05/05/2025
ՃՇՀԱՀ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԻ ԹԻՎ 3 ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ «ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի ապրիլի 25-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի աշխատակիցները՝ Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Վանյանը և բաժնի գլխավոր մասնագետ Աննա Մանասյանը, հանդիպեցին ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտների հետ։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՃՇՀԱՀ-ում իրականացվող բարձրագույն ինժեներական կրթության առանձնահատկությունները՝ մասնավորապես ընդգծելով կանանց դերի աճը ոլորտում և խթանելով գենդերային հավասարության սկզբունքը։
Հանդիպմանը, որին մասնակցում էին ավելի քան 20 աշակերտներ, Իրինա Վանյանը հանդես եկավ «Կանանց դերը ճարտարագիտական կրթության ապահովման գործում» խորագրով դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում ներկայացվեցին ՃՇՀԱՀ-ի ստեղծման պատմությունը, համալսարանում իրականացվող ինժեներական կրթական ծրագրերի հիմնական ուղղությունները, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներով հագեցած գործող և նորաստեղծ լաբորատորիաները։ Մասնավորապես, առանձնացվեց «Սմարթլաբ» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ստեղծվող լաբորատորիաները նպաստում են կրթական գործընթացի արդիականացմանը, հետազոտական հնարավորությունների ընդլայնմանը և ուսանողների գիտահետազոտական ու գործնական հմտությունների զարգացմանը։
Դասախոսության առանցքային մասը նվիրված էր կանանց ներգրավվածության խթանմանը ինժեներական կրթության և մասնագիտական ոլորտներում։ Դասախոսության ընթացքում քննարկվել են հետևյալ կարևոր թեմաները.
ա) կանանց մասնակցության աճի միտումները ինժեներական կրթական ծրագրերում և աշխատաշուկայում՝ ներկայացնելով դրական տեղաշարժերն ու արդեն արձանագրված հաջողությունները,
բ) այն կառուցվածքային, մշակութային և սոցիալական խոչընդոտները, որոնց կանայք բախվել և շարունակում են բախվել իրենց կրթական և մասնագիտական առաջընթացի ճանապարհին։ Այս խոչընդոտների շարքին են դասվում կրթական ընտրության փուլում առկա կարծրատիպերը, ըստ որոնց տեխնիկական և ինժեներական մասնագիտություններն առավելապես համարվում են «տղամարդկային ոլորտներ», մասնագիտական աճի սահմանափակ հնարավորությունները և աշխատաշուկայում նկատվող անհավասար պայմանները, այդ թվում աշխատավարձերի տարբերությունը և առաջխաղացման սահմանափակումները։ Այս երևույթները հաճախ նվազեցնում են երիտասարդ կանանց ներգրավվածությունը ինժեներական կրթության և կարիերայի ոլորտներում,
գ) հաջողության հասած կին ինժեներների ոգեշնչող պատմությունները, որոնք վկայում են, որ հաստատակամությունն ու նպատակասլացությունը կարող են կոտրել ավանդական կարծրատիպերը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև Իրինա Վանյանի անձնական օրինակը՝ որպես հաջողության վառ պատմություն, որը ծառայել է որպես ոգեշնչման և ինքնավստահության աղբյուր երիտասարդ աշակերտուհիների համար։