23/06/2026
Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի լաբորանտ Սյուզաննա Մելքոնյանը CIMTEC 2026 միջազգային գիտաժողովում հանդես եկավ բանավոր զեկուցմամբ՝ "An Energy-Efficient Route to Compositionally Tunable Nb-Based MXenes" թեմայով։
Զեկուցման ընթացքում ներկայացվեց էներգաարդյունավետ սինթեզի մոտեցում՝ Nb-հիմքով MXene նյութերի կազմը կարգավորելու համար, ինչպես նաև ստացված համակարգերի կառուցվածքային և կիրառական հնարավորությունները։ Աշխատանքը կարևորում է MXene նյութերի ստացման ավելի արդյունավետ և վերահսկելի ուղիների մշակումը՝ առաջավոր ֆունկցիոնալ նյութերի զարգացման համատեքստում։
Հետազոտությունը իրականացվել է Fundação Calouste Gulbenkian հիմնադրամի (360858) և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 24FP-3B026 ծրագրերի ֆինանսավորմամբ։
23/06/2026
Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի գիտաշխատող Նարինե Ամիրխանյանը CIMTEC 2026 միջազգային գիտաժողովում հանդես եկավ բանավոր զեկուցմամբ՝ "Ti₂AlB MAX Phase and MXene Derivative Prepared by Self-Propagating High-Temperature Synthesis" թեմայով։
Զեկուցման ընթացքում ներկայացվեցին բոր պարունակող Ti₂AlB MAX ֆազի և դրա MXene-ածանցյալների ստացման հնարավորությունը բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (SHS) եղանակով, ինչպես նաև ստացված նյութերի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Աշխատանքը ընդգծում է նման համակարգերի հեռանկարները առաջավոր կերամիկական նյութերի և նոր սերնդի բազմաֆունկցիոնալ համակարգերի զարգացման համար։
Հետազոտությունը իրականացվել է H. Hovnanian Family Foundation Armenia հիմնադրամի, ինչպես նաև USET Equipment Grant ծրագրի ֆինանսական աջակցության շրջանակներում։
23/06/2026
Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տիգրան Այվազյանը CIMTEC 2026 միջազգային գիտաժողովում հանդես եկավ բանավոր զեկուցմամբ՝ "Spontaneous Crystallization of Amorphous SiC" թեմայով։
Զեկուցման ընթացքում ներկայացվեցին պոլիմերային ծագում ունեցող ամորֆ սիլիցիումի կարբիդի բյուրեղացման մեխանիզմների ուսումնասիրության արդյունքները, որոնք նոր պատկերացումներ են տալիս SiC-հիմքով կերամիկական նյութերի կառուցվածքի նպատակային կառավարման և դրանց հատկությունների օպտիմալացման հնարավորությունների վերաբերյալ։
Աշխատանքն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող No. 24-2PTS-1D017 և No. 23AA-1D026 գիտական նախագծերի շրջանակներում։
23/06/2026
Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի Դժվարահալ նյութերի գիտական խմբի ղեկավար Մարիետա Զաքարյանը CIMTEC 2026 միջազգային գիտաժողովում հանդես եկավ բանավոր զեկուցմամբ՝ "Kinetic Modeling of (Hf,Nb,Ta,Ti,Mo)B₂ Formation: Insights from Linear Heating Experiments" թեմայով։
Զեկուցման շրջանակում ներկայացվեցին բարձր-էնտրոպիական դիբորիդների առաջացման կինետիկական օրինաչափությունների ուսումնասիրության արդյունքները, որոնք ստացվել են գծային տաքացման պայմաններում իրականացված փորձերի և մաթեմատիկական մոդելավորման միջոցով։ Հետազոտությունը նպաստում է գերբարձր ջերմաստիճանային կերամիկական նյութերի սինթեզի մեխանիզմների խորքային ըմբռնմանը և դրանց ստացման գործընթացների օպտիմալացմանը։
Աշխատանքն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող № 24WS-2F013 գիտական ծրագրի շրջանակներում։
23/06/2026
📍 Հունիսի 15-19-ը Իտալիայի Պերուջա քաղաքում կայացած հեղինակավոր միջազգային CIMTEC 2026 - 16th International Ceramics Congress գիտաժողովին մասնակցեցին Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի չորս ներկայացուցիչներ՝ հանդես գալով բանավոր զեկուցումներով։
CIMTEC-ը կերամիկայի ամենահեղինակավոր միջազգային գիտաժողովներից է, որը միավորում է տարբեր երկրների առաջատար գիտնականներին։ Այն բացառիկ հարթակ է գիտական նորարարությունների ներկայացման և միջազգային համագործակցությունների ձևավորման համար։
Առանձնահատուկ արժեքավոր էին հանդիպումները աշխարհի տարբեր գիտական կենտրոններից ժամանած բարձր գիտաչափական ցուցանիշներ և մեծ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների հետ, որոնց հետ քննարկվեցին գիտական համագործակցության և համատեղ հետազոտությունների հնարավորությունները։ Նման շփումները կարևոր դեր ունեն հայ գիտության միջազգային տեսանելիության բարձրացման և նոր գործընկերությունների ձևավորման գործում։
Գիտաժողովի շրջանակներում գիտաշխատողները նաև ներկա գտնվեցին International Academy of Ceramics-ի նոր անդամների ընդունելության պաշտոնական միջոցառմանը։
Լաբորատորիայի կողմից ներկայացված զեկուցումների մասին կներկայացնենք առանձին հրապարակումներով։
17/06/2026
🧪 ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, Ֆարմացիայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. հունիսի 8-10-ը անցկացվեց «Քիմիայի մոլ-2026» գիտության դպրոցը։
Գիտական դպրոցի շրջանակում ՊՖՌՄ լաբորատորիայի վարիչ Սոֆիյա Այդինյանը ներկայացրեց «Բարձր-էնտրոպիական նյութեր» թեմայով զեկուցում։
Միջոցառումը համախմբեց տարբեր երկրների երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների, ինչպես նաև ավագ դպրոցի աշակերտների՝ ստեղծելով գիտելիքների փոխանակման և նոր համագործակցությունների զարգացման հարթակ։
Աշխատանքը ֆինանսավորվել է Beethoven Project ծրագրի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի
23LCG-2F001 և 24FP-3B026 ծրագրերի միջոցով։
Շնորհակալություն կազմակերպիչներին՝ գիտության տարածման և երիտասարդ սերնդի ներգրավման համար։
13/06/2026
Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը, որի ընթացքում լաբորատորիայի ուսանողներ Մարիամ Պապիկյանը և Ժան Սարգսյանը ներկայացրեցին K₀,₅Na₀,₅NbO₃ (KNN) կապար չպարունակող հեռանկարային պիեզոէլեկտրական նյութերին նվիրված իրենց գրականական ուսումնասիրության արդյունքները։
Մարիամ Պապիկյանն իր զեկույցում ներկայացրեց պիեզոէլեկտրականության երևույթի ֆիզիկական հիմքերը, դրա գնահատման մեթոդները և կիրառական նշանակությունը՝ որպես էկոլոգիապես անվտանգ պիեզոէլեկտրական կերամիկայի խոստումնալից ներկայացուցիչ։
Ժան Սարգսյանն անդրադարձավ K₀,₅Na₀,₅NbO₃-ի ստացման առավել տարածված մեթոդներին՝ ներկայացնելով դրանց առանձնահատկությունները, առավելություններն ու սահմանափակումները։
Ուսանողների ակտիվ ներգրավվածությունը լաբորատորիայի գիտական գործունեության մեջ կարևոր բաղադրիչ է նոր գիտնականների ձևավորման ճանապարհին։ Նման սեմինարները հնարավորություն են տալիս զարգացնել գիտական մտածողությունը, ներկայացման հմտությունները և հետազոտական աշխատանքի նկատմամբ հետաքրքրությունը՝ խթանելով երիտասարդների մասնակցությունը ժամանակակից նյութագիտության արդիական ուղղություններին։
02/06/2026
📢 Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի գիտաշխատողների երկու նոր հոդվածներ հրապարակվել են International Journal of Self-Propagating High-Temperature Synthesis ամսագրում։
🔬 Աշխատանքներից մեկում ուսումնասիրվել է լուծույթների այրմամբ սինթեզի (Solution Combustion Synthesis) եղանակով մանգանի ֆերիտի (MnFe2O4) սինթեզը։ Հետազոտության արդյունքում ստացվել է բարձր մաքրության, նանոկառուցվածքային և արտահայտված ֆերիմագնիսական հատկություններով նյութ։ Մանրամասն վերլուծվել է վառելիք-օքսիդիչ հարաբերակցության ազդեցությունը պրոցեսի ընթացքի, այրման դինամիկայի և ստացված նյութի վերջնական հատկությունների վրա։
🔥 Երկրորդ աշխատանքը նվիրված է TiC-ով ամրացված էնտրոպիայով կայունացված կոմպոզիտների ստացմանը՝ բարձր ջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (SHS) և կայծապլազմային եռակալման (SPS) համակցմամբ։ Արդյունքները ցույց են տալիս, որ ստացված բարձր ռեակցիոնունակությամբ փոշիները հնարավորություն են տալիս ստանալ խիտ, միատարր կոմպոզիտներ, որտեղ TiC-ի մանր մասնիկները հավասարաչափ բաշխված են մետաղական մատրիցայում՝ զգալիորեն բարելավելով կառուցվածքային և մեխանիկական հատկությունները։