13/06/2026
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում շարունակվում է երաժշտական երեկոների շաբաթը։ Այս անգամ հանդիսատեսը վայելեց Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի վոկալիստների «Կոմիտասը երեկ և այսօր» կոմպոզիցիան` Արմինե Միրզախանյանի և Ալվինա Տիգրանյանի ղեկավարությամբ։
«Երաժշական շաբաթ» միջոցառումների ամփոփումը տեղի կունենա հունիսի 19֊ին՝ ժամը 17։30֊ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների ելույթով։
Լուսանկարները` Էդուարդ Տեր֊Սահակյանի։
11/06/2026
Երաժշտությամբ շնչող երեկո Նանսենի այգում
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում մեկնարկեց «Երաժշտական շաբաթ» մշակութային ծրագիրը՝ իր շուրջ համախմբելով արվեստասեր բազմաթիվ այցելուների։ Միջոցառման մեկնարկը տվեցին Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի շնորհալի սաները։
Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով և Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի օրհնությամբ։ Այնուհետև դպրոցի պատանի երաժիշտներն ու պարարվեստի սաները ներկայացրին բազմաժանր կատարումներ՝ ստեղծելով բարձր տրամադրություն և տոնական մթնոլորտ։
Մշակութային հանդիպման գեղեցիկ բաղադրիչներից էր նաև դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքների ցուցադրությունը` այցելուին հնարավորություն տալով հաղորդակցվել երիտասարդ ստեղծագործողների ներաշխարհին։
«Երաժշտական շաբաթ» միջոցառումների շարքը կշարունակվի հունիսի 13-ին՝ Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ։
Լուսանկարները` Էդուարդ Տեր֊Սահակյանի
18/05/2026
Թանգարանների միջազգային օրը թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր աշխատանքային գործունեության համար Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի գլխավոր ավանդապահ Անահիտ Վարդանյանը արժանացավ ՀՀ ԿԳՄՍ Նախարարության շնորհակալագրի։
18/05/2026
Հունիսի 18֊ին Թանգարանների միջազգային օրը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում շարունակվում էր «Զաքարյան Արտ» ստուդիայի սաների «Խաղաղության թևերով» խորագրով գեղանկարչական և խեցեգործական աշխատանքների ցուցադրությունը։
Այն թանգարան–դպրոց համագործակցության գեղեցիկ և արդյունավետ օրինակ է, որի ընթացքում թանգարանի աշխատակիցները «Թանգարանը դպրոցում է» կրթական ծրագրի շրջանակում «Զաքարյան Արտ» կրթօջախում անցկացրել էին «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» թեմայով հանդիպում-քննարկում։ Այդ հանդիպման արդյունքում ծնված ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունը մեկնարկել էր Թանգարանների գիշեր միջոցառումների շրջանակում՝ արժանանալով այցելուների ջերմ ընդունելությանը։
Այսօր թանգարանի տնօրեն Ժորա Հակոբյանը սաների հետ անցկացրեց հետաքրքիր մշակութաբանական քննարկում, որի ընթացքում նրանք ներկայացրին իրենց ստեղծագործական մտորումները, զգացողություններն ու խաղաղության մասին պատկերացումները։
Ստուդիայի հիմնադիր քանդակագործ Վարդան Զաքարյանը, կարևորելով սաներին Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գաղափարախոսությանը ծանոթացնելու անհրաժեշտությունը, հույս հայտնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։
Միջոցառման կարևոր և հուզիչ պահերից էր Գայանե Ներսիսյանի կողմից Ֆրիտյոֆ Նանսենի դիմանկարի հանձնումը թանգարանին։ Ստեղծագործությունը շուտով իր արժանի տեղը կզբաղեցնի թանգարանի ցուցասրահում։
16/05/2026
Թանգարանների գիշերը Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում