21/08/2026
✅ Ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
Օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորմամբ առկա անվճար ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ներկա էին Կրթահամալիրի ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ․ Մարկոսյանը, ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ղեկավարությունը, շրջանավարտները և վերջիններիս ծնողները:
Մ․ Մարկոսյանը Կրթահամալիրի ղեկավարության անունից շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց գիտելիքները կծառայեցնեն ի բարօրություն Հայաստանի Հանրապետությանը և հանրայի անվտանգության ապահովմանը, իսկ իրենց մասնագիտական ուղին կուղեկցվի արժանապատիվ ծառայությամբ ու անբասիր հեղինակությամբ։
Կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Ա․ Ավագյանն ընթերցեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ – ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գեներալ-մայոր Կ․ Ցուցուլյանի հրամանը՝ շրջանավարտներին պաշտոնների նշանակելու և կոչումներ շնորհելու վերաբերյալ։
Տասնութ շրջանավարտներից 3-ն ստացան գերազանցության դիպլոմ:
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ գերազանցության դիպլոմակիր Վարյա Մաթևոսյանը։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական վերելքներ:
Ավելին՝ https://edupolice.am/news/view/diplomnerihandznum210826.html
21/08/2026
✅ Հայտնի են ընդունելության արդյունքները
2026 թվականի օգոստոսի 17-20-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության ստուգումները։ 60 դիմորդ մասնակցել է hայոց լեզվի, ֆիզիկական պատրաստականության և մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումներին։ Արդյունքում՝ Կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկանության սպա» որակավորմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով 35 դիմորդ համալրեց սովորողների շարքերը։
Ընդունված դիմորդները 2026 թվականի օգոստոսի 24- 26-ի առավոտյան ժամը 10։00-ից մինչև 17։00-ն անձնագրով և նույնականացման քարտով (անչափահասները ներկայանան ծնողների հետ, ծնողները՝ անձնագրով) պետք է ներկայանան Կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։
Ավելին՝ https://edupolice.am/news/view/finalresults210826.html
17/08/2026
📌 ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ընդունելության ստուգումները
Oգոստոսի 17-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորմամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության 56 դիմորդների հայոց լեզվի ստուգումը։ Հայոց լեզվի ստուգումը հաղթահարած 55 դիմորդները կմասնակցեն մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգմանը։
Ավելին՝ https://edupolice.am/news/view/texekanqsayt170826.html
03/08/2026
✅ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Հյուրընկալող երկրի (Host Nation Support) կապի սպաների վերապատրաստում
ԵՄ կողմից ֆինանսավորվող EU-RESPOND դրամաշնորհային ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին և 30-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց Հյուրընկալող երկրի (Host Nation Support, HNS) կապի սպաների վերապատրաստումը։
Վերապատրաստման նպատակն էր զարգացնել միջազգային օգնության ընդունման և համակարգման ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունները, ինչպես նաև նախապատրաստել մասնակիցներին 2026 թվականի հոկտեմբերին նախատեսվող Host Nation Support Table-Top Exercise (HNS TTX) հրամանատարաշտաբային վարժանքին։
Վերապատրաստմանը մասնակցում էին շահագրգիռ պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման, քաղաքացիական պաշտպանության և միջազգային համագործակցության գործընթացներում։
Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/eurespond030826.html
31/07/2026
✅ Կրթահամալիրում ընդունել են Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին և միջազգային փորձագետին
Հուլիսի 30-ին ՆԳՆ կրթահամալիրի պրոռեկտոր Միսակ Մարկոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) ներկայացուցիչներին և կազմակերպության կողմից ներգրավված միջազգային փորձագետին։
Հանդիպումը կայացավ IOM-ի կողմից կազմակերպվող և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանի իշխանությունների կարողությունների ամրապնդում սահմանային անվտանգության և հանցագործությունների կանխարգելման ոլորտում» ծրագրի շրջանակում։
Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/internationalexpertiom310726.html
28/07/2026
✅ DCAF-ի գործընկերների հետ քննարկվել են սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի իրականացման ուղղությունները
Հուլիսի 27-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանն ընդունեց Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կրթահամալիրում նախատեսվող սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրման և իրականացման հարցերը։ Մասնակիցներն անդրադարձան կրթական ծրագրի մշակմանը, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև ոլորտի միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորություններին։
Անթյե Ֆրիցը ներկայացրեց հանդիպմանը մասնակցող փորձագետներին՝ ընդգծելով, որ նրանք ունեն սահմանապահ ծառայողների կրթության և վերապատրաստման ոլորտում բազմամյա միջազգային փորձ և պատրաստակամ են մասնագիտական ու մեթոդաբանական աջակցություն ցուցաբերել ծրագրի մշակման և իրականացման բոլոր փուլերում՝ նպաստելով դրա համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և լավագույն փորձին։
Մանուկ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց DCAF-ին շարունակական համագործակցության, ինչպես նաև նախաձեռնության իրականացման գործում ցուցաբերվող պատրաստակամության և աջակցության համար՝ կարևորելով նման գործընկերության դերը Կրթահամալիրի կրթական կարողությունների զարգացման և սահմանապահ ծառայողների պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորման գործում։
27/07/2026
✅ ԱՄՆ DTRA պատվիրակության այցը ՀՀ ՆԳՆ կրթահամալիր. քննարկվել են սահմանապահ ծառայողների կրթության զարգացման հեռանկարները
Հուլիսի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հյուրընկալվեց ԱՄՆ Պաշտպանության նախարարության Վտանգների նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency – DTRA) Գլոբալ վտանգների նվազեցման տնօրինության Եվրոպայի և Աֆրիկայի վարչության պետի պաշտոնակատար Ռիչարդ Սպենսերի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակությանը ողջունեց Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ով ներկայացրեց Կրթահամալիրի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող կրթական ծրագրերը և զարգացման առաջնահերթությունները։ Ռեկտորն առանձնակի անդրադարձ կատարեց Կրթահամալիրում սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության կազմակերպման նախաձեռնությանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ ներկայումս իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ։ Մասնավորապես, մշակվում են համապատասխան կրթական չափորոշիչները, ձևավորվում է ուսումնական բազան, ինչպես նաև նախատեսվում է ստեղծել սահմանային վերահսկողության գործընթացների իրական պայմաններին մոտ սիմուլյացիոն ուսումնական միջավայր։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանապահ ծառայողների կարողությունների զարգացմանը, ուսումնական գործընթացում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը և միջազգային լավագույն փորձի կիրառմանը։
Ավելին՝ https://edupolice.am/news/view/usdelegation270726.html
24/07/2026
✅ Երեխաների հարցաքննության համար նախատեսված հատուկ տիկնիկներ՝ ՀՕՖ-ի «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնին»
Հուլիսի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչները՝ պրոռեկտոր Է․ Մարգարյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնում»։
Այցի շրջանակում Կրթահամալիրը կենտրոնին նվիրաբերեց երեխաների հարցաքննության համար նախատեսված հատուկ տիկնիկներ։
Հատուկ տիկնիկները նախատեսված են երեխաների հետ հարցաքննության և հաղորդակցության գործընթացում կիրառելու համար։ Դրանք մասնագետներին հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը երեխաների հետ՝ հաշվի առնելով նրանց տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, նպաստում են երեխայի համար ավելի անվտանգ և վստահելի միջավայրի ձևավորմանը։
Կրթահամալիրը տիկնիկների երկու լրակազմ ստացել էր Չեխիայի Հանրապետության քրեական ոստիկանության և հետաքննության ծառայության բյուրոյի փորձագետներից՝ Կրթահամալիրում իրականացված «18 տարին չլրացած անձի հարցաքննությունը հատուկ սենյակում» թեմայով խորացված վերապատրաստման դասընթացի շրջանակում։
Կարևորելով ստացված մասնագիտական գործիքների նպատակային կիրառումը՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը որոշեց տիկնիկների մեկ լրակազմ փոխանցել «Մարդիգյան երեխաների պաշտպանության կենտրոնին», որի գործունեության հիմնական ուղղություններից է երեխաների պաշտպանության և տուժած երեխաների աջակցության ապահովումը։ https://www.edupolice.am/news/view/hof240726.html