Ո՞վ է տեսել, որ քարտեզը
Կոկորդ սեղմող մի ձեռք լինի…
Սիլվա Կապուտիկյան, Թուրք պատմաբանին կարդալուց հետո (1981)
ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն
ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոն
19/01/2026
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ-1
Քայլիր մի գիշեր և երկու գիշեր
և այնքան, որքան կարող ես քայլել,
գուցե այն աստղը կհայտնաբերես,
որ մարդկանց համար բնավ չի փայլել:
Գնա մի տարի և երկու տարի
և այնքան, որքան կարող ես գնալ,
և գնա նույնիսկ այն դժնի պահին,
երբ որ քայլելն է թվում անհնար:
Քայլիր մի տարի և միլիոն տարի,
մինչև որ հասնես նախապապերիդ,
մի գնահատիր ոչ անցած ճամփադ,
և ոչ էլ չնչին արժեքը բեռիդ:
Եվ եթե հասնես նախապապերիդ,
ուրեմն՝ մոտ ես եւ ապագային.-
քեզանից առաջ, նրանք շատ առաջ,
բյուր դարեր առաջ ճամփա են ելել,
և նրանք են, որ մոտիկ են արդեն
ապագաներին բոլոր նոր ու հին:
Եվ եթե հանկարծ քո ճանապարհին
նախապապերիդ դու չհանդիպես,
ուրեմն՝ սխալ ճամփով ես գնում,
և ոչ մի հրաշք չի՜ փրկելու քեզ:
Ռազմիկ Դավոյան
06/12/2025
ԱՅՍ ԳԻՇԵՐ ԵՎ ՎԱՂԸ ՑԵՐԵԿԸ ՇԻՐԱԿԻ ՀԱՐԹԱՎԱՅՐՈւՄ ԵՎ
ԳՅՈւՄՐԻ ՔԱՂԱՔՈւՄ ՍՊԱՍՎՈւՄ Է ԱՌԱՆՑ ՏՐԱՄԱԴՐՈւԹՅԱՆ
ԵՂԱՆԱԿ…
(Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծություններից մեկի վերնագիրը)
Իսկ վանքի բակում մի հայր Ուխտանես
Յոթն անգամ ահով դեմքին խաչ հանեց.
- Տե՛ր, փրկյա չարեն, ժամն է տարաժամ,
Զի վանքիս գլխին չարիքն է դաժան
Պտտվում որպես գիշակեր մի ցին։
Հայր Սիմավոնին զնդան նետեցին
Ու դողում եմ ես ահից չարագույժ,
Օ՜, ժամանակս զարհուրիկ է հույժ…
Վահագն Դավթյան, Թոնդրակեցիներ
ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ-5
Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս ընծայեց «Մաթևոսյանական ընթերցումներ» 5-րդ գիրքը։ Այն ամփոփում է 2025 թ․ մայիսի 14-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կայացած հոբելյանական գիտաժողովի ժամանակ ընթերցված զեկուցումների հիման վրա գրված ծավալուն հոդվածները։
Գիտական նստաշրջանը նվիրված էր հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին։
Շնորհակալություն հեղինակներին, գրքի խմբագիր Վազգեն Գաբրիելյանին և համալսարանի հրատարակչությանը՝ լավ ավանդույթը շարունակելու համար։
Անկախությանը վերաբերող մտքեր Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպում
1. «Վհատ, թոյլ ու ողողումէն առաջ իսկ կղզիացած սա հոգին, ամբողջ հայութիւնը հիմնովին սարսող դէպքերէ վերջ երկու գիծով միայն կը տարբերի նախորդ սերունդներէն։ Աւելի քիչ կը հաւատայ անկախութեան, եւ նուազ կ՚ատէ Թուրքը»։
2. «Ուրիշներու պէս մենք ալ մեր կրօնքը ու հաւատքը թաղեցինք պատերազմի ընթացքին: Անկախութեան մը յոյսը հալեցաւ, կորսուեցաւ յանձնուած բերդաքաղաքին հետ»։
3. «Հայը ունեցած է ազատութիւններ, երբե՛ք՝ անկախութիւն»:
17/09/2025
Իսկ սա եղել է ստալինիզմի պահանջով։ Զգացի՞ք նմանությունը։
Արարատը դարձել է Արագած։
Բայց հետո գոնե վերականգնվել է նույն «սովետական գրականության» օրոք, գլավլիտի համաձայնությամբ։
Հովհաննես Շիրազ, Երգերի գիրք, Եր., Պետհրատ, 1942, էջ 30
27/08/2025
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ԱՅՍՏԵՂ Է ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ՏԵՍԵԼ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ
Եղիշե Չարենցի կենսագրությունից լավ հայտնի է, որ նա կյանքում միայն մեկ անգամ է տեսել իր կուռքին՝ Վահան Տերյանին, այն էլ՝ փոքր-ինչ հեռվից և առանց շփվելու։ Այդ դեպքը նա 1934 թ. նկարագրել է իր օրագրում. «Տերյանին ես տեսել եմ միայն մի անգամ, Թիֆլիսում, կարծեմ 1917 թվին․– Գալավինյան պրոսպեկտի վրա այն ժամանակ գոյություն ունեցող «Чашка чаю» բարեգործական թեյատան մեջ։ Նա ինչ-որ մեկի հետ նստած թեյ էր խմում և թերթ կարդում։ Նրան մոտեցավ Կարա-Դարվիշը – այն ժամանակ ինձ անձամբ ծանոթ միակ հայ հեղինակը։ Ես անչափ նախանձեցի նրան, որ խոսում է այդպիսի մի հանճարեղ մարդու հետ․ ինձ համար Տերյանն այն ժամանակ ոչ միայն հանճարեղ պոետ էր, այլև միֆական անձնավորություն․․․․Շատ շուտով նա բարձրացավ, մոտեցավ կախարանին, որ գտնվում էր դռան մոտ, հագավ վերարկուն (մկան գույնի․ այդպիսի վերարկուներ այն ժամանակ հագնում էին կոմի-վոյաժորները), թերթերը խոթեց գրպանը և գնաց։ Ես դուրս եկա փողոց և երկար նայում էի նրա ետևից․․․»։
Չարենցի նկարագրած թեյատունը բացել էին Թիֆլիսի ունևոր հայերը՝ Եղեռնից մազապուրծ փախստականներին օգնելու, նրանց հավաքատեղի տրամադրելու նպատակով։ Նույն 1917-ից պահպանվել է մի լուսանկար, որտեղ հայ գաղթականները զրուցում են՝ սեղանների շուրջը բոլորած։
«Մի բաժակ թեյ» բարեգործական թեյարանը տեղակայված է եղել Գոլովինսկի, ներկայիս Ռուսթավելու պողոտայի միջնամասում։ Բաց աղբյուրներում հասցե չի նշվում, բայց հնաբնակ թիֆլիսցիները վկայում են, որ այն գործում էր «Լագիձե» ջրերի հանրահայտ խանութի և երբեմնի Սպայի տան (Дом офицеров) միջև։ Մայթի այդ միջակայքում հիմա գործում է «Ռուսթավելի» անունով սրճարան։ Անցել է մեկ դարից ավելի, և շատ բան է փոխվել։ Բայց սրճարանի տեղագրությունը, արտաքին տեսքը, գործունեության բնույթը և հատկապես ներքին հարդարանքը հուշում են, որ «Чашка чая» նշանավոր թեյատունը եղել է հենց այստեղ։
…Սխալվելու որոշ աննշան հավանականություն, իհարկե, կա։ Բայց մենք այդ սրճարանի ներսում և մայթին մնացինք մոտավորապես նույնքան ժամանակ, որքան Չարենցը «վայելել է» իր ամենասիրած բանաստեղծին։
12/03/2025
Հայ և համաշխարհային սիրերգության լավագույն գործերից մեկի՝ Եղիշե Չարենցի «Հեռացումի խոսքեր» (1917) բանաստեղծության առաջին հրատարակությունը։
«Հրազդան» ժողովածու, գիրք Ա, Թիֆլիս, 1918, էջ 68
http://haygirk.nla.am/upload/1512-1940/1901-1940/hrazdan_joghovatsuA_1918.pdf
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Telephone
Address
Abovyan Street 52ա
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |