ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ

ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ

Share

Welcome to the official page of the International Relations Department of ANAU.

International Relations Department is one of the units of Armenian National Agrarian University, which implements ANAU international cooperation in education, science and consulting industries. Armenian National Agrarian University has adopted to bring the university to international recognition, integration in the area of international higher education, leading research and advisory services prov

26/08/2026

🎓 Ամբողջությամբ ֆինանսավորվող PhD կրթաթոշակներ Իտալիայում

Հիանալի հնարավորություն գյուղատնտեսական ճարտարագիտության, ռոբոտաշինության, ավտոմատացման, մեխատրոնիկայի, ֆոտովոլտային համակարգերի և հարակից ոլորտների մասնագետների համար։

Իտալիայի Սասսարիի համալսարանի Գյուղատնտեսության դեպարտամենտը առաջարկում է 2 լիովին ֆինանսավորվող PhD կրթաթոշակ՝ 3 տարի տևողությամբ՝ Գյուղատնտեսական գիտությունների PhD ծրագրի շրջանակում հետևյալ թեմաներով․

🔹 Թեմա 1. Գյուղատնտեսության մեջ խելացի և կայուն մեքենայացման համար ցամաքային ռոբոտային համակարգերի մշակում և վավերացում։

🔹 Թեմա 2. Ռոբոտաշինության և ագրիվոլտաիկ համակարգերի միջև սիներգիաներ՝ կայուն արտադրության օպտիմալացման նպատակով։

⏰ Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2026թ-ի սեպտեմբերի 8։

📄 Պաշտոնական հայտարարությունը, հավելվածները և դիմելու կարգը հասանելի են համալսարանի կայքում՝
https://www.uniss.it/it/bandi/ammissione-al-42deg-ciclo-dei-corsi-di-dottorato-di-ricerca

📍 Երկու կրթաթոշակներն էլ ներկայացված են հավելված 1-ի 17-րդ էջում։

📩 Հետաքրքրված ուսանողներին, հետազոտողներին և մասնագետներին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ պաշտոնական հայտարարությանը և դիմել սահմանված ժամկետում։

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 25/08/2026

Մեր առաջին, բայց, համոզված ենք, ոչ վերջին փոխանակման ծրագիրը…
Երբ առաջին անգամ տեսանք Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ուսումը Հռոմի Սապիենցայի համալսարանում շարունակելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը, շատ ոգևորվեցինք։ Դժվար էր պատկերացնել, որ մի քանի ամիս անց իսկապես հնարավորություն կունենանք մեկ կիսամյակ սովորելու Իտալիայում, ապրելու նոր միջավայրում և ծանոթանալու տարբեր մշակույթների ու մարդկանց հետ։
Տարբեր երկրներից ժամանած ուսանողները, նրանց ակտիվությունն ու համալսարանի ընդհանուր մթնոլորտը մեզ շատ էին ոգեշնչում։ Գրադարանները գրեթե միշտ լի էին ուսանողներով, իսկ դասերի ընթացքում ծավալվող ակտիվ քննարկումները լրացուցիչ մոտիվացնում էին մեզ սովորել, զարգանալ և ներգրավվել ուսումնական գործընթացում։
Փոխանակման ծրագիրը մեզ հնարավորություն տվեց ծանոթանալու Հայաստանից տարբերվող համալսարանական համակարգին։ Յուրաքանչյուր դասախոս ուներ դասավանդման, գնահատման, թիմային աշխատանքների և քննությունների կազմակերպման իր մոտեցումը։ Սկզբում այդ տարբերություններին հարմարվելը հեշտ չէր, սակայն ժամանակի ընթացքում սովորեցինք ավելի ինքնուրույն լինել, ճկուն մոտեցում ցուցաբերել և արագ հարմարվել նոր իրավիճակներին։
Մեզ հատկապես դուր եկավ դասերի գործնական կողմը։ Օրինակ՝ International Marketing Management դասընթացի շրջանակում դասախոսը պարբերաբար հրավիրում էր Իտալիայի տարբեր հայտնի կազմակերպությունների մարքեթինգի ոլորտի մասնագետների։ Նրանք կիսվում էին իրենց աշխատանքային փորձով, պատմում մասնագիտական հաջողությունների և հանդիպած դժվարությունների մասին։ Մեզ համար հատկապես հետաքրքիր էր տեսնել տեսական և գործնական գիտելիքների կապը, ծանոթանալ ոլորտի մասնագետների իրական փորձին և անմիջապես նրանց հարցեր ուղղելու հնարավորություն ունենալ։
Մեզ համար կարևոր էր նաև մշակութային փոխանակումը։ Հռոմում ծանոթացանք տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ, որոնց հետ պարբերաբար կիսվում էինք մեր մշակույթով և ավանդույթներով։ Միևնույն ժամանակ ծանոթացանք նաև Իտալիայում սովորող հայ ուսանողների և հայկական համայնքի հետ, մասնակցեցինք համայնքային միջոցառումներին, իսկ Նարեկացու տոնի առթիվ՝ նաև Նեապոլի ուխտագնացությանը։ Այս ամենը մեզ համար շատ հիշարժան էր և հնարավորություն տվեց ոչ միայն բացահայտելու նոր մշակույթներ, այլև ներկայացնելու մեր մշակույթն ու ավանդույթները։
Արտերկրում ապրելը մեզ սովորեցրեց ավելի ինքնուրույն լինել, արագ հարմարվել նոր միջավայրին և ավելի վստահել սեփական ուժերին։ Միաժամանակ ձեռք բերեցինք նոր ընկերներ ու կապեր, որոնք, վստահ ենք, կպահպանվեն ամբողջ կյանքի ընթացքում։
Այս վեց ամիսներն առանձնահատուկ էին նաև նրանով, որ այս ամբողջ ճանապարհը միասին անցանք՝ կիսելով թե՛ դժվարությունները, թե՛ ուրախ պահերն ու նոր փորձառությունները։ Այս ընթացքում ոչ միայն ձեռք բերեցինք նոր մասնագիտական փորձ, այլև ավելի լավ ճանաչեցինք միմյանց և ստեղծեցինք ամուր ընկերություն։
Վերջում ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Erasmus+ ծրագրին այս հնարավորության համար, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի անձնակազմին՝ ողջ ընթացքում մեզ ուղղորդելու և աջակցելու համար։
Այս փորձառությունից վերադարձանք ոչ միայն նոր գիտելիքներով ու մասնագիտական փորձով, այլև նոր ծանոթություններով, հիշողություններով և աշխարհին ավելի լայն տեսանկյունից նայելու նոր հնարավորությամբ։
Եվ հենց այդ պատճառով սա մեր առաջին, բայց, համոզված ենք, ոչ վերջին փոխանակման ծրագիրն էր։

Սյուզն Համբարձումյան
Տիգրան Գրիգորյան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ագրոբիզնեսի և ֆինանսների ֆակուլտետ

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 17/08/2026

Իմ փորձառությունը Գայզենհայմի համալսարանում

Ես Նանե Կոստանդյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտության առկա ուսուցման 3-րդ կուրսի ուսանողուհի։ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում 10 ամիս ուսանել եմ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում։
Գայզենհայմում անցկացրած այս տասն ամիսներն իմ կյանքի ամենաարժեքավոր և հիշարժան փուլերից էին։ International Wine Business ծրագրի շրջանակներում ես հնարավորություն ունեցա ոչ միայն խորացնել իմ մասնագիտական գիտելիքները գինեգործության և գինու բիզնեսի ոլորտում, այլև զարգանալ որպես անհատ՝ ձեռք բերելով նոր փորձ, հմտություններ և միջազգային կապեր։
Ուսման ընթացքում մասնակցել եմ բազմաթիվ դասընթացների և վարպետության դասերի, որոնք վարում էին ոլորտի ճանաչված մասնագետներն ու փորձագետները։ Այդ հանդիպումները հնարավորություն տվեցին ծանոթանալ գինեգործության ժամանակակից միտումներին, միջազգային շուկաների առանձնահատկություններին, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների գինեգործական մշակույթներին։ Տեսական գիտելիքները համադրվում էին գործնական աշխատանքների, գինու համտեսների և արտադրական այցերի հետ, ինչն ուսուցման գործընթացը դարձնում էր առավել արդյունավետ և հետաքրքիր։ Դաընթացներ են անցկացվել ոչ միայն Գերմանիայում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ մասնավորապես այցելություն ենք ունեցել Ֆրանսիայի Շամպայն գինեգործական ռեգիոն, որտեղ եղել ենք հայտնի փրփրուն գինու ամենանշանավոր գործարաններում (Champagne Houses)։
Այս տասն ամիսների ընթացքում ես հանդիպեցի և ընկերացա աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ։ Մեր համատեղ ուսումը, ճամփորդությունները, մշակութային միջոցառումներն ու առօրյա շփումները դարձան անմոռանալի հիշողություններ։ Այդ բազմազգ միջավայրում ես սովորեցի ավելի լավ տիրապետել տարբեր մշակույթների առանձնահատկություններին, դրսևորվել բազմազան թիմերում և գնահատել միջազգային համագործակցության կարևորությունը։ Այս փորձը մեծապես նպաստեց իմ հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։
Իմ փորձառության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Գերմանիայի ամենահայտնի և պատմական գինեգործարաններից մեկում՝ Շլոս Յոհաննեսբերգում (Schloss Johannisberg) աշխատելու հնարավորությունն էր։ Այն համարվում է Ռիզլինգ (Riesling) խաղողի հայրենիքը և համաշխարհային գինեգործության պատմության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։ Այնտեղ աշխատելով՝ ես հնարավորություն ունեցա ներսից ծանոթանալ բարձրակարգ գինեգործական տնտեսության աշխատանքային գործընթացներին, սպասարկման բարձր մշակույթին, ինչպես նաև հասկանալ, թե ինչպես են համատեղվում բազմադարյա ավանդույթներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Այս փորձը զգալիորեն հարստացրեց իմ մասնագիտական գիտելիքները և օգնեց ավելի լավ պատկերացնել իմ ապագա կարիերայի ընթացքը։
Բացի մասնագիտական ձեռքբերումներից, Գերմանիայում անցկացրած ժամանակահատվածը ինձ սովորեցրեց լինել ավելի ինքնուրույն, պատասխանատու և ճկուն։ Ապրելով նոր երկրում՝ ես ձեռք բերեցի կարևոր կենսափորձ, բարելավեցի օտար լեզուների իմացությունը և ավելի վստահ դարձա նոր մարտահրավերներ հաղթահարելու հարցում։

Վստահ կարող եմ ասել, որ Գայզենհայմի համալսարանում անցկացրած այս տասն ամիսները մեծ ազդեցություն ունեցան ինչպես իմ մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացման վրա։ Այս փորձառությունն ինձ տվեց արժեքավոր գիտելիքներ, միջազգային փորձ, նոր ընկերներ և հիշողություններ, որոնք կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Համոզված եմ, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կարևոր դեր կունենան իմ հետագա մասնագիտական գործունեության և զարգացման ճանապարհին։

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 14/08/2026

Erasmus+ Summer School 2026․ միջազգային կրթական և մշակութային փորձառություն Ալմերիայի համալսարանում

2026 թվականի հուլիսի 6–31-ը մասնակցել եմ Իսպանիայի Ալմերիայի համալսարանում անցկացված Erasmus+ Summer School 2026 ծրագրին։ Ծրագրի շրջանակում հուլիսի 6–17-ը դասերն անցկացվել են առկա ձևաչափով, իսկ հուլիսի 25–31-ը՝ առցանց՝ virtual sessions ձևաչափով։
Ծրագրի ընթացքում ուսումնասիրել եմ «Applied Entrepreneurship: From Idea to Market», «Writing Across Borders», «Project Management for NGOs» և «Digital Culture and Literacy: Who Owns the Digital Sphere» առարկաները։ Դասընթացները հնարավորություն տվեցին ընդլայնելու մասնագիտական գիտելիքներս, ծանոթանալու նոր մոտեցումների և զարգացնելու տարբեր ոլորտներում կիրառելի հմտություններ։
Առկա ուսուցման ավարտից հետո ծրագրի պահանջների համաձայն մասնակցել եմ խմբային նախագծի՝ «Applied Entrepreneurship: From Idea to Market» առարկայի շրջանակում։ Մեր թիմը ներկայացնում էր իմ թիմակից Պակոյի առողջ սննդի բիզնես գաղափարը, որի նպատակն էր առողջ սննդի արտադրանքի մատակարարումը մարզասրահներին։ Նախագծի ընթացքում անցկացրել ենք հարցազրույցներ, վերլուծել բիզնես գաղափարը, գնահատել դրա ուժեղ և թույլ կողմերը և մշակել առաջարկություններ դրա հետագա զարգացման համար։ Թիմային աշխատանքը շարունակվել է նաև առցանց ձևաչափով՝ virtual sessions-ի ընթացքում, ինչը հնարավորություն տվեց պահպանելու համագործակցությունը և շարունակելու նախագծի զարգացումը տարբեր երկրներից միացած թիմակիցների հետ։
Դասերից բացի, ծրագիրն ինձ համար բացառիկ հնարավորություն էր տարբեր երկրների ուսանողների հետ ծանոթանալու և շփվելու համար։ Մենք բնակվում էինք Ալմերիայի համալսարանի կողմից առաջարկված RESA Civitas ուսանողական հանրակացարանում, որտեղ ամենօրյա շփումը տարբեր մշակույթներ ներկայացնող երիտասարդների հետ ստեղծում էր յուրահատուկ միջազգային միջավայր։ Այս փորձը նպաստեց ոչ միայն նոր ընկերությունների ստեղծմանը, այլև տարբեր երկրների մշակույթների, սովորույթների և մտածելակերպի ավելի լավ ճանաչմանը։ Հատկապես ուրախալի է, որ նոր ձեռք բերած ընկերներիցս մի քանիսն արդեն ցանկություն են հայտնել այցելել Հայաստան։
Ծրագրի ընթացքում հնարավորություն ունեցանք նաև զգալու Իսպանիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության շուրջ ստեղծված տոնական մթնոլորտը։ Դասերից հետո միասին հետևում էինք հանդիպումներին և կիսում տեղի բնակիչների ու ուսանողների ոգևորությունն ու ուրախությունը, հատկապես Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո։ Այսպիսի պահերը ևս մեկ անգամ ընդգծեցին միջազգային միջավայրում շփման և տարբեր մշակույթների հետ անմիջական հաղորդակցության արժեքը։
Այս ծրագիրը դարձավ կարևոր փորձառություն իմ անձնական և մասնագիտական զարգացման ճանապարհին։ Այն հնարավորություն տվեց ամրապնդելու արդեն ունեցած գիտելիքներս, ձեռք բերելու նոր հմտություններ, աշխատելու միջազգային թիմում, զարգացնելու հաղորդակցման և համագործակցության կարողություններս, բարելավելու անգլերենի իմացությունը և ընդլայնելու աշխարհայացքս՝ ծանոթանալով տարբեր երկրների մշակույթներին ու կրթական փորձին։
Անչափ շնորհակալ եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Ալմերիայի համալսարանին և Erasmus+ ծրագրին՝ ինձ այս բացառիկ հնարավորությունը ընձեռելու համար։ Այս փորձառությունն ինձ դարձրեց ավելի ինքնուրույն, պատասխանատու և վստահ սեփական ուժերիս նկատմամբ, ինչպես նաև նոր մոտիվացիա տվեց հետագա կրթական և մասնագիտական զարգացման համար։

Շահումյան Լիլիթ
ՀԱԱՀ, Ագրոբիզնեսի դեպարտամենտի 3-րդ կուրսի ուսանողուհի

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 27/07/2026

Էրազմուսյան «օրգանական» պրակտիկա

Մենք՝ ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներ Մարիա Կրտիկաշյանս և Նարեկ Մուսինյանս Erasmus+ ծրագրի շրջանակում 2026 թվականի մայիս-հուլիս ամիսներին մասնակցեցինք մասնագիտական պրակտիկայի Պորտուգալիայի Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Պրակտիկան իրականացվեց վերոհիշյալ երկու հաստատությունների համագործակցության շրջանակներում՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների մասնագիտական կարողությունները, խորացնել օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքները և հնարավորություն ընձեռել ծանոթանալու եվրոպական առաջատար փորձին։

Պրակտիկայի ընթացքում մենք հնարավորություն ունեցանք համատեղելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները իրական արտադրական փորձի հետ։ Այցելեցինք Վիզեու շրջանի մի քանի օրգանական տնտեսություններ, մասնակցեցինք գյուղատնտեսական աշխատանքների տարբեր փուլերին և անմիջականորեն ծանոթացանք օրգանական արտադրության կազմակերպման առանձնահատկություններին։
Մեր առաջին այցելություններից մեկը «Ecoseiva Organic Farm»-ն էր, որտեղ ծանոթացանք օրգանական բանջարեղենի արտադրության համակարգին։ Տնտեսությունում մասնակցեցինք տարբեր մշակաբույսերի բերքահավաքին, հողի մշակման աշխատանքներին, սերմերի տնկմանը, ինչպես նաև բերքի տեսակավորման և փաթեթավորման գործընթացներին։ Այս տնտեսությունում հատկապես կարևոր էր հասկանալ հողի առողջության պահպանման նշանակությունը օրգանական գյուղատնտեսության մեջ։ Համոզվեցինք, որ օրգանական արտադրությունը հիմնված է ոչ միայն բերք ստանալու, այլև հողի կենսաբանական ակտիվության պահպանման, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վրա։

Հաջորդ կարևոր փորձառությունը «Lafobio» օրգանական տնտեսությունում էր, որտեղ մասնակցեցինք օրգանական եղանակով աճեցվող կարտոֆիլի բերքահավաքին, ինչպես նաև ջերմատնային տնտեսությունում իրականացվող աշխատանքներին։ Ծանոթացանք լոլիկի մշակության առանձնահատկություններին, բույսերի խնամքի մեթոդներին և օրգանական արտադրության կառավարման մոտեցումներին։

«Organic Blueberry Farm»-ում մասնակցեցինք օրգանական հապալասի բերքահավաքին։ Այս փորձը մեզ հնարավորություն տվեց հասկանալու, որ բարձրորակ գյուղատնտեսական արտադրանքի ստացման համար կարևոր են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև յուրաքանչյուր աշխատանքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը, ճշգրտությունը և պատասխանատու վերաբերմունքը։ Հատկապես նման մշակաբույսերի դեպքում բերքահավաքի ճիշտ կազմակերպումը մեծ ազդեցություն ունի վերջնական արտադրանքի որակի պահպանման վրա։
Պրակտիկայի շրջանակում այցելեցինք նաև «Quinta Pedra Cancela» օրգանական խաղողի այգի և գինեգործարան, որտեղ ծանոթացանք խաղողագործության և գինու արտադրության առանձնահատկություններին։ Ուսումնասիրեցինք խաղողի այգիների կառավարման սկզբունքները, մշակության մեթոդները և այն գործընթացները, որոնց միջոցով գյուղատնտեսական հումքը վերածվում է բարձրարժեք վերջնական արտադրանքի։
Այցելեցինք նաև օրգանական բրնձի և եգիպտացորենի արտադրությամբ զբաղվող տնտեսություններ, ծանոթացանք մշակաբույսերի աճեցման առանձնահատկություններին և օրգանական գյուղատնտեսական մոտեցումներին։
Պրակտիկայի ընթացքում ունեցանք նաև կարևոր միջազգային կրթական փորձառություն․ 2026 թվականի հուլիսի 21-22-ին Գերմանիայում մասնակցեցինք IFOAM – Organics Europe Youth Days 2026 միջոցառմանը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչներ։ Միջոցառումը միավորել էր օրգանական գյուղատնտեսության ոլորտի առաջատար մասնագետներին և երիտասարդ ներկայացուցիչներին տարբեր երկրներից, որը հնարավորություն տվեց քննարկելու ոլորտի զարգացման ժամանակակից ուղղությունները, փոխանակելու փորձ և ձևավորելու միջազգային կապեր։ Այս մասնակցությունը մեզ համար կարևոր քայլ էր ոչ միայն մասնագիտական գիտելիքների ընդլայնման, այլև Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտը միջազգային միջավայրում ներկայացնելու տեսանկյունից։
Ամփոփելով հավելենք, որ ողջ պրակտիկան մեզ համար դարձավ արժեքավոր միջազգային փորձ, որի ընթացքում տեսանք, թե ինչպես են տարբեր երկրներում օրգանական գյուղատնտեսության սկզբունքները կիրառվում իրական արտադրության մեջ։
Մեզ համար հատկապես կարևոր է այն փաստը, որ այս փորձը չի սահմանափակվում միայն մեր անձնական մասնագիտական զարգացմամբ։ Վերադառնալով Հայաստան՝ նպատակ ունենք մեր ձեռք բերած գիտելիքները, գործնական հմտություններն ու միջազգային փորձը կիրառել հայրենիքում՝ նպաստելով օրգանական գյուղատնտեսության զարգացմանը և ոլորտում նորարարական մոտեցումների տարածմանը։

Համոզված ենք, որ տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ապագայի զարգացման համար։ Եվրոպական փորձը՝ տեղական պայմանների հետ համադրելով, կարող է նպաստել ավելի կայուն, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսական համակարգերի ձևավորմանը։

Մարիա Կրտիկաշյան և Նարեկ Մուսինյան
ՀԱԱՀ մագիստրանտներ

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 21/07/2026

Էրազմուսյան շարժունություն անտառագիտության ոլորտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունության ծրագիրը հրաշալի հնարավորություն էր ընձեռել ինձ, որպես ՀԱԱՀ Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս՝ ս․թ․ հունիսի 22-ից 26-ը դասավանդման և ճանաչողական այցով գտնվել Հունաստանի Կարդիցա քաղաքում տեղակայված Թեսալիայի համալսարանի Անտառագիտության, փայտի տեխնոլոգիաների և դիզայնի դեպարտամենտում։
Այցիս ընթացքում առանցքային նշանակություն ունեցավ հանդիպումը դեպարտամենտի պրոֆեսոր Գեորգիոս Նտալոսի հետ։ Ջերմ և կառուցողական քննարկումների ընթացքում նախանշեցինք անտառային ոլորտի կրթական ծրագրերի զարգացման, ինչպես նաև գիտակրթական համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները։ Մասնավորապես, քննարկեցինք մեր համալսարանում գործող «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում» մասնագիտական ուղղության և հունական կողմի անտառագիտական ու փայտամշակման ծրագրերի փոխադարձ կապերն ու փորձի տեղայնացման հնարավորությունները։
Ուրախությամբ պետք է փաստեմ, որ հանդիպման արդյունքում ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն փոխադարձ այցելությունների կազմակերպման, ինչպես նաև համատեղ գիտական ծրագրի իրականացման վերաբերյալ, ինչը նոր որակ և գործնական զարգացում կհաղորդի մեր ամբիոնների միջև հաստատված կապերին:
Այցելությանս ընթացքում հնարավորություն ունեցա ծանոթանալու հունական համալսարանի նյութատեխնիկական բազային և լաբորատոր ենթակառուցվածքներին, որտեղ ուսանողներն ու գիտնականները զբաղվում են փայտանյութի վերամշակման, կայուն փայտե կոնստրուկցիաների ստեղծման, ինչպես նաև ինովացիոն կահույքագործության ու դիզայնի նախագծմամբ։
Քննարկեցինք բուհի և մասնավոր հատվածի համագործակցության առանցքային դրույթները, գիտության և արտադրության կապերը։ Լաբորատորիաների այցելությունների ընթացքում ցուցադրվեցին նորագույն սարքավորումներ, որոնք վերաբերում էին փայտամշակման արտադրությանը, փայտի ֆիզիկո-մեխանիկական հատկությունների բացահայտմանը, տարիքային օղակների վերլուծության ավտոմատացված համակարգերի կիրառմանը և վերամշակման ինովացիոն մեթոդների կիրառմանը։ Հանդիպումների ընթացքում նշվեց, որ կան անտառային ոլորտի շատ կարևոր խնդիրներ, որոնց շրջանակում հնարավոր է համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում, մասնավորապես կլիմայի փոփոխությունը, անտառային հրդեհների կանխարգելումը, անտառային արտադրանքի խորը վերամշակումը, անտառների կայուն կառավարումը։
Դեպարտամենտի սրահներում ցուցադրված ինքնատիպ նմուշները վկայում են բարձր արհեստավարժության և գիտության ու արտադրության համատեղման հրաշալի մշակույթի մասին։ Դրանց թվում առանձնակի հետաքրքրություն առաջացրեց բացառապես բնական հացենու փայտից ձեռքով պատրաստված հանրահայտ «COCO-MAT» էկո-հեծանիվը, որը դարձել է դեպարտամենտի նորարարական և կայուն էկոլոգիական մտածողության խորհրդանիշը։ Սրահում ցուցադրված էին նաև փայտյա յուրօրինակ խաղասեղաններ (սեղանի ֆուտբոլ, շախմատ) և կայուն դիզայներական լուծումներով կահույք, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս, թե ինչպես կարելի է անտառային հումքը վերածել բարձրարժեք, էսթետիկ և էկոլոգիապես մաքուր կիրառական արվեստի նմուշների։
Շարժունության շրջանակում կազմակերպված պաշտոնական և ընկերական հանդիպումներն անցան չափազանց ջերմ ու անմիջական մթնոլորտում՝ ամուր հիմքեր ստեղծելով հետագա համատեղ նախագծերի և նոր համագործակցությունների համար։

Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Արթուր Ալավերդյան

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 13/07/2026

Մասնագիտական շարժունություն, որը վերածվեց գիտական և մշակութային ներշնչման

2026 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը Erasmus+ ծրագրի շրջանակում Հունաստանի Արևմտյան Ատտիկայի համալսարանում անցկացրած իմ կարճաժամկետ գիտական շարժունությունը դարձավ ոչ միայն մասնագիտական փորձի ընդլայնման հնարավորություն, այլև ճանապարհորդություն, որն ինձ նորովի բացահայտեց գիտության, պատմության և միջազգային համագործակցության արժեքը։
Համալսարանում անցկացրած օրերը լի էին գիտական քննարկումներով, նոր ծանոթություններով և փորձի փոխանակմամբ։ Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր ներկայացնել իմ գիտահետազոտական աշխատանքը՝ նվիրված կենդանական ծագման մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդների ռիսկի գնահատմանը։ Հետազոտողների և դասախոսների հետ մասնագիտական երկխոսությունները ոչ միայն նոր գաղափարներ տվեցին, այլև ավելի ամրապնդեցին այն համոզմունքը, որ գիտությունն առաջ է շարժվում համագործակցության և փորձի փոխանակման շնորհիվ։
Լաբորատորիայում անցկացրած ժամանակը հնարավորություն տվեց ծանոթանալ ժամանակակից վերլուծական մեթոդներին և նորովի գնահատել այն ճշգրտությունն ու պատասխանատվությունը, որոնց վրա հիմնվում է գիտական աշխատանքը։ Յուրաքանչյուր հանդիպում և յուրաքանչյուր քննարկում ինձ համար դարձան նոր գիտելիքի ու նոր մոտեցումների աղբյուր։
Սակայն Աթենքը միայն համալսարան չէր։ Քայլել Ակրոպոլիսի բարձունքով, տեսնել Պարթենոնը, Էրեխթեոնը և Դիոնիսոսի թատրոնը նշանակում էր զգալ այն վայրերը, որտեղ հազարամյակներ առաջ ձևավորվել են գիտական մտածողության, փիլիսոփայության և ժողովրդավարության հիմքերը։ Այդ միջավայրը հիշեցրեց, որ գիտելիքը փոխանցվում է սերունդներին ոչ միայն գրքերի, այլև մշակույթի, պատմության և մարդկանց միջոցով։
Այս շարժունությունն ինձ սովորեցրեց, որ իրական մասնագիտական աճը ծնվում է այն ժամանակ, երբ գիտական փորձը միահյուսվում է մշակութային բացահայտումների և մարդկային շփումների հետ։ Հայաստան վերադարձա ոչ միայն նոր գիտելիքներով և մասնագիտական կապերով, այլև ավելի մեծ պատասխանատվությամբ՝ շարունակելու իմ գիտական ուղին և նպաստելու միջազգային համագործակցության զարգացմանը։

Ղևոնդ Բատիկյան
ՀԱԱՀ ասպիրանտ

29/06/2026

‼️Ուշադրություն։
🗓️Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարացվում է մինչև սույն թվականի հուլիսի 16-ը։

‼️Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան)

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2026 թ․-ի նոյեմբերից 1-ից մինչև 2027 թ․-ի հունվարի 29-ը 5 օրով վերապատրաստվելու կամ դասավանդելու (նվազագույնը 8 ժամ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են հետևյալ ոլորտներում՝ անասնաբուժություն, կենդանագիտություն, ձկնային տնտեսություն և ակվակուլտուրա, ագրոնոմիա, անտառագիտություն, ագրարային ճարտարագիտություն, սննդի տեխնոլոգիա, գինեգործություն և խաղողագործություն։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Օֆելյա Տերտերյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

• Մոտիվացիոն նամակ և աշխատանքային պլան (անգլերեն) ՝ հաստատված ընդունող համալսարանի ակադեմիական պատասխանատուի կողմից։
•Աջակցության նամակ համապատասխան ֆակուլտետից (Էրազմուս+ միջազգային ծրագրի ECTS համակարգողների ցանկը կարող եք գտնել այստեղ՝ https://eurep.auth.gr/en/coordinators/international):
• Ինքնակենսագրական՝ Europass ձևաչափով (անգլերեն)։
• Անձնագրի գունավոր պատճեն
• Տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից (հայերեն)։

Ձևաթղթերը և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են հետևյալ հասցեով՝
•Դասավանդում՝ https://eurep.auth.gr/en/staff/international/teaching/general_information
•Վերապատրաստում՝ https://eurep.auth.gr/en/staff/international/training/general_information
•Համալսարանի բաժիններ՝ https://eurep.auth.gr/en/students/info/courses
•Ակադեմիական օրացույց՝ https://www.auth.gr/en/academic-calendar-en/

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է ներառի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Յուրաքանչյուր փաստաթղթի ծավալը չպետք է գերազանցի 2 MB-ն: Չափանիշների չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 26-ը:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Օ․ Տերտերյանին։

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 19/06/2026

Այցելություն Վիլա Ռեալի Տրաս-օս-Մոնտես Ալտո Դուրո համալսարան
Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակներում 2026 թ. հունիսի 8-12-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Պորտուգալիայի Վիլա Ռեալ քաղաքի Տրաս-օս-Մոնտես Ալտո Դուրո համալսարան:
Համալսարանը նորաստեղծ է, միջին մեծության, հիմնադրվել է 1975 թվականին: Այն ունի 5 ֆակուլտետներ, որոնցից 2-ում հանդիպումներ եմ ունեցել՝ մեկն ագրարայինն է իր 4 ամբիոններով, մյուսը` Մարդկային և հասարակական գիտությունների ֆակուլտետն իր 3 ամբիոններով։ Էկոնոմիկայի, սոցիոլոգիայի և կառավարման ամբիոնը ներառված էր վերջինիս կազմում։ Ուսանողների թիվը մոտ 10 հազար է, որից 3 հազարը մագիստրանտներ և ասպիրանտներ, իսկ շուրջ 1500-ը արտասահմանյան ուսանողներ են, հատկապես Լատինական ամերիկայի ու հյուսիսային Աֆրիկայի երկրներից։
Տրաս-օս-Մոնտես Ալտո Դուրո համալսարան այցի առաջին օրը հանդիպել եմ Միջազգային կապերի գրասենյակի պատասխանատու աշխատակից Պեդրո Դիզի ու իր գործընկերների հետ, որի ժամանակ փոխանակել ենք անհրաժեշտ տեղեկատվությամբ ու համաձայնեցրել հետագա հանդիպումներն ու անելիքները։ Ըստ պայմանավորվածության հաջորդ օրերին հանդիպումներ եմ ունեցել Ագրարային և Էկոնոմիկայի ամբիոնների աշխատակիցներ՝ պրոֆեսորներ Պաուլա Օլիվեիրայի, Կառլոս Ռիբեիրոյի և Կառլոս Կոստաի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկել և պարզաբանել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Քննարկել ենք հատկապես Պորտուգալիայում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների ու խորհրդատվական կառույցների մոդելները, որոնք, ըստ էության, շատ չեն տարբերվում Հայաստանյան վիճակից։ Այսպես, Պորտուգալիայում գյուղատնտեսական խորհրդատվությունն ապահովում են ըստ տարածաշրջանների տեղական պետական կառույցները, ինչպես նաև գյուղատնտեսական ասոցիացիաներն ու կոոպերատիվները, որոշակի մասնակցություն են ունենում նաև բուհերը, հատկապես՝ ուսուցումների ու վերապատրաստումների գործընթացում։ Ինչ վերաբերվում է գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք միավորել են փոքր և միջին արտադրողներին, ապա դրանց ձևավորումը սկսել է դեռևս 1950-ական թթ-ից պետության աջակցությամբ, որոնց մեծ մասը ժամանակի ընթացքում դադարել են իրենց գործունեությունը՝ չբավարարելով ֆերմերային տնտեսությունների ակնկալիքները։ Բայց գործողներն այսօր սերտորեն աշխատում են ինչպես պետական մարմինների, այնպես էլ դոնորների ու բուհերի հետ, ապահովելով ինչպես արտադրական, վաճառքի, այնպես էլ խորհրդատվական բնույթի ծառայություններ մանր ու միջին տնտեսվարողներին։
Այցելության վերջին օրն անցկացրել եմ կրկին համալսարանի Միջազգային կապերի գրասենյակում՝ ամփոփելով այցը և ստանալով մասնակցության վկայական:
Այցի ժամանակ ծանոթացել եմ նաև Տրաս-օս-Մոնտես Ալտո Դուրո համալսարանում իրականացվող ուսումնական գործընթացի առանձնահատկություններին, դասավանդման և ուսումնառության մեթոդներին, հետազոտական գործընթացների կազմակերպմանը, որոնք գրեթե համահունչ էին ՀԱԱՀ-ում իրականացվող գործընթացներին։ Հատկանշական էր այն, որ Տրաս-օս-Մոնտես Ալտո Դուրո համալսարանն իր առանձին ֆակուլտետներով աշխարհագրական առումով տեղակայված է առանձնացված կանաչ և անտառապատ մոտ 120 հա տարածքի վրա։ Նույն տարածքում էր գտնվում նաև համալսարանի ուսումնական անասնապահական տնտեսությունները՝ տավարի, խոզի, գառների, այծերի ու թռչունների ուղղությամբ, ինչպես նաև պտղատու և խաղողի այգիները, ջերմատնային տնտեսությունը, որոնք կարևոր բազա էին հանդիսանում տեղում ուսանողների գիտագործնական գիտելիքների համալրման ու հմտությունների զարգացման համար։
Այցը հնարավորություն է ընձեռել նոր ծանոթությունների ստեղծման, հյուրընկալող համալսարանի փորձի ուսումնասիրման, ինչպես նաև փորձով ու գիտելիքներով կիսվելու և սկիզբ դնելու նոր գործընկերային հարաբերությունների: Այցի ընթացքում ձեռք բերված նոր հմտություններն իրենց կիրառությունը կգտնեն իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ ՀԱԱՀ-ում իրականացվող բարեփոխումներին համահունչ:

Ագրարային էկոնոմիկայի
ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյան

Photos from ANAU International Relations Department/ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ's post 19/06/2026

Մասնագիտական այց Մարկեի պոլիտեխնիկական համալսարան. գիտության, նորարարության և համագործակցության օրեր

Իմ մասնագիտական այցը Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարան դարձավ ոչ միայն նոր գիտելիքներ և փորձ ձեռք բերելու, այլև միջազգային ակադեմիական համագործակցության հնարավորությունները բացահայտելու կարևոր առիթ։ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում սույն թվականի հունիսի 8-ից 12-ը, հնարավորություն ունեցա ծանոթանալու հյուրընկալող համալսարանի գիտահետազոտական ենթակառուցվածքներին, հանդիպելու տարբեր գիտական խմբերի ներկայացուցիչների հետ, այցելելու լաբորատորիաներ, փորձարարական տնտեսություն և անմիջականորեն ծանոթանալու ժամանակակից գյուղատնտեսական ու բնապահպանական հետազոտությունների կազմակերպման գործընթացին։
Այցի առաջին օրերից ինձ հատկապես տպավորեցին համալսարանի լաբորատոր կարողությունները։ Տարբեր հետազոտական կենտրոններ հագեցած են ժամանակակից սարքավորումներով և վերլուծական համակարգերով, որոնք կիրառվում են հողի, բույսերի, գյուղատնտեսական հումքի և շրջակա միջավայրի ուսումնասիրությունների համար։ Լաբորատորիաներում աշխատող երիտասարդ հետազոտողները ներկայացրին իրենց ընթացիկ ծրագրերը, տվյալների մշակման մեթոդները և փորձարարական աշխատանքների կազմակերպման սկզբունքները։ Հատկապես հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են գիտական արդյունքները կապվում արտադրության և գյուղատնտեսական պրակտիկայի հետ՝ ստեղծելով գիտության և տնտեսության միջև արդյունավետ համագործակցություն։
Այցի ընթացքում հանդիպումներ ունեցա համալսարանի դասախոսների, գիտաշխատողների և վարչական պատասխանատուների հետ։ Քննարկեցինք Հայաստանի և Իտալիայի բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկությունները, գիտահետազոտական առաջնահերթությունները, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մեծ հետաքրքրությամբ առաջացրեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում իրականացվող Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական կրթական ծրագիրը՝ հատկապես համատեղ իրականացման և կրկնակի դիպլոմ շնորհելու առումով, ինչպես նաև փոխադարձ ակադեմիական շարժունության ծրագրերի հնարավորությունները։
Առանձնահատուկ տեղ զբաղեցրին դաշտային այցելությունները։ Համալսարանի մասնագետների ուղեկցությամբ այցելեցինք փորձարարական տեղամասեր, որտեղ իրականացվում են տարբեր մշակաբույսերի խառը ցանքերի, տարբեր ագրոտեխնիկական միջոցառումների և արտադրության արդյունավետության բարձրացմանն ուղղված հետազոտություններ։ Դաշտերում հնարավորություն ունեցա ծանոթանալու փորձարարական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությունը։ Հետաքրքիր էր նաև ելակի մշակովի տարբեր սորտերի և վայրի ձևերի սելեկցիոն աշխատանքները, որոնք նպատակ էին հետապնդում տրամախաչման միջոցով ստանալ առավել բարձր հատկանիշներով օժտված նոր բույսեր։
Տեղում ծանոթացա կատարվող աշխատանքներին, հետազոտությունների մեթոդներին, ինչպես նաև նմուշառման, չափումների և գրանցումների գործընթացին։ Հետազոտական թիմը ներկայացրեց հավաքված տվյալների մշակման և արդյունքների վերլուծության սկզբունքները, ինչը թույլ տվեց պատկերացում կազմել գիտահետազոտական աշխատանքի ամբողջական շղթայի մասին՝ սկսած դաշտային փորձից մինչև տվյալների գիտական մեկնաբանություն։
Առանձին հանդիպումներ ունեցա տարբեր գիտական խմբերի հետ, որոնք զբաղվում են հողագիտության, անտառագիտության, թվային գյուղատնտեսության, հեռահար զոնդավորման, տարածական տվյալների մշակման հարցերով։
Բացի մասնագիտական բաղադրիչից, այցը հնարավորություն տվեց շփվելու տարբեր կրթական աստիճանների ուսանողների և հետազոտողների հետ։ Միջազգային միջավայրը նպաստում է փորձի փոխանակմանը, նոր գաղափարների ձևավորմանը և հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը։ Այս հանդիպումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ժամանակակից գիտությունը զարգանում է միջազգային համագործակցության, գիտելիքի ազատ փոխանակման և բազմամշակութային թիմերի աշխատանքի շնորհիվ։
Ընդհանուր առմամբ, Մարկեի պոլիտեխնիկական համալսարան կատարած այցը ինձ համար արժեքավոր փորձ էր, որը թույլ տվեց ծանոթանալ բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտում տվալ համալսարանի գործունեությանը, ձեռք բերել նոր մասնագիտական կապեր և տեսնել գյուղատնտեսական գիտության զարգացման ժամանակակից ուղղությունները։ Վստահ եմ, որ այս այցի ընթացքում ստացած գիտելիքներն ու հաստատված կապերը կնպաստեն ինչպես իմ հետագա մասնագիտական գործունեությանը, այնպես էլ գործընկեր համալսարանների միջև համագործակցության էլ ավելի ընդլայնմանը, որի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀԱԱՀ-ի և Մարկեի համալսարանի իմ գործընկերներին՝ վստահության, ուղղորդման և շարժունությունը հնարավոր դարձնելու համար։

Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դոցենտ,
Ագրոնոմիական ֆակուլտետի փոխդեկան՝ Սասուն Մամաջանյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


74 Teryan Street, I Building, Room 127
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00