21/09/2026
Խուստուփի մասին առաջին անգամ իմացա 2012 թվականին՝ Ստեփանակերտի կինոթատրոնում։ Նժդեհի ֆիլմի պրեմիերան էր, ու ինձ էլ էին տարել դիտելու։
Ասեմ անկեղծ՝ այն ժամանակ ֆիլմից առանձնապես ոչինչ չհասկացա․ ինչ-որ զինվոր, Սյունիք, բոլշևիկ, դաշնակ, ա՜՜՜՜՜՜, լավ…
Տասը տարի անց սկսեցի Խուստուփի մասին ավելի հաճախ լսել, բայց արդեն ուրիշ գիտակցության մակարդակով։ Հատկապես պատերազմից հետո Նժդեհի մասին շատ էր խոսվում, ու Խուստուփ բարձրանալը ինձ համար արդեն պարզապես լեռ բարձրանալ չէր։
Բայց որոշեցի չգնալ պարզապես գնալու համար։ Սպասեցի, որ ներսից «հոգու կանչ» լինի։
Անցած տարի, երևի հենց այս օրերին, երազ տեսա, որ գնացել եմ Խուստուփ։ Առավոտյան արթնացա ու տարօրինակ վստահությամբ զգացի՝ ժամանակն է։
Մի քանի օր անց բարձրացա։
Նստած նայում էի, թե ինչպես է ամպերի տակից նարնջագույն արևը բարձրանում ու կամաց-կամաց դառնում վառ դեղին։ Ու մտածում էի՝ գուցե հենց այս տեղում, որտեղ հիմա ես նստած եմ, հարյուր տարի առաջ Նժդեհն էլ է նստել ու նայել նույն արևածագին։
Գուցե նա էլ է լռել։ Գուցե նա էլ է հուզվել։
Գուցե նույն երկինքն է եղել, նույն լեռները, նույն արևը, ու պարզապես մենք ենք իրարից բաժանված մի ամբողջ դարով։
Այդ պահին Խուստուփը կարծես պարզապես լեռ չէր։ Կարծես որոշ տեղերում ժամանակը չի անցնում, այլ մնում է քարերի մեջ։
Կամ գուցե ես եմ այդ ամենը հորինել ու տառապում եմ ինքնախաբեությամբ։
Չգիտեմ։
Բայց երևի կարևորն այն է, թե ինչ ես տանում քեզ հետ լեռից իջնելիս։
Եթե դուք էլ եղել եք Խուստուփում, գրեք՝ ի՞նչ եք զգացել այնտեղ։