12/09/2020
🔰Ներգանգային բարձր ճնշում և ուղեղի ճողվածք💀🧠
Ուղեղի ճողվածքը ներգանգային բարձր ճնշման հետևանքով ուղեղանյութի դուրս գալն է կարծրենու սահմաններից (մանգաղից (falx), վրանից (tentorium)) կամ գանգի անցքերից։
✅Նորմայում ներգանգային ճնշման (ՆԳՃ) հաստատուն մակարդակը ապահովվում է ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտադրման և հետներծծման միջոցով։ Այս հավասարակշռության խախտման պարագայում դիտվում է ՆԳՃ-ի բարձրացում։
⚠️ՆԳՃ-ի բարձրացման պատճառները բազմազան են։ Տարբերում ենք տեղային՝ արյունահոսություն, տեղային այտուց, ուռուցք, թարախակույտ և այլն, և գեներալիզացված պատճառներ՝ ցիտոգեն այտուց (նեյրոններում Na-ի և ջրի կուտակման հետևանք), վազոգեն այտուց (արտաբջջային տարածությունում Na-ի և ջրի կուտակման հետևանք ), իշեմիկ ինսուլտ, մենինգիտ և այլն։
Ըստ անատոմիական տեղակայման տարբերում ենք
1️⃣ Տրանստենտորիալ/կարթային (uncal): Կարթը քունքային բլթի միջային խորը հատվածն է։ Ճողվածքը կարող է հանգեցնել գանգուղեղային երրորդ՝ ակնաշարժ նյարդի ճնշման: Քանի որ նյարդը պատասխանատու է ակնագնդի շարժումների համար, ապա կդիտվի աչքի շարժման խանգարումներ։ Բացի այդ, ակնաշարժ նյարդը պարունակում է պարասիմպաթիկ նյարդաթելեր, որոնք նյարդավորում են բիբը նեղացնող մկանը, հետևաբար բբի լայնացումը այս պարագայում նույնպես հատկանշական է։ Ճնշվելուց անմասն չի մնում հետին ուղեղային զարկերակը, որը կարող է հանգեցնել ծոծրակային բլթի իշեմիկ վնասման, ինչն էլ իր հերթին կառաջացնի հոմոնիմ հեմիանօպսիա (ձախ տեսողական նյարդի վնասման պարագայում աջ տեսադաշտերի կորուստ՝ կենտրոնական հատվածի պահպանումով և հակառակը)։ Ճողվածքի պարագայում հնարավոր է հիմային զարկերակի ճյուղերից կամրջային զարկերակի վնասում, որը կհանգեցնի ուղեղաբնում արյունահոսության, որն ավելի հայտնի է որպես Duret-ի արյունահոսություն (հայտնաբերվում է աուտոպսիայով)։
Եթե աջ կիսագնդի վնասման հետևանքով առաջացել է կարթային ճողվածք, ապա այն ուղղակիորեն ճնշելու է աջ ուղեղաբունը, իսկ անուղղակիորեն՝ ձախը, որր հայտնի է Kernohan-ի կտրուճ անունով։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ ուղեղաբնի ձախ սեղմված հատվածը պարունակում է շարժողական նյարդաթելեր, որոնք ծագում են ձախ կիսագնդի կեղևից, բայց նյարդավորում են մարմնի աջ հատվածի մկանները։ Այսինքն ստացվում է, որ աջ կիսագնդի վնասման պարագայում կդիտվի նույն կողմի մկանային թուլություն, որը կոչվում է իփսիլատերալ հեմիպարեզ: Բնականաբար նույնը կդիտվի ձախի վնասման դեպքում։ Փաստորեն ունենք կեղծ տեղակայման ախտանշան (false localising sign), որը փոքր-ինչ բարդացնում է ախտորոշումը։
2️⃣Ենթամանգաղային (subfalcine, cingulate )։ ՈՒղեղանյութը անցնում է հակառակ կողմի կիսագունդ մանգաղի տակով։ Հնարավոր է առաջային ուղեղային զարկերակի վնասում։
3️⃣ Տոնզիլային ճողվածք (ուղեղիկի ստորին հատվածի)։ ՈՒղեղանյութը դուրս է գալիս ծոծրակային մեծ անցքով։ Այս ձևը խիստ վտանգավոր է, քանի որ հանգեցնում է երկարավուն ուղեղի շնչառական ու անոթային կենտրոնների ճնշման։
Բարձրացած ներգանգային ճնշման հաճախ հանդիպող ախտանիշներն են՝
• Գիտակցության կորուստ😑
• Տեղային նյարդաբանական նշաններ🥴
• Տեսողական պտկիկի այտուց 🤓
• Ճնշման բարձրացում🤯
• Բրադիկարդիա 😨
• Անկանոն շնչառություն 😫
🔍Ախտորոշում
o ՀՇ, ՄՌՇ☢️
Ուղեղի ճողվածքի կասկածի դեպքում, անգամ երբ կա ներգանգային ճնշման բարձրացում հակացուցված է գոտկային պունկցիան ! քանի որ ճնշման գրադիենտի տարբերության դեպքում հնարավոր է ուղեղանյութի տեղաշարժ, ճողվածքի մեծացում։
💉Բուժում
1) Պատճառի վերացում
2) Արտաքին փորոքային դրենաժի կիրառում (հեռացնում է ՈՒՈՀ-ը)
3) Դեկոմպրեսիոն կրանիոէկտոմիա
By Arina Aghajanyan