիքի ավագ մորեղբայր՝ Նովալիս Դերոյանը։ Զարմուհին ու տեսական գործի ժառանգը նրա անվան ու գործի մի հուշարձան կառուցեց՝ առաջին անգամ ամբողջությամբ ներկայացնելով Նովալիս Դերոյանի հիմնարար տեսական ուսումնասիրությունը, ինքնակենսագրական վիպակն ու գրական-հրապարակախոսական նյութերը։ Որոշիչ է եղել և հայրենական մշակույթի նորագույն պատմության մեկ այլ ականավոր գործչի՝ Լորիս Ճգնավորյանի դերը՝ դեռևս ուսանող Ծովինար Մովսիսյանի կյանքում․ «Այսօրվանից այստեղ պետք է աշխատես, և որևէ առարկություն չեմ ընդունում»,- անվանի դիրիժոր Լորիս Ճգնավորյանն օրեր առաջ կարդացել էր նվագախմբի գործունեության մասին առաջին անդրադարձ հոդվածը։ Հայաստանի պետական ֆիհարմոնիկ նվագախմբի ղեկավարի համար անծանոթ հեղինակը զուգահեռել էր այդ տարիների իրականությունը՝ «օպերային թատրոնի բակում միտինգներն էին, իսկ մեծ դահլիճում՝ նույն մարդիկ երեկոյան գալիս էին համերգների»։ Երաժիշտ-քաղաքացի Լորիս Ճգնավորյանը բարձր էր գնահատել հոդվածագրի մոտեցումը, միանգամից նկատել էր ոչ միայն երաժշտի, այլ արժանապատիվ մարդու կեցվածքն ու հայացքը։ Իր էությամբ վարչական որևէ պաշտոնի չձգտող Ծովինար Մովսիսյանը հրաժարվելու որևէ պատճառաբանություն չէր կարող ներկայացնել նաև 2018 թվականին, երբ կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը հենց նրան առաջարկեց ստանձնել բուհի գիտական գծով պրոռեկտորի գործը։ Անշուշտ, նրա ձգտումը, տարերքը գիտությունն է, արվեստագիտությունը, բայց սկզբունքային հարց է նաև օգտակար լինել հարազատ կոնսերվատորիային, որի կյանքի անբաժան մասնիկն է և գիտի բուհը իր ամբողջ խորությամ։ Շուրջ քառասուն տարի լինել բոլորի անցնող ճանապարհների ականատեսը և վաստակել հեղինակություն, հարգանք ու սեր․ սրանում է 2024 թվականից ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանի՝ որպես հարազատ բուհի ղեկավարի առանձնահատկությունը, և նրա նպատակն է հնարավորինս բարեկարգել, առողջ պահել մեկ դարից ավելի կյանք ունեցող կոնսերվատորիայի կրթական հարցերը, ուսումնական միջավայրն ու բազմամյա ավանդույթը։
🌺 Իսկապես պատվարժան ընտանիքի զավակ է Ծովինար Մովսիսյանը։ Հայրը՝ Հրայր Մովսիսյանը էլեկտրոնային ինժեներ էր, ինչպես հայրենական ու արտերկրի մասնագտետներն էին ասում «լուսավոր գլուխ», ում անսպասելի մահը կորուստ էր ոչ միայն ընտանիքի համար։ Հայրական պապը՝ Գարեգին Մովսիսյանը, Վանից Թիֆլիս գաղթած, ապա Երևանում հաստատված հարգարժան մանկավարժ էր, Ներսիսյան դպրոցն անցած ազգային արմատներին հավատարիմ հայորդի։ Մայրը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, Լաուրա Մուրադյանը, երեսուն տարի Երևանի Թատրոնի և կինոյի ինստիտուտի Արվեստի և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչն է ու վարում է Հայոց լեզվի և հայ գրականության դասընթացը։ Վաստակաշատ գիտնականն ու մանկավարժը նշանակալի ներդրում ունի այդ բուհի գիտակրթական կյանքի զարգացման գործում։ Նա «Հանդես» գիտամեթոդական ժողովածուի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև բազմաթիվ գիտական հոդվածների, մենագրությունների և գրքերի հեղինակ է։ «Գրականագետի և մանկավարժի իր անաչառ հայացքը, սկզբունքայնությունն ու նվիրվածությունը տարիներ շարունակ արժանացել են մեծ գնահատանքի»,- կարդում ենք ինստիտուտի պաշտոնական էջում։
Մայրն ասում է, որ Ծովինար Մովսիսյանը խոսելուց առաջ երգել է, փորձում էր նվագել, մանկուց իր համար այնքան կարևոր էր երաժշտությունը, որ կասկած չկար՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, հատկապես, որ մեծ ընտանիքը մեր երկրին տվել էր նշանակալի երաժիշտներ՝ կլարնետի հայ կատարողական ու մանկավարժական դպրոցի վառ ներկայացուցիչ Աբգար Մուրադյան (մորեղբայրը), ականավոր տեսաբան Նովալիս Դերոյան, ում կինը կդառնա մեր հոբելյարի դաշնամուրի առաջին ուսուցիչը Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ Պ․ Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում սկսում է մասնագիտական կրթությունը տեսական բաժնում։ Բազմավաստակ մանկավարժ Մարիա Արշակովնան (Մարիամ Տոնյան) միանգամից նկատում է շնորհալի աշակերտուհու հակվածությունն ու ուղղում նրա հետաքրքրությունը դեպի երաժշտագիտություն՝ մինչև վերջ հետևելով ու ոգեշնչվելով իր սանի յուրաքանչյուր հաջողությամբ։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ծովինար Մովսիսյանը կրթությունը շարունակում է պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի ղեկավարությամբ։ Այս շրջանը ռեկտոր էդգար Հովհաննսիյանի ղեկավարած ժամանակն էր։ «Սրանք մեր երկրի համար շատ ծանր տարիներն էին․ 1988 թվական, Արցախյան, Անկախության շարժում, Սպիտակի երկրաշարժ, երբ կոնսերվատորիան դարձել է էպիկենտրոն․ ողջ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմն իրենց օգնությունն էին բերում փախստականներին, աղետի գոտուն, երկրաշարժից ավերված տարածքներում մասնակցում էին փրկարարական աշխատանքներին։ Սրանք անմոռանալի տարիներ են, ի դեմս մեր պրոֆեսորների, դասախոսների, տեսնում էինք այնպիսի ինքնազոհաբերություններ, նվիրումի օրինակներ, որ մենք այլ կերպ չէինք կարող մեծանալ, դաստիարակվել, մտածել»,- ընդգծել է Ծովինար Մովսիսյանը Էդգար Հովհաննիսյանի հոբելյանին նվիրված նույն համերգի ներածական խոսքում։
Երաժշտագետի մասնագիտացմամբ սովորելու տարիներին նա զեկուցումներ է ներկայացրել երկրից դուրս՝ Մինսկում, Մոսկվայում, նաև հոդվածներ էր գրում «Արվեստ» ամսագրի համար։ Ծովինար Մովսիսյանի աշխատանքն ու գրիչը նկատելի էր խմբագրությունում, արդյունքում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում ուսանողը դառնում է «Արվեստ»-ի երաժշտության բաժնի խմբագրի թեկնածու։ Այստեղ նա աշխատում է 1989-1992 թվականներին։ Նույն տարում Լորիս Ճգնավորյանից ստանում է նոր առաջարկ՝ աշխատելու Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, որպես երաժշտական խմբագիր։ Ինչքան էլ դժվար լիներ, նա համատեղում է երկու պատասխանատու ծառայություններն ու դիպլոմային աշխատանքը, որն ավարտում է 1989 թվականին, իսկ 1994-ին՝ ապիրանտուրան։ 2011 թվականին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում Ծովինար Մովսիսյանը պաշտպանել է «Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային և սիմֆոնիկ ստեղծագործությունների ոճական առանձնահատկությունները» թեկնածուական ատենախոսությունը։ 1994 թվականից սկսել է դասավանդել կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնում։ Այսօր նա վարում է «Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն» դասընթացը։ Նրա մասնագիտական դասարանն են ավարտում բակալավրական, մագիստրոսական ու ասպիրանտական կրթական ծրագրերն անցնող երաժշտագետ-տեսաբանները, ովքեր պարբերաբար իրենց զեկուցումներով, հրապարակային նյութերով, հետազոտական և ուսուցչական գործով հայ երաժշտագիտության բազմակողմանի գործունեության էական ներկայությունն են ապահովում։ Մանկավարժությանը զուգահեռ գրավոր խոսքի հմտությամբ փորձառու Ծովինար Մովսիսյանը երկար տարիներ իր՝ օգնականի, խորհրդատուի կարևոր աջակցությունն է ունեցել ինչպես գիտական քարտուղար՝ պրոֆեսոր Ժաննա Զուրաբյանի, այնպես էլ ռեկտոր՝ պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի ղեկավարության շրջանում։
Հարգելի հոբելյարի աշխարհն ամբողջական է թատրոնի, գեղանկարչության, կինոարվետի հանդեպ մղումով։ Նա նկարել է վաղ հասակից․ ընտանիքում ու հատկապես մոր համար գնահատելի արժեք են նրա ակվարելային աշխատանքները։ Ծովինար Մովսիսյանի կյանքը լեցուն է ցուցահանդեսների, թանգարանների, պատկերասրահների տարատեսակ իրադարձություններով։ Գեղեցիկին ու պատմությանն իր ձգտումին Ծ․ Մովսիսյանը հաղորդ է դարձնում նաև ուսանողներին՝ սոցիալական կենդանի շփման մշակույթին առնչելով հատկապես թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ծնված սերունդներին։ Նրա մանկավարժական մոտեցումը միայն նեղ մասնագիտական գիտելիք փոխանցելը չի, այլ տեսաբան ու մեծ ուսուցիչ Նովալիս Դերոյանի ավանդույթի ժառանգ լինելու գործուն օրինակը, որտեղ առաջնային է կենդանի, հնչող երաժշտության համալիր ընկալումը։ «Երաժշտական ստեղծագործության ամբողջականության, ստեղծագործական պրոցեսի առեղծվածի բացահայտումը, գեղարվեստական ներգործության և, որպես բարձրագույն դրսևորում՝ գեղագիտական ընկալման խնդիրներն են եղել հետազոտողի ուշադրության առարկան»,- կարդում ենք հայ երաժշտագիտական մտքի վաստակաշատ ներկայացուցիչներից մեկի՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, տեսաբան Նովալիս Դերոյանի «Երկեր» գրքի կազմողի՝ Ծովինար Մովսիսյանի առաջաբանում։
Հ․Գ․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, Երաժշտության տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Ծովինար Մովսիսյանի դիմանկարն ամբողջանում է ևս երեք վրձնարվածով՝ բացառիկ, անմնացորդ մայր՝ դուստրերի համար, ամենամեծ հենարան, զավակ՝ իր մայրիկի համար, անփոխարինելի, հավատարիմ ԾՈՎ-ՄԱՐԴ՝ ընկերների համար։
#ԵՊԿ