25/02/2024
Երեխայի ագրեսիվություն
Պետք է շատ զգույշ և ուշադիր վերաբերվել երեխայի զարգացմանը: Երբեմն երեխան փորձում է սովորել ճնշել իր ագրեսիան, սակայն եթե ագրեսիան միայն ճնշվում է, չի նշանակում, որ անհետանում է: Հնարավոր է, որ դրա հետևանքով առաջացած նյարդային լարվածությունը կուտակվի և հետագայում կամ վատ ազդեցություն կթողնի երեխայի առողջության ու զարգացման վրա, կամ էլ անադեկվատ ձևով կարտահայտվի երեխայի վարքում` անհանգստացնելով ծնողներին:
Դիտարկենք նորմալ ագրեսիան և դրա փոփոխությունները երեխայի զարգացման տարբեր շրջաններում:
1. Նորածին երեխա` եթե քաղցած է, ապա սկսում է բարկանալ ամբողջ աշխարհի վրա:
2. 1 տարեկան երեխա` բարկանալով մայրիկի վրա` կարող է հարվածել նրան:
3. 1.5 տարեկանում արդեն կարող է զսպել բարկությունը կամ ոտքերը գետնին խփելով կամ բարձր գոռալով հանգստանալ:
4. 2 տարեկան երեխան առանց մտածելու կարող է ինչ-որ իրով հարվածել այն մարդուն, ով իրենից վերցրել է խաղալիքը:
5. 3 տարեկանում երեխան ավելի բարեհամբույր է: Նա կվիճի այն մարդու հետ, ով իրենից վերցրել է խաղալիքը, համենայն դեպս առաջին րոպեներին:
6. Երեխան աստիճանաբար սովորում է տեղափոխել իր բարկությունը խաղի մեջ: «Պիֆ-պաֆ»,- կրակում է երեխան: Նա արդեն գիտի, որ չի կարելի այլ մարդկանց ցավեցնել, որ սեփական հույզերը հնարավոր է արտահայտել խոսքով կամ խաղի միջոցով: Դա էլ հենց սոցիալականացումն է, երեխան աստիճանաբար ընդգրկվում է հասարակության մեջ, իսկ այդ բարդ պրոցեսում նրան օգնում են ծնողները:
Որոշ մասնագետներ կարծում են, որ մինչև 3 տարեկան երեխան ագրեսիա չի դրսևորում, որովհետև նրան դա չեն սովորեցնում (գիտակցված կամ չգիտակցված): Երեխան մեծանալով սովորում է արտահայտել իր բարկությունը տարրական ձևերով:
Որտեղի՞ց երեխայի մեջ այդքան ագրեսիա: Ագրեսիայի ձևավորման վրա կարող են ազդել երեխայի և մոր անձնային առանձնահատկությունները, օրինակ` նրանց խառնվածքների անհամապատասխանությունը: Որոշ մայրեր հեշտությամբ են ղեկավարում ակտիվ երեխաներին, մյուսները` ավելի հանգիստ երեխաներին: Եթե մայրը դժվարանում է կառավարել ակտիվ երեխային, ապա ավելի հավանական է, որ նա երեխային կընկալի որպես չլսող, անկառավարելի, և դա իրեն կնյարդայնացնի: Կարելի է ենթադրել, որ այդ պարագայում դաստիարակության միջոցները կուղղվեն երեխայի ակտիվությունը նվազեցնելու և զսպելու ուղղությամբ: Մոր կռիվը երեխայի բնական ակտիվության հետ առաջացնում է ագրեսիվ ռեակցիա, որի արդյունքում երեխայի ակտիվությունն էլ ավելի է սրվում: Ծնողն ու երեխան հայտնվում են փակ շրջանում: Մշտական լարվածությունը վերջիվերջո հանգեցնում է երեխային չընդունելուն, նրա հույզերի մերժմանը, ինչին երեխան շատ զգայուն կերպով է արձագանքում:
Մայրը, ով իր երեխային համարում է չափազանց դանդաղկոտ, նույնպես իրեն նյարդայնացած կզգա այս փաստից: Դա կարող է արտահայտվել մշտապես հնչող նկատողություններով և երեխայի պատասխան ագրեսիվությամբ: Երկու դեպքերում էլ հենց խառնվածքների անհամապատասխանությունն է անառողջ մթնոլորտի պատճառ լինում, որը հնարավոր է դառնա երեխայի ագրեսիվության առաջացման և ամրապնդման պատճառ: Նման իրավիճակներում մայրը (ավելի լավ է ընտանիքի անդամների օգնությամբ) պետք է գիտակցի այդ տարբերությունները և փորձի հասկանալ երեխային, նրա առանձնահատկությունները, գնա զիջումների, լուրջ վերաբերվի ժամանակի պլանավորմանը:
Ագրեսիվությունը կարող է առաջանալ խանդի պատճառով այն դեպքերում, երբ երեխան փոքր քույր կամ եղբայր ունի: Եթե երկրորդ երեխայի հայտնվելուց հետո մեծ երեխան իրեն մերժված կամ մոռացված չի զգում, եթե նրան բավարար ուշադրություն է հատկացվում և նա միանում է փոքրիկի խնամքին` դրանով զգալով իր կարևորությունը, նրա համար այս ամենն անցնում է առանց դժվարությունների: Ծնողները պետք է հստակեցնեն ագրեսիայի առաջացման պատճառը և անմիջապես միջոցներ ձեռնարկեն դրա վերացման համար:
Հաճախ հայրերը խրախուսում են տղաների ագրեսիվ վարքը: Սովորաբար այսպիսի գիտակցված ագրեսիվության դաստիարակման հիմքում ընկած է հոր այն վախը, որ տղան չի մեծանա որպես իսկական տղամարդ, չի կարողանա իրեն պաշտպանել: Այս պարագայում պահանջվում է հայրիկի հետ փոքրիկ հոգեբանական կրթական աշխատանք իրականացնել:
Այսպիսով, նշենք, որ երեխայի բնածին որակները` անհանգստություն, ցավի նկատմամբ զգայունություն, միայն նախատրամադրվածություն են ստեղծում ագրեսիվության համար, իսկ թե որքանով է այն իրացվում, կախված է սոցիալական միջավայրից և առաջին հերթին մորից:
Երեխային անհրաժեշտ է սիրող և հոգատար մայր: Ուշադրություն, ոչ թե ճիշտ մայր` շատ խելացի, գրքեր կարդացած, այլ սիրող և հոգատար մայր, ում Դ.Վ.Վինիկոտն անվանել է «սովորական, նվիրված մայր»: Երեխայի ագրեսիան ձևավորվում է ոչ այն բանից, որ մայրը երբեմն թեթև հարվածում է տուտուզիկին, այլ նրանից, որ մայրը մերժում է երեխային ու սառը վերաբերվում նրան :
Դիմելով մայրերին` ցանկանում ենք հիշեցնել` ձեր երեխային շատ բան պետք չէ լավ մարդ դառնալու համար, պետք է միայն ձեր սերն ու համբերությունը: Երբ խոսում են համբերության մասին, նկատի չունեն այն համբերությունը, որն ստիպում է վերջին ուժերով զսպել բարկությունը, այլ այն համբերությունը, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչ է կատարվում ձեր երեխայի հետ այս պահին, և ինչ հետևանքներ դա կունենա նրա հետագա կյանքում :
Ագրեսիվ վարքը երեխայի զարգացման ընթացքում բնականոն երևույթ է: Գոյություն ունեն դրա ձևավորման և դրսևորման տարբեր մակարդակներ: Դրանք կարող են կամ թուլանալ, կամ սրվել: Պետք է դրան վերաբերվել առանց ավելորդ խուճապի և հետևել սեփական վարքին, քանի որ կանցնի ագրեսիվության այս շրջանը, թե կպահպանվի և կդառնա երեխայի անձնային կայուն գիծ, կախված է միայն ծնողներից:
Այն մայրերն ու հայրերը, ովքեր կիրառում են պատժի ֆիզիկական ագրեսիվ ձևեր` ձեռքերին են հարվածում, դեմքին ապտակում, սենյակում փակում և այլն, դաստիարակում են ագրեսիվ երեխաներ: Երեխան ագրեսիվ կլինի, եթե մայրը խրախուսի նրա ագրեսիվ վարքը երեխաների հետ խաղում, տանը կամ այլ մեծահասակների ներկայությամբ: