Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ

Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ

Share

Զարգացնել, հարստացնել և աշխուժացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային կապը

Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակը հիմնվել է 1991 թվականին։
Գրասենյակի աշխատանքներն ընդգրկում են գիտահրատարակչական, գիտակրթական, թատերական, երաժշտական, կերպարվեստի, դպրոցաշինության և ներքին սփյուռքի ոլորտները:
Գրասենյակը մշակութային կամրջումի դերակատարություն է իրականացնում` շաղկապելով Հայաստանի մշակութային կյանքը Համազգայինի աշխարհասփյուռ ընտանիքին, շաղկապելով հայ

Photos from Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ's post 21/08/2026

Կիպրոսի «Նանոր», «Կիլիկիա» և «Անի» պարախմբերի սաները` Երևանի գրասենյակում

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակն իր հարկի տակ ջերմորեն ընդունեց Կիպրոսի Համազգայինի «Նանոր», «Կիլիկիա» և «Անի» պարախմբերի սաներին։

Մինչ այս հանդիպումը, պատանիները մասնակցել էին Դիլիջանում կազմակերպված պարային երկրորդ ճամբարին, որը լի էր կարևոր ձեռքբերումներով՝ ազգային մշակութային ավանդույթների պահպանմամբ, միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի ամրապնդմամբ, Մայր հայրենիքի հետ անսասան կապի ձևավորմամբ և Համազգայինի մշակութային առաքելության իրագործմամբ:

Պարուսույց Գօգօ Քելեշեանի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատանիներին Երևանի գրասենյակում ողջունեցին և իրենց սրտի խոսքն ուղղեցին Համազգայինի Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը, ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը և Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը:

Ելույթ ունեցողներն իրենց խոսքում ընդգծեցին հայրենիք-սփյուռք մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը, ազգային պարը որպես ինքնության պահպանման ու ապագայի հանդեպ ունեցած հավատի խորհրդանիշ։ Ինչպես իր խոսքում շեշտեց Ռուզան Առաքելյանը «Ազգային պարը լոկ շարժում չէ, որովհետև ամեն մի պար ունի իր պատմությունը։ Այն դաս է, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը, պահպանել արմատներն ու հավատարիմ մնալ մեր արժեքներին»:

Ատենապետ Զաքար Քեշիշյանն էլ, անդրադառնալով Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի դերին, նշեց. «Համազգայինն իր առաքելությամբ միշտ եղել է ազգային ինքնության պահպանման ամուր հենասյունը, և նման ծրագրերը լավագույնս փաստում են մեր գործունեության կենսունակությունը՝ սերունդներին կապելով ազգային արմատներին»:

«Դուք օտարության մեջ չեք, դուք տուն եք եկել, ձեր հայրենիքն եք եկել: Ձեր ներկայությունն այստեղ ամենամեծ վկայությունն է այն բանի, որ հայրենիքն ու սփյուռքը մեկ ամբողջություն են»,- կարևորեց Արտաշես Շահբազյանը։

Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ «Գալ տարի դարձյալ կտեսնվենք» հուսադրող խոստումով:

Hamazkayin Central
Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ
Hamazkayin Cultural and Educational Society of Cyprus

20/08/2026

ԺԱՅՌԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՍՐԵՆԻ ՈՒ ԾԱՂԿԵՑ

ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ.
«Ամեն լավ բան սիրո ծնունդ է, ամեն ինչ մի օր ավարտվում ու փոշի է դառնում, սերը՝ երբեք»...

Մեսրոպատառ գեղեցկագույն հայոց լեզուն մեր ժողովրդի մշակութային ինքնության ու գոյի սյունն է։ Հայոց գրի, գրականության ծաղկման գործում նշանակալի ավանդ ունեն Ուսուցիչն ու Գրողը։ Տիգրան Նիկողոսյանի գրչի յուրահատկության ու առանձնահատկության հենքն իր դաստիարակությունը, կրթությունն ու ներքին բարձր կուլտուրան են։ Նրա ամեն բառում, տողում վառ արտահայտված է հայրենասիրությունը, որը շեշտված է հենց իր մայրական Սարուխան գյուղից, իր մանկության ամառների ուղեկից շիտակ մարդկանց նիստուկացից, ծաղկած դաշտերից, Գեղամա չքնաղ լեռներից ու Սևանա լճի քաղցրահամ ջրերից։ Բնության հետ է կապված իր հոգում տիրող ներդաշնակ միտքը, որ արդեն իսկ գրքերից հասու է դառնում ընթերցողին։ Անպատմելի հուզմունքով, սրտի թրթիռով է միշտ խոսում նախնյաց ծննդավայրի և, իհարկե, ծնողների հանդեպ ունեցած դողացող սիրո, խոնարհումի ու պատկառանքի մասին։ Որքան գորովանքով ու ջերմությամբ է նա հիշում ամեն մի դրվագ։ Քաղցր այդ պատրանքներից է ծնվել «Բարի լույս, հայրիկ» գեղարվեստավավերագրական գիրքը։ Ի դեպ, այս տարի լրանում է նրա ծննդյան 100-ամյակը, և գիրքն էլ հեղինակը որդիական խոնարհումով նվիրել է այդ հրաշալի հոբելյանին։

«Թասի մեջ փայտածուխը լուռ առկայծում և շուրջբոլոր բարակ խնկաբույր է սփռվում... Եվ հիշողության կապույտ թերթիկներից պոկվում ու օդում սավառնում է հուշը»...

Նիկողոսյանի երևակայության մեջ ժայռը դառնում է մասրենի ու ծաղկում։ Եվ ինչպես գույնը, բառն էլ ծնվում է ցավից, սիրուց ու կարոտից...

«Ես ապրում եմ՝ Արարատ լեռան հավերժությունը, ծաղկած ծիրանենու կատարելությունը, հող հայրենին, ոսկեդեղին հասկը, նորածնին և գիրը որպես բարձրագույն արժեքներ դիտելու, Մհերի դուռը մի օր բացված տեսնելու, Աստծո նմանությամբ մարդուն երբևէ հանդիպելու հավատով»․ իր «... Եվ գիրը մեր» գրքում գրել է Նիկողոսյանը։

Լինելով խորագետ և ուսյալ՝ ունի վեհ գաղափար անցողիկ կյանքի, մարդու բարի անվան ու մնայուն գործերի վերաբերյալ։ Մերօրյա հայ գրի մաքրամաքուր ու գեղարվեստական շարադրանքի ջատագովն ու զորավիգն է, որի գրչի թանաքը հայ հնամյա մշակույթի շավիղն է։ Տ. Նիկողոսյանի տարիների ստեղծագործական կյանքն արարուն է, բազմաբովանդակ՝ հարցազրույցներից հրապարակագրություններ, ելույթներից գրախոսություններ, էսսեներից էտյուդներ ու գրքեր։ Յուրաքանչյուրն՝ իր գրչին վայել գեղարվեստական մեկնությամբ։ Նրա որոշ գործեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, սերբերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն։ Տպագրվել է նաև Հնդկաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, սփյուռքի հեղինակավոր պարբերականներում։

Հանրապետության վաստակավոր ժուռնալիստի կոչումն իր մասնագիտության մեջ առավելագույնն է համարում։ Եվ կրում է խորին հարգանքով, առ մարդն ու հայրենիքը մեծագույն պատասխանատվությամբ։

Գրողի այսքան տարիների ձեռքբերումները նրա լուռ, համեստ, իր գործին նվիրված, մասնագիտական գիտելիքների փայլուն իմացությունն ու պատշաճ օգտագործումն են։ Հեղինակն իր գրի խորաթափանց վարպետությամբ կարողանում է բախել ու ներս մտնել ցանկացածի ներաշխարհ։ Ընթերցողին իրականությունից տեղափոխում է իր հուզաերևակայական գեղարվեստական տարածք, որտեղ ժամանակն ինքն է թելադրում։ Եվ իր գրչի դյութիչ ու գաղտնի կարողությամբ հուզում անգամ ամենաքմահաճ ընթերցողին։ Ցանկացած միտք նա արտահայտում է խոր իմացությամբ, գեղարվեստական, հստակ ու դիպուկ վերլուծություններով ու գրական անթերի շարահյուսվածքով։

«Երեք բան անհնար է խլել մարդուց. հայրանունը, հիշողությունը, սերը»։ Այս տողն ահա այն հենքն է, որի վրա շատ դեպքերում կառուցվում է նրա ասելիքը։

Նիկողոսյանն անաղարտ մայրենին՝ բարձր գրականությամբ, գեղարվեստի ներուժով, գրական մշակույթի գրավիչ ձևով է մատուցում իր ընթերցողին։ Ծայրաստիճան բծախնդիր ու բացառիկ գեղագիտական ճաշակի տեր անձնավորություն է, ում գրիչն օրհնված է ի վերուստ։ Նրա ամեն մի բառն ասք է՝ կարծես տրված երկնքից։ Ու այդ երկինքն է կապում երկրայինը երկնայինին...

«Բառերը լռել են, լարերը դողում են, և սերն է ծնվում՝ լույսը վկա»։

Ու այսպես գրչի ամեն մի հպումից ծնված ստեղծագործություն ու ամեն մի գիրք իր կյանքի պատմությունն ունի, և ամեն միտք՝ իբրև մարդկային ապրում, որոնցով էլ շրջապատը դառնում է լուսավոր ու գեղեցիկ, առինքնող ու բովանդակ։ Բնականաբար, այս ամենի հիմքում սերն է։ Եվ այս վեհ զգացումից է կյանքի կոչվել «Սիրո գինը սերն է» գիրքը։ Աներկբայորեն այստեղ արվեստի ենթաշերտերի միաձուլումն է, որն իր գագաթնակետին է՝ սիրո ազնիվ արտացոլմամբ։ Գրքում թևածում են գունապնակի բոլոր գույները, հնչում է համամարդկային երաժշտությունը, ապրում է բնությունը՝ չորս եղանակով, ու տրոփում է մարդկային սիրտը...

Նրա մտքում մշտապես արևելյան այս իմաստությունն է. «Եթե ճանապարհդ վարդերով է պատված, զգույշ քայլիր, որ փշերը ոտքերդ չծակեն»։

Այն, որ Տիգրան Նիկողոսյանը հանդիսանում է Գավառի պատվավոր քաղաքացի, արդեն իսկ փաստում է, որ նա իր ազգային ոգու և գաղափարի ներդրումն ունի հայրենիքում։

«Մարիամ իշխանուհի» պատմավավերագրական էսսեն հեղինակի գենետիկ կոդն է։ Այստեղ պատրանքն ու իրականությունը միահյուսված են հոգևորի, հավատի, սիրո, գրի, մշակույթի, հայի հավաքական գաղափարի շուրջ։

«Օրն անցել է, իսկ գործը մնացել է, օրն անցել, իսկ քարին կամ թղթին փոխանցված գիրը շարունակում է պատմել անցողիկ կյանքի ու մնայուն գործերի մասին։ Բարձրացրու հայացքդ։ Սպիտակասարի ձյուների մաքրությունից ու Գռիձորի ծաղիկների անկրկնելի գեղեցկությունից բարության ու սիրո քո ապրած ժամանակի պսակն հյուսիր, պարզիր աշխարհին ու նախնիներիդ թանկ դասերին ապավինած ու նրանց պատկերը սրտումդ՝ շարունակիր կառուցել, արարել։ Շարունակիր հավատալ գլխավորի հավերժությանը...»։

Ահա սա է արձակագրի բարոյախոհափիլիսոփայական լրջագույն խորհուրդն ու հորդորը։

«...Ես արեցի այնքան, որքան կարողացա, ավելի ստույգ՝ որքան թույլ տվեցին մեր կյանքն ու ապրած ժամանակը։ Երբևէ շատ ավելին արված տեսնելու հավատով...»։

Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

13/08/2026

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան գրատարածը այս տարի եւս կը կազմակերպէ հայ գիրքի համահայկական ցուցահանդէս։
Անցնող տարուան հայ գիրքի ցուցահանդէս-փառատօնը ստեղծեց մեծ խանդավառութիւն։ Հայկական վարժարաններու աշակերտութեան մեծաթիւ խումբերու այցելութիւնը, ինչպէս նաեւ մտաւորականներու, կրթական մշակներու, ընթերցասէրներու եւ գրասէրներու ցուցաբերած հետաքրքրութիւնը աւելիով քաջալերեցին մեզ այս տարի եւս, հաստատութեան 95-ամեակին առիթով, կազմակերպելու ցուցահանդէսը։
Հրատարակութիւնը, գրատարածումը եւ ընթերցանութիւնը զիրար համալրող գործօններ են, որոնք կ'երաշխաւորեն հայ ստեղծագործ մտքի զարգացումն ու հարստացումը, նաեւ հայ գիրին ու գրականութեան պահպանումը։ Այս ցուցահանդէսը այդ կարեւոր առաքելութիւնը գօտեպնդող նախաձեռնութիւնն է։
Ցուցահանդէսը տեղի պիտի ունենայ 9-էն 16 Հոկտեմբեր 2026-ին «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ։ Արդէն իսկ մեծ թիւով հայրենի եւ արտասահմանի հրատարակչատուներ պատրաստակամութիւն յայտնած են դարձեալ մասնակցելու ու իրենց նոր հրատարակութիւնները ներկայացնելու ընթերցասէր հանրութեան։ Վստահ ենք, որ տարբեր շրջաններէ նոր հեղինակներ եւ հրատարակիչներ այս տարի պիտի գան աւելիով հարստացնելու ցուցահանդէսի գիրքերու հաւաքածոները։
Ցուցահանդէսին պիտի ներկայացուին հայաշխարհի մէջ լոյս տեսած վերջին տասը (2015-էն 2026) տարիներու հրատարակութիւնները։
Ցուցահանդէսին առընթեր պիտի կազմակերպուին նոր լոյս տեսած հրատարակութիններու ներկայացումներ եւ շնորհահանդէսներ։
Ցուցադրութեան դրուելիք գիրքերը պէտք է Համազգայինի գրատարած հասած ըլլան ամէնէն ուշը մինչեւ 4 Սեպտեմբեր 2026։ Ժամկէտի յարգումը կարեւոր է կազմակերպչական աշխատանքներու լիիրաւ յաջողութեան համար։
Մանրամասնութիւններու եւ մասնակցութեան համար կարելի է կապ հաստատել՝
Ել.նամակի հասցէ: [email protected]
Բջիջային հեռ.: +961 70 580 167
Հեռ.: +961 1 241262/3/4
Տնօրէնութիւն

30/07/2026

Սիրելի՜ ընթերցող 🤗,

Համազգայինի Երևանի գրասենյակի «Դիմապատկեր» խորագրով զրույցների շարքի հյուրն այս անգամ Սփյուռքից է։ Բանաստեղծ, հասարակական գործիչ Յարութիւն Պէրպէրեանի հետ Հերմինե Ավագյանի զրույցը կարդացեք ստորև👇

📌 Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանում լույս է տեսել նրա «Առաձգական» վերնագրով բանաստեղծությունների հատորը։

❓ - Տարիներու հետ բառերը կը թեթեւնա՞ն, թէ՞ կը ծանրանան։ Երբ այսօր նոր քերթուած մը կը սկսիք, առաջին բառը գտնելը աւելի դիւրի՞ն է, թէ՞ աւելի պատասխանատու ու դժուար, քան անցեալ տարիներուն։

💬 Պատասխան

- Գրողական արարքը միշտ ալ գիտակցական աշխատանք է, որ յա՛տկապէս քսաներորդ դարու կէսերէն ետք աւելի կը շեշտուի: Բնականաբար, բանաստեղծութիւն գրելու առաջին տարիներուն, երբ փնտռտուքի մէջ ես, երբեմն ալ մեծերու հետքերով տարբեր ոճեր կը փորձես կամ անմիջական ձեւով տաղեր կը ծնին, աշխատանքին մէջ անմիջականութիւն մը կայ, յաճախ դժուար է խուսափիլ բառային խաղերէ կամ պատկերային գեղեցկութիւններէ, նոյնքան գիտակից չես բառի ծնունդին:

Արդէն «Առաձգական»ի առաջին բաժնի բանաստեղծութիւնները գրողական արարքին եւ հայերէնով, մասնաւորաբար՝ արեւմտահայերէնով գրուող բանաստեղծի կացութեան եւ լեզուին կը վերաբերին: Հոն տեղ մը կ'ըսեմ.

«Փնտռէ բառը կորսուած, / փնտռէ տողը կորսուած: / Եթէ մէջդ կը ծաղկի / բառը թմրած, քնացած, / սպասելով ժայթքումի՝ / պեղէ միտքդ ծուլացած»:

Այլուր պիտի արձանագրէի.

«Տաղը տակաւ կ'արթննայ / ընձառիւծի պէս անգութ / .... Կը փնտռես զինք / անհանդարտ, / լուռ քայլերով: Տակաւին / կը փորձես զայն դուրս մղել՝ / դէպի բացատը ազատ» («Եւ տաղը կ'ըլլայ»):

❓- Ձեր գիրքին «Առաձգական» խորագիրը ինքնին շատ պատկերաւոր է եւ բազմաշերտ։ Ի՞նչն է Ձեր քերթողութեան մէջ ձգուողը կամ դիմադրողը՝ լեզո՞ւն, յիշողութի՞ւնը, թէ՞ Սփիւռքի եւ Հայրենիքի միջեւ եղած տարածութիւնը։

💬 Պատասխան

- Բանաստեղծական հատորներուս բոլոր խորագիրներն ալ յատուկ իմաստ կը խտացնեն, մեկնակէտ ունին: Նախ շրջան մը կայ, երբ մամուլին մէջ բանաստեղծութիւններ կան ցրուած, որոնք հատորի մէջ չեմ անցուցած: Կը կարծեմ որ յստակ դիմագիծ կազմելէ ետք միայն պէտք է հատորի անցնիլ: Գիրքով հրապարակ գալը արդէն յստակ յանձնառութիւն է:

▪️ «Կորիզ»ը (1979) լոյս տեսաւ, ճիշդ է գլխաւորաբար քաղաքացիական պատերազմին արձագանգելով, սակայն քերթողական մտածողութեանս կորիզը կը ներկայացնէր:
▪️ «Ոսպնեակ»ը (1984), արդէն իր խորագրով իսկ բանաստեղծութիւնը կը վերածէր լուսանկարչական ոսպնեակի, որոշ փորձառութիւններու եւ ճշգրիտ պատկերներու վրայ կեդրոնանալով, անոնց հոգեբանական խորքը պեղելով, երբեմն ալ ազատ առընչութիւններ ստեղծելով, իսկ իր նախաբանով կը փորձէր կարգ մը կէտեր յստակացնել այս նկարագրի քերթողութեան մասին:
▪️«Անցման եղանակը» (1993), ո՛չ միայն Լիբանանէն Գանատա, Արեւելքէն Արեւմուտք, նոր աշխարհ անցումի մասին էր, այլեւ նոր փորձառութիւններու, օրինակ՝ լիբանանեաններուն մէջ սկիզբը քաղքենիացող ընկերութեան խնդիրներէն, քաղաքի կորսուող դիմագիծի մտահոգութիւններէն մինչեւ աճող բրտութիւնը տեղ կը գտնէր, մինչ գանատականին մէջ բնութեան եւ լեզուի վտանգումին հետ առընչուած տագնապներ կը սկսէին դրսեւորուիլ, եւ երբեմն ալ այս երկուքը կը հանդիպէին իրարու. երբ կ'ըսեմ. «Իսկ ազգս ձուկ է / ապականող ջուրերու / հոսանքին մէջ շնչահատ ... / եւ անտառ է մասնատուած, / ճենճերած՝ / այս գորշ դարու / մթնոլորտէն թունաւոր ... / Մեր գործածած / իւրաքանչիւր բառը՝ թռչուն / տագնապահար, / վտանգուած թառը փնտռող / եւ շատ յաճախ կորսնցուցած՝ / անվերադարձ ...»:
▪️ «Սահմանները» (2007) կեանքի ու մահուան սահմաններէն սկսեալ, մինչեւ բանաստեղծութեան սահմանները կը հետախուզէր, հոն «Ցաւազերծում» խորագրով բաժին մը կայ, որ հօրս հիւանդութեան-մահուան վերջին տարուան ընթացքին գրուած է, ուր իր կեանքի կարգ մը հանգրուաններուն վրայ կեդրոնանալէ ետք, մինչեւ ընտանիքիս անցեալը եւ Ցեղասպանութիւն կը հասնի:
▪️ «Առաձգական»ը (2021) մէկ կողմէ նախորդ հատորներու թեմաթիք նիւթերը կը խմբէ, միւս կողմէ նախորդող տասնամեակի փորձառութիւնները կը բերէ:

Լեզուն միշտ առանցքն է քերթողութեան, յիշողութիւնը անձնական եւ հաւաքական փորձառութիւններուն հետ առընչուած է, իսկ հայութեան կամ Սփիւռքին կապուած փորձառութիւնները կամ մտածումները բարդ եւ բազմաշերտ ծալքեր ունին, սակայն պէտք է զանոնք հեռու պահել հռետորական ճառերու վերածուելէ:

❓ - Ժամանակի ընթացքին կը փոխուի բանաստեղծութեան ռիթմը. երիտասարդ տարիքին անիկա աւելի ընդվզող է, ետքը կը դառնայ աւելի խոհական։ Ինչպէ՞ս փոխուած է Ձեր եւ բանաստեղծական տողին յարաբերութիւնը տարիներու ընթացքին։

💬 Պատասխան

- Երիտասարդական ընդվզումը կամ հակադարձութիւնը՝ սեփական լեզուն, բանաստեղծական նկարագիրը եւ ոճը գտնելու աշխատանքին մաս կը կազմեն: Մեզմէ առաջ Նիկողոս Սարաֆեանը եւ մասնաւորաբար Վահէ Օշականը այդ հոլովոյթին սկսած էին, առաջինը շրջապատի աշխարհին բացուելով եւ նոր անջրպետներ գրաւելով, իսկ երկրորդը՝ բանաստեղծութիւնը խնդրականացնելով:

Ըմբոստութիւնը, յա՛տկապէս իմաստային եւ կարգ մը ժխտական կացութիւններու դիմաց կը շարունակէ դրսեւորուիլ ամէն տարիքի, լաւագոյն օրինակը՝ 44-օրեայ պատերազմին եւ անոր յաջորդող կացութիւններուն հակադարձումն է, Հայաստանի իշխանութեանց պարտուողական կեցուածքին դիմաց ընդվզումով գրուած բանաստեղծութիւններն են, որոնք մասնաւոր բաժին մը կը կազմեն «Ձգողական» կամ «Պարուրաձեւ անցումներ» խորագրով հրատարակելի հատորիս:

Խոհական կամ նոյնիսկ քնարական նկարագրի տողերը, յաճախ այս բոլորին հետ կը միաձուլուին կամ կը համադրուին: Հոս կարեւոր կը նկատեմ բանաստեղծին յանձնառութիւնը իր հաւաքականութեան նկատմամբ: Ան չի կրնար լուռ մնալ անարդարութեան, բռնատիրութեան կամ վայրագութեան դիմաց: Արեւմտահայ գրականութեան մէջ այդ կեցուածքը ճշդած են Վարուժանը, Սիամանթօն, Ռուբէն Սեւակը եւ ուրիշներ: Նոյնը կրնանք տեսնել առաջին շրջանին այնքան գեղեցիկ սիրային բանաստեղծութիւններ գրած Փապլօ Ներուտայի քով:

❓- Առաձգականութիւնը ենթադրել կու տայ նաեւ արտաքին ճնշում, որուն կը դիմադրէ մարմինը կամ նիւթը։ Ի՞նչ եղած է Ձեր կեանքին մէջ այն արտաքին ճնշումը (սփիւռքեան իրականութիւնը, օտար միջավայրը, լեզուական մեկուսացումը), որ ստիպած է Ձեր քերթողութեան դառնալ «առաձգական» ու չկոտրիլ։

💬 Պատասխան

- «Առաձգական» խորագիրը սկիզբ կ'առնէր բանաստեղծութենէ մը, որ կրկէսի մէջ մարդկային մարմնի ճկունութենէն եւ անհաւատալի կարելիութիւններէն կը մեկնէր, բան մը որ ժամանակի ընթացքին կը կորսնցնենք: Վերջն է որ զայն աւելի լայն ու բազմաշերտ իմաստներով սկսայ գործածել: Մեր մարմինը, մտածումներու եւ երեւակայութեան աշխարհը, կենցաղը, շրջապատի քաղաքական, տնտեսական, պատմական ու ընկերային իրականութիւններու ազդեցութիւնը մեր փորձառութիւններուն վրայ: Ասոր վրայ պէտք է աւելցնել օտարումը, անհեթեթի դէմ բախումը, որ ուրիշ տարածքներ կը բանայ:

Այդ բոլորին դիմաց որոշ առաձգականութիւն պէտք է, սակայն առանց կորսնցնելու մեր պարկեշտութիւնը եւ առանց հրաժարելու մեր սկզբունքներէն եւ համոզումներէն: Իսկ դուրսի իրականութեան, այլին հետ մեր յարաբերութիւնները համակեցութեան եւ առողջ յարաբերութեան մակարդակի վրայ պէտք է ըլլան՝ մշակութային թէ ընկերային առումով, այլապէս կը վերածուինք կեթոյի, կը մատնուինք լճացման: Հինգերորդ դարէն սկսեալ մինչեւ 19-րդ դարու վերջը եւ քսաներորդ դարուն, ամէն անգամ որ բացուած ենք օտար մշակոյթներու՝ մեր գրականութիւնն ու արուեստը շահած են: Բնականաբար, խօսքս կ'երթայ հասուն ընկալումին եւ ոչ թէ մակերեսային ընդօրինակութիւններու:

Իսկ լեզուի վտանգումը կամ կենդանի կերպով պահպանումը նաեւ կախեալ է մեզմէ: Արեւմտեան Սփիւռքի մէջ, հաւաքական իմաստով, լեզուի պահպանման, գործածութե՛ան տագնապը գոյութիւն ունի, չենք կրնար անտեսել զայն, որուն դիմաց պէտք է պայքարիլ, յաճախ նոր միջոցներ փնտռելով, ինչպէս ներկայիս կը կատարէ Կիւլպէնկեան հաստատութիւնը, իսկ բանաստեղծին համար՝ այդ լեզուն կենդանի, այսինքն՝ շնչող, ապրող, ստեղծող եւ առօրեային հետ քայլ պահելը կենսական է:

❓- Երբ բանաստեղծութիւնը մտնէ «առաձգական» վիճակի մէջ, արդեօք մի՞շտ կը վերադառնայ իր նախնական ելման կէտին, թէ՞ ամէն լարումէ ետք կը ձեւախախտուի եւ կը դառնայ նոր բան։

💬 Պատասխան

- Բանաստեղծութիւնը, բնականաբար, նոյն տեղը չի կրնար մնալ, ուժական ու կենդանի ծնունդ է, որ միշտ իր առանձին նկարագիրը կը փնտռէ: «Առաձգական»ի վերջին բաժնին մէջ ունիմ բանաստեղծութիւն մը, որ կը կոչուի «Ղատ», որ ճիշդ է, «ղ» տառի հնչիւնն է, սակայն նոյն ատեն «տաղ»ի շրջումը, որ կը փորձէ գտնել չկաղապարուած, իսկական քերթողութեան բնոյթը: Այս մէկը շարունակական փնտռտուքի դրսեւորումը չէ՞:

Իսկ երբ աւելի երկար, ժամանակակից բանաստեղծութիւններ կը գրենք (longer contemporary poems), որոնք պէտք չունին դիւցազներգական ըլլալու, կամ երբեմն ալ՝ աւելի կարճ բանաստեղծական պատկերներ կամ հայքուներ, բնականաբար տարբեր կառուցային եւ այլ լուծումներու կը դիմենք:

❓- Ձեր երիտասարդութեան տարիներուն «Բագին»ին թղթակցիլը հիրաւի գրական մկրտութիւն էր։ «Բագին»-ի շուրջ հաւաքուած սերունդն ունէր լեզուի եւ գրականութեան իր տեսլականը։ Եթէ համեմատէք այդ տարիներու Ձեր գրական որոնումները այսօրուան Ձեր գրածին հետ, ի՞նչը անփոփոխ մնացած է Ձեր ներսը, եւ ի՞նչը «լքած» է Ձեզ։

💬 Պատասխան

- Այո՛, «Բագին»ը իսկական դպրոց էր, ուր մեզմէ առաջ Յակոբ Մանուկեանի եւ Փանոս Ճերանեանի նման երիտասարդ տղոց խումբ մը հաւաքուած էր, իսկ վաթսունականներու աւարտին, Պօղոս Սնապեանի աշակերտներէն եւ ուրիշ դպրոցներէ տղաք գրական խմբակ մը կազմեցին, ինչպէս՝ Սարգիս Կիրակոսեանը, Խոսրով Ասոյեանը, Վահան Զանոյեանը, Յարութ Սասունեանը, Նազ Տէր Սարգիսեանը եւ ուրիշներ: Ասոնցմէ ոմանք գրականութեան մէջ մնացին, ուրիշներ ուսուցչութեան կամ մամուլի մարզը որդեգրեցին եւ այլն: Փաստօրէն, 1978-էն սկսեալ, ես ու Սարգիս Կիրակոսեանը փոխ-խմբագիրները դարձած էինք «Բագին» ամսագրի:

Այդ կազմաւորման տարիներուն մեր ընթերցումներուն մասին կը խօսէինք, իւրաքանչիւր շաբաթ մեզմէ մէկն ու մէկը իր գրութիւնը կը բերէր եւ քննարկումի կ'ենթարկէինք, յաճախ խիստ կերպով, եւ այս մէկը իսկապէս օգտակար էր մեր գրականութեան զարգացման համար, որովհետեւ անկեղծ մթնոլորտի մէջ կը կատարուէր: Այսօր, ցաւ ի սիրտ, Սփիւռքի մէջ, գրաքննադատութիւնը գրեթէ բացակայ է, ինչ որ պատճառ կ'ըլլայ, որ կարգ մը անհատներ, մէկ հատորով, անկենդան բառերու շարք մը շարադրեն, կենաց արտասանելու խօսքեր կամ ազգային ճառեր բանաստեղծութեան հետ շփոթեն:

Ինչ կը վերաբերի այդ օրերու եւ ներկայի աշխատանքներուս՝ առաջին շրջանին, բանաստեղծութիւնները յաճախ լռութիւններով կը զարգանային, կամ Թ. Ս. Էլիոթի մօտեցումով, երբեմն յղումներ կը կատարուէին հայ թէ օտար գրողներէ, իսկ պատերազմի, բրտութեան եւ քայքայուող քաղաքի թեման շեշտուած ներկայութիւն էր: Ներկայիս, թերեւս խոհական եւ չըսեմ «զգացական», աւելի փորձառութեանց անմիջական փոխանցումը՝ աւելի հաւասարակշռուած են: Ամէն պարագայի, բանաստեղծութիւնը բարդ ստեղծագործութիւն է, դժուար է խօսիլ անոր մասին, թերեւս նոյնիսկ ճիշդ է չխօսիլ:

#Համազգային #ՅարութիւնՊէրպէրեան #Պոեզիա #Առաձգական #Սփյուռք #Գրականություն

16/07/2026
Photos from Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ's post 13/07/2026

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՕՇԱԿԱՆՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ՎԱՐԴԱՎԱՌԸ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՈՒ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նշվել է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Միջոցառման հյուրերն էին Համազգայինի համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները, ովքեր Հայաստան են ժամանել աշխարհի 10 երկրներից։

Տոնական օրվա մեկնարկին երիտասարդները նախ հարգանքի տուրք են մատուցել մեծն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին՝ խոնարհվելով հայ դպրության հիմնադրի հիշատակի առջև։

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանն իր օրհնության և բարեմաղթանքի խոսքն է հղել երիտասարդներին և միասնական աղոթքով խնդրել, որ Բարձրյալը խաղաղություն ու արևշատություն շնորհի աշխարհասփյուռ հայ ազգին։

Այնուհետև ծրագիրը շարունակվել է եկեղեցուն կից դպրատան սրահում։ Ներկաները մեծ հուզմունքով ունկնդրել են հոգևոր երգերի շարք՝ ՀՀ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Ռոման Խնկոյանի բարձրարվեստ կատարմամբ։

Միջոցառման պաշտոնական մասում ոգեշնչող ելույթներով հանդես են եկել Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, Համազգայինի Բեյրութի ճեմարանի վաստակաշատ տնօրեն Տիգրան Ճինպաշեանը և գրող Արտավազդ Նազարյանը՝ կարևորելով մաշտոցյան արժեքներն ու սփյուռքահայ երիտասարդության ազգային ինքնության պահպանումը։

«Այսօր, երբ աշխարհի 10 երկրներից հավաքվել եք այստեղ՝ մեր մեծ ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմի մոտ, մենք վերահաստատում ենք մեր միասնությունը։ Մաշտոցյան գրերը պարզապես տառեր չեն, դրանք մեր ինքնության հենասյուներն են, որոնք դարեր շարունակ մեզ հայ են պահել, և այսօր էլ հենց դրանք պիտի դառնան ձեր ուղեցույցը՝ աշխարհի ո՛ր անկյունում էլ լինեք»,- շեշտել է Արտաշես Շահբազյանը։

Իր ծանրակշիռ ու իմաստուն խոսքով երիտասարդներին է դիմել Համազգայինի Բեյրութի ճեմարանի վաստակաշատ տնօրեն Տիգրան Ճինպաշեանը՝ ընդգծելով.
«Մաշտոցի շիրիմի առջև կանգնելը սովորական այցելություն չէ, այլ ինքնության քննություն և պատասխանատվություն: Այսօր Սփյուռքում հայերեն խոսելն ու հայ զգալը հերոսություն է, բայց միևնույն ժամանակ՝ մեր գոյության միակ երաշխիքը: Դուք աշխարհի տարբեր ափերից բերել եք ձեր համայնքների շունչը, բայց ձեր հոգևոր հայրենիքն այստեղ է»:

Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ, իր խոսքն ուղղելով երիտասարդներին, կարևորել է.
«Հայոց գրերի ստեղծումը մեր պատմության ամենամեծ հրաշքն է, և մեր գլխավոր առաքելությունն է, որ դուք՝ նոր սերունդը, ամուր կառչած մնաք այդ արմատներին, պահպանեք մեր լեզուն ու մշակույթը ձեր համայնքներում։ Մաշտոցի հանճարը մեզ տվեց ոչ միայն գիր, այլև հոգևոր զրահ՝ ընդդեմ ուծացման։ Մաշտոցյան այս ժառանգությունն է այն կամուրջը, որ ձեզ միշտ կապելու է հայրենիքին ու ձեր ինքնությանը»։

Գրող Արտավազդ Նազարյանը պատմական էքսկուրսով անդրադարձել է Մաշտոցյան ժամանակներին և հայ ինքնության պահպանման խնդիրներին՝ շեշտելով, որ գրերի գյուտը եղել է հայության առաջին մեծ ռազմավարական հաղթանակը, որը փրկել է ազգը ձուլումից։ Նա հորդորել է երիտասարդներին սեփական համայնքներում դառնալ այդ հաղթանակի կրողներն ու տարածողները։

Միջոցառումն անցել է ջերմ, հայրենաշունչ մթնոլորտում՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման և մշակութային արժեքների վերարժևորման ևս մեկ գեղեցիկ առիթ։ Վարդավառի տոնը շարունակվել է երիտասարդների կողմից ազգային, հայրենասիրական երգերի կատարմամբ։

Տաղավար օրվա ավարտին ներկաները նաև այցելել են Սուրբ Կարմրավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել եկեղեցու բակում ամփոփված հայ մեծանուն գրողի՝ Գևորգ Էմինի հիշատակին։ Գրողի շիրիմի մոտ երիտասարդներին իր սրտի խոսքն է ուղղել Համազգայինի Կենտրոնական վարչության անդամ և Գևորգ Էմինի ազգական Արևիկ Գաբրիելյանը՝ նշելով, որ Էմինը հայ ազգի նվիրյալ էր, և նրա պատգամն է, որ հայ երիտասարդը երբեք չկորցնի իր կապը հայրենի հողի հետ, տիրապետի մայրենիին և իր ամբողջ ներուժով ծառայի ազգային արժեքների հարատևմանը։

Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ
Hamazkayin Central

07/07/2026

ԴԱՐԻ ՊՈԵՏԻ ԱՆՄԱՀԱԿԱՆԸ

Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին...

Խաչիկ Մանուկյանի այս գլուխգործոցը համազգային խտացված հոգու ցավն ու ցասումն է՝ բնորոշ ազնվաբարո մտավորականին։ «Դարի Պոետի» բնույթը փոթորկուն է ու հեղեղոտ, պոռթկուն ու եռանդուն։ Իր եռացող բնավորությամբ, հայ տղամարդուն վայել ազդեցիկ կերպարով նա հաղթահարում է ճակատագրի ծանր բեռը, արհավիրքներն ու կյանքի խաչը։ Բայց անսասան է հավատը սրտում, լուսաբացը տեսնելու մոլուցքով՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարից հնչող զանգերի ղողանջներով, վերածնունդը խորհրդանշող ավետիսի արարումով։ Եվ տաղերից հյուսված մեղեդին է, որ մեղմում է սրտի ու հոգու ցավը, վիշտն ու կարոտը։ Գերբնական ուժով, բարձր մտավորականին հարիր պահվածքով, իր վիրավոր սիրտը դարմանող հաղորդությամբ կարողանում է արարել ու ստեղծագործել Դարի Պոետը։ Կյանքի մղձավանջային ճանապարհը վեհությամբ անցած՝ նա իր հզոր գրչով կերտել է բազմաթիվ ազգային, արժեքավոր գործեր։ Խաչիկ Մանուկյանի մյուռոնապատ գրիչը դեռ իր սրբազան առաքելությունն ունի։

«Հերոսի դափնիներով անմահացած չեմ ուզում, իրե՛ն եմ ուզում, բայց ես ո՞վ էի, որ նման շքեղություն ունենայի. այլևս Տիրոջ հայացքով է նայում և... իմ որդին չէ այլևս, ՆԱ ԻՄ ՀԱՅՐՆ Է, ՈՐ ՅԵՐԿԻՆՍ Է...»։ Ահա այս տողերն են, որ աղոթք դարձած հնչում են Մեծն Պոետի դողացող շուրթերից...

ԱՆՄԱՀԱԿԱՆԸ Նա է՝ Հերոսը, Հայը, Զավակը՝ Վաչագան Խաչիկի Մանուկյանը՝ Մայր բուհի մագիստրոս, գրող, հրապարակախոս, գրքերի հեղինակ, հայրենիքի նվիրյալ, ազգային հերոս։

«Երբ չկա երազանք, տգեղանում է լուսինը, իսկ աստղազարդ երկինքը կորցնում է փայլը... Եթե դատարկ է ներսդ, դու ակամայից աշխարհի ամենատգեղ մարդն ես դառնում։ Աներազանք մարդը տիեզերական ողջ գեղեցկությանը անհաղորդ է մնում։ Նյութին գերված էս ժամանակներում երբեք չկորցնեք ձեր ներաշխարհի գեղեցկությունը...»։

Վաչագան Մանուկյան

Չնայած երիտասարդ տարիքին՝ հասուն ու իմաստուն խոհերով, մշտապես հայրենիքի, ազգի խնդիրները սրտում, հզոր երկիր ունենալու անպաթոս երազանքը մտքում, որոնք, սակայն, օդում սավառնող փշրանքներ դարձան։ Խորը խոհափիլիսոփայական մտահորիզոնով ազնվագույն հայորդի, ում մտքերը անվերջ կարելի է կարդալ, մտորել դրանց շուրջ ու որպես կարգախոս, ուղենիշ օգտագործել։

«Երբ պատրաստ չես խոսելու, երբ ասելիքդ սահուն չես կարող հանրայնացնել, ուրեմն՝ պիտի լռել կարողանաս ու սպասես քո խոսելու իրական ժամանակին։ Դեռ կխոսենք ու կլսենք իրար...»,- գրել է Վաչագանը։

Բազմակողմանի զարգացած անհատականություն, որը մշտապես իր գրում ու խոսքում շնորհակալություն է հայտնում Արարչին յուրաքանչյուր հարցում։ Կոմիտասյան հնչյուններից մինչև Բախի աստվածային երաժշտությունն է նրա հոգում սավառնել, ջերմացրել, հուզել։ Վաչագան Մանուկյանի «Չկորցնենք լույսը» գիրքը գրված է հերոսին վայել՝ ծանրակշիռ մտքերով, հորդորներով, գաղափարով։ Անսահման մարդասիրությունն ու խիստ, լավ դաստիարակությունն անմիջապես զգացվում են գրից։ Նրա գրչից լույս ու բարություն է ավետվում։

«Ինչքան լավ բան կա, թող կատարվի բոլորիդ հետ, ու խաղաղ, անցնցում մնա երկիրը մեր»։

Մեծ հավատ, հույս, դրական էներգիա կա նրա գրի շարադրած մտքերում։ Ու ամենակարևորը՝ հաղթական ոգին է, որը միանգամից փոխանցվում է ընթերցողին։ Ազգային հերոսի կերպարը իր սխրանքներով կատարելության հասնող է։ Նրա հայրենասիրությունը սահմաններ չի ճանաչել։ Հայրենիքի ու իր ազգի անմնացորդ սիրուց ծնվել են գաղափարներ, մտքեր, կատարած գործեր ու արարքներ, որ ոչ մի բառով չես կարող նկարագրել։

Հանուն լավ ու բարեկեցիկ երկիր ունենալու երազանքի՝ նրա միտքն ու հոգին հանգիստ չունեին։ Ելել էր պայքարի թե՛ խելքով, թե՛ զենքով։ Վաչագանը իր Հոր տղան է, հայրենիքին հերոս տղան է։

«Ներիր ինձ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք, նվաստիս՝ անփառունակ ընթացքի համար։ Ներիր, որ չկարողացա կերտել հաղթական երթդ, ու ներիր, որ բոլոր վերքերդ չկարողացա առնել մարմնիս վրա՝ որպես բազմաչարչար օրերիդ մխիթարանք... Ներեք ինձ, այսօրվա հրաշք մանուկներ, ներեք, որ արյունս բավարար չեղավ փրկելու ձեր կյանքերն ու վաղվա սերունդներին։ Եվ ներիր ինձ, իմ ԱԶԳ, անվնաս երկիր քեզ չնվիրելու համար...»։

Աննահանջ հերոսը, մագիստրոսական թեզն անավարտ թողնելով, կամավոր շտապել է հայրենիքը փրկելու։ Նա անգամ պատերազմի դաշտում իր շուրջն է հավաքել բոլորին ու մեր հայրենիքի, մեր արքաների մասին պատմություններով ոգեշնչել, բարձր է պահել մարտական ոգին։ Մարտական ընկերներից մեկի հուշերում կա, թե ինչպես Շուշիի մարտերից առաջ իր կապոցը տվել է իրեն՝ ասելով. «Ես մինչև վերջ եմ կռվելու, չեմ նահանջելու, լավ մնացեք»։

Վստահ էր՝ ինքն անմահ է...
Ոսոխի հանկարծակի գրոհից անգամ չի տագնապել, խիզախորեն մխրճվել է ամենաթեժ մարտերի մեջ ու, հմտորեն տիրապետելով ռազմական արվեստին, անձնուրացաբար կռիվ տվել, պայքարել՝ չմիանալով նահանջող գումարտակին, հաղթելու ցասումը սրտում։

Այս տարի ԱՆՄԱՀԱԿԱՆԻ 35-ամյա հոբելյանն է...

Մարտական բոլոր ընկերները փաստում են, որ Վաչագան Մանուկյանի գոյամարտում ինքնավստահությունը, հավատը, քաջասրտությունը վարակիչ էին։ Հաղթական ոգով անկոտրում առաջամարտիկի սխրանքները՝ ի փառս հայրենիքի, ոսկե տառերով պետք է գրվեն։ Յուրաքանչյուր հայ հպարտ է ու պետք է գիտակցի, որ Վաչագանը 44-օրյա պատերազմի հավաքական կերպարն է։ Հերոս Վաչագան Մանուկյանի պայծառ ու հաղթական ժպիտը երբեք չի մարի... Նա այդ ժպիտով է նայել վերջին մարտից առաջ, իսկ այդ մարտը թուրք դիպուկահարների հետ էր...

Հայ ազգի վեհանձն մարտիկի գործունեությունն այլևս պատմություն է։ Հերոսներով է հայրենիքը կերտվում, պետք է ճանաչել նրանց։ Սերունդներին կրթել ու դաստիարակել նրանց սխրանքներով, հերոսական պատումներով, հայի խիզախ ու արիասիրտ ոգով։ Նրա հոգու արեգակնային լույսը փարոս է, ոգու ճախրանքը՝ հորդոր, լեգենդը՝ ուղենիշ՝ հային մղելու ապրելու, արարելու, հաղթելու։

«Հիշեք՝ հաղթողներին պաշտում են անգամ իրենց երբեմնի թշնամիները»։

Վաչագանի գիրը, միտքը, գաղափարը ընթերցելով ու վերընթերցելով՝ ակամայից հզորանում ես, ոգեշնչվում, լույսով լցվում՝ սահմանագիծը հատելով ու վերերկրային պատրանքներ ապրելով։ Աստվածայինի ու տիեզերականի անբացատրելի մի աշխարհ է, որտեղ էլ նա՝ իրեն հատուկ բարի ժպիտով, լուսապսակը գլխին, հզորությամբ բազմած, թելադրում, ուղղորդում, հիշեցնում է հայրենիքի ուժը, որում սրբազան արյունն է շրջանառվում՝ իր և հայրենի հողի համար սրբազան պայքարի ելած քաջ տղաների հավաքական ուժի կերպարով։

«Ուզում եմ բոլորդ էս կյանքում հաղթողներ լինեք...»,- ԱՆՄԱՀԱԿԱՆԻՑ։

Մարիաննա ԳԵՎՈՐԳՅԱՆ

30/06/2026

ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԻՐ ՔՆԱՐԻՆ

«Դիմապատկեր»-ի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

📚 Հարցազրույց նրա նոր՝ «Եղիշե Չարենցի գրական-քաղաքական աղեսները» գրքի լույսընծայման առիթով:

❓— Գրքի առաջին իսկ էջերում ընթերցողն առերեսվում է բառերի մի խորհրդավոր ու ծանրակշիռ շղթայի՝ Ես, Հոգի, Ինքնություն, Հայրենիք, Ժամանակ, Պատմություն… Կարո՞ղ եք բացահայտել այս հանգույցների գաղտնիքը: Ընդհանրապես, հնարավո՞ր է հասնել ինքնության կամ հայրենիքի բարձրագույն գիտակցմանը՝ առանց անձնական «ես»-ի, ճանապարհի և պատմության տառապանքի գողգոթան անցնելու:

💬 — Այո՛, գրքի նախաբանում ես միտումնավոր առանձնացրել եմ Չարենցին բնութագրող այդ հասկացությունները, որոնք լոկ բառեր չեն, այլ նրա կյանքի ու ճակատագրի տիեզերական խորհրդանշանները: Այդ բառերի ուղեգծով է, որ լիարժեքորեն բացահայտվում է Չարենցի հոգեմտավոր վիթախարի էությունը: Այդ կորագծով ես տեսնում, թե հանճարեղ մարդը որտեղից եկավ, ինչպիսի ճանապարհ ընտրեց, ուր գնաց, ինչպիսի՜ ահռելի փորձությունների միջով անցավ և, ի վերջո, ուր հասավ:

Նա սկսեց զինվորական ծառայությունից ու հեղափոխության հրդեհից, ապա ապրեց այդ նույն հեղափոխության մեծագույն հիասթափությունը և, ի վերջո, իր ոդիսականն ավարտեց դեպի Աստված վերելքով: Իմ գրքի վերջին գլուխներից մեկը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Դեպի Աստված»: Ձեր թվարկած բառ-խորհրդանշանները դեպի Աստված տանող ճանապարհի հոգևոր հենակետերն են: Չարենցի մասշտաբի անհատականության համար աննախար էր հասնել այդ հանգրվանին՝ առանց ճակատագրի բոլոր խոչընդոտներն ու ցավերը մարմնով ու հոգով կրելու:

❓— Դուք գրում եք, որ Չարենցն իր ժամանակի հերոսն է: Սակայն այդ նույն ժամանակը վայրագորեն վարվեց նրա հետ՝ մեկուսացրեց, զրկեց ապրուստից, տապալեց ու ի վերջո՝ նահատակեց: Ըստ Ձեզ՝ նա միայն իր ժամանակի հերո՞սն էր, թե՞ նաև այդ ժամանակաշրջանի մեծագույն ու ողբերգական զոհը:

💬 — Նահատակները սուրբ զոհեր են, իսկ հերոսությունը երբեք չի ավարտվում. այն հավերժական է: Մարդն իր սեփական հերոսացմամբ է անցնում կյանքի ճանապարհը: Այս պահին հիշեցի Ջիվանու հանճարեղ տողը. «Կյանքը նրան է խփում, ով որ դրոշակ է տանում»:

Չարենցը հենց այդ դրոշակակիրն էր: Ուստի, ես երբեք չեմ համարի նրան լոկ «զոհ»: Նա մեծ հերոս է՝ իր ժամանակների մեծագույն, անկրկնելի հերոսը: Այդ արտահայտությունը կարծես հենց նրա համար ստեղծված լինի: Նրա կերպարում խտացված է այն վիթախարի ուժն ու տառապանքը, որը ի վերուստ տրվում է միայն ընտրյալ մեծերին:

❓ — Գրքում մեջբերված է Չարենցի նամակ-հայտարարությունը, որտեղ նա հիմնավորում է իր հեռացումը Գրողների միության շարքերից՝ «հանուն անշնորհակալ դժբախտության մեջ ազատ լինելու»: Ինչպե՞ս է ստացվում, որ բացարձակ մենությունն ու դժբախտությունը դառնում են գրողի միակ ու անձեռնմխելի ազատության տարածքը:*

💬 — 1928-1935 թվականներին Չարենցն աշխատեց Պետհրատում: Այդ տարիները հայ մշակույթի պատմության մեջ վստահաբար կարելի է կոչել «Չարենցի դարաշրջան», որովհետև նա հսկայական, անգնահատելի ներդրում ունեցավ գրահրատարակչական գործում: Սակայն 1935-ին նրա դեմ հալածանքներն անցան բոլոր սահմանները, և իր ծննդյան օրը՝ մարտի 13-ին, Գրողների միության նիստում նրան խայտառակ կերպով հեռացրին միությունից:

Մինչ այդ նա արդեն գրել էր իր այդ հայտարարությունը, որի մասին նշեցիք: Նրա այդ ինքնաբուխ ցասմանը տվեցին քաղաքական երանգավորում և օգտագործեցին նրա դեմ: Բայց չէ՞ որ Չարենցն ինքնին մի ամբողջ Գրողների միություն արժեր. եթե այնտեղ չկար Չարենցը, ապա ի՞նչ գրողների միության մասին էր խոսքը… Թեև վեց ամիս անց նրան ձևականորեն վերականգնեցին, բայց հալածանքների օղակը սեղմվեց: Նա նետվեց տառապանքների անդունդը՝ մեկուսացում, հիվանդություններ, աղքատություն:

Նա ցավով գրում էր. «Ես միայնակ մարդ եմ, ես ընկերներ չունեմ»: Տառապում էր բացարձակ մենության մեջ, ստիպված էր վաճառել իր սիրելի գրքերն ու տան իրերը՝ հանապազօրյա հացի համար: Ինչպես ինքն էր դառնորեն նկատում՝ փոքր ազգերի գրողները չեն կարող ապրել միայն գրականությամբ, որովհետև չնչին կոպեկներ էին ստանում գրական վաստակի համար… Ավա՛ղ, ոչինչ չի փոխվել. այդ միտքը ցավալիորեն արդիական է նաև այսօր:

Չարենցի հանդեպ հալածանքները, սակայն, նրան չկոտրեցին, այլ մղեցին դեպի նոր, ավելի խորը որոնումների: Նա սուզվեց ազգային ինքնության խորքերը, գնաց դեպի գրաբարը, դեպի միջնադար, դեպի մեր արմատները: Դա մի ուրիշ, սուրբ աշխարհ էր, որը պատկանում էր միայն իրեն: Նա ապրեց ամենածանր, ողբերգական օրերը, բայց երբե՛ք, հանուն ոչ մի գայթակղության, չդավաճանեց իր սուրբ քնարին:

❓ — Պարո՛ն Գասպարյան, եթե փորձենք Չարենցի կյանքին հետադարձ հայացք ձգել Ձեր գրքի պրիզմայով, կարո՞ղ ենք պնդել, որ նրա համար գոյություն չունեին կուսակցական ու գաղափարական պատնեշներ. նրա հոգու մեջ միայն մեկ միասնական, տառապող, բայց հավերժական Հայաստանն էր:

💬 — Այո՛, հազար անգամ այո: Դուք ձևակերպեցիք ամենաառանցքային ճշմարտությունը. Չարենցի համար կար միայն մեկ, անբաժանելի, տիեզերական Հայրենիք՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Նա այդ հավաքական ոգու բացարձակ կրողն էր:

Նա աշխատեց Առաջին Հանրապետության կառավարության կազմում։ Նիկոլ Աղբալյանը նրան մեծարեց, հռչակեց նրա տաղանդը և հրավիրեց լուսավորության նախարարություն: Աղբալյանը մեծ աջակցություն ցուցաբերեց գրողին, և 1920 թվականին հենց նրա հովանավորությամբ լույս տեսան Չարենցի հռչակավոր ռադիոպոեմները: Դաշնակցական կառավարությունը նրան գնահատեց իր արժանիքով:

Հետո Չարենցը փոխեց իր քաղաքական ուղին, տարվեց բոլշևիկյան գաղափարներով, մասնակցեց մայիսյան ցույցերին, ինչի պատճառով, բնականաբար, նրա վարքագիծը չողջունվեց կառավարության կողմից, և նա սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից... Նրան անչափ բարձր գնահատեց նաև Ալեքսանդր Մյասնիկյանը. ուղարկեց արտասահման՝ աշխարհը տեսնելու, ճանաչելու: Բեռլինում լսելով Մյասնիկյանի ողբերգական մահվան լուրը՝ Չարենցը սրտի կսկիծով գրեց իր հանճարեղ «Կոմունարների պատը Փարիզում»: Նրան պաշտում և պաշտպանում էր նաև Աղասի Խանջյանը՝ նրա մեջ տեսնելով ոչ միայն հանճարեղ բանաստեղծի, այլև` հայ մարդու տիպար, նվիրյալ զավակի:

Այսինքն՝ ո՛վ ուզում էր լիներ իշխանության ղեկին, Չարենցի համար կարևորագույնն ու միակը մեկն էր՝ որ այդ ուժը ծառայեր Հայրենիքին, և Հայաստանը ոտքի կանգներ: Դրան էին միտված նրա բոլոր տենդագին փնտրտուքները:

Այսօր, երբ արտասանում ենք «Չարենց», մենք պատկերացնում ենք Հայաստանը, պատկերացնում ենք հանճարը, հայի մտքի հավաքական մեծագույն խորհրդանիշը և մեր ազգի հավերժական ընթացքը պատմության հոլովույթներում:

Զրույցը `Հերմինե Ավագյանի

Hamazkayin Central
Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ
Դավիթ Գասպարյան

Want your school to be the top-listed School/college in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Mashtots 37
Yerevan
0012

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00