16/06/2026
«Մեղեդու մեծ վարպետը» մշակութային փառատոն «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում հանդիսավոր կերպով ամփոփվեց ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Մշակույթի վարպետը» միջոցառումների շարքը, որի եզրափակիչ ակորդը դարձավ «Մեղեդու մեծ վարպետը» մշակութային փառատոնը։ Փառատոնին մասնակցում էին ծրագրի շրջանակում հայտարարված «Ձայնի գույներ․ Ավետիսյանական հնչյունների կերպարվեստային մեկնաբանում» հանրապետական ստեղծագործական մրցույթի մասնակից կրթամշակութային կազմակերպությունները։ Մրցույթը համախմբել էր Հայաստանի Հանրապետության բարձրադիր և սահմանամերձ մարզերի, ինչպես նաև Ջավախքի կրթամշակութային հաստատությունների սաներին, որոնք ներկայացրել էին ավելի քան 200 ստեղծագործական աշխատանք՝ յուրովի մեկնաբանելով մեծանուն երաժշտի արվեստն ու հոգևոր ժառանգությունը։ Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն հեղինակային աշխատանք» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Երևանի, Սյունիքի մարզի Գորիսի, Արմավիրի մարզի Տարոնիկի և Լոռու մարզի Վանաձորի ներկայացուցիչները։ «Ավետիսյանական հնչյունների կերպարվեստային մեկնաբանում» անվանակարգում լավագույններն էին Երևանի, Արարատի մարզի Նոր Խարբերդի, Սյունիքի մարզի Գորիսի, Լոռու մարզի Վանաձորի և Տավուշի մարզի Այրումի կրթամշակութային հաստատությունները։ Մրցույթի բարձրագույն՝ պատվավոր «Գրան Պրի» մրցանակին արժանացան Սյունիքի մարզի Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտուհի Արիանա Հովհաննիսյանը, Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի աշակերտուհի Մարիամ Միքաելյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցի աշակերտուհի Նատալի Նավասարդյանը։ Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով, խրախուսական նվերներով՝ գեղարվեստական գրականությամբ և Սուրբ Գրքերով։ Մյուս բոլոր մասնակիցները ժյուրիի կողմից արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ «Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցության, մշակութային նախաձեռնություններին ակտիվ մասնակցության և ստեղծագործական ներգրավվածության համար։ Փառատոնական մթնոլորտն ամբողջացվեց գեղարվեստական ելույթներով, որոնց ընթացքում իրենց ստեղծագործական ներուժը ներկայացրին նաև ծրագրի մասնակից կազմակերպությունների սաները, Գյումրու «Մի սար» նվագախումբը՝ հանդիսատեսին պարգևելով երաժշտական, պարային և բեմական գեղեցիկ ավետիսյանական կատարումներ։ Միջոցառման ընթացքում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, անդրադառնալով ծրագրի արդյունքներին, մասնավորապես նշեց. «Մշակույթը սերունդների միջև ձգվող այն անտեսանելի կամուրջն է, որի միջոցով փոխանցվում են մեր ինքնությունը, արժեհամակարգն ու հոգևոր ժառանգությունը։ «Մշակույթի վարպետը» ծրագիրը մեզ համար պարզապես միջոցառումների շարք չէր. այն դարձավ ստեղծագործելու, ճանաչելու և ազգային մշակութային արժեքներին նորովի հաղորդակից դառնալու բացառիկ հնարավորություն։ Ուրախալի է, որ այս նախաձեռնությունը համախմբեց տարբեր համայնքների ու մարզերի տաղանդավոր պատանիներին՝ ստեղծելով համագործակցության և մշակութային երկխոսության կենդանի հարթակ»։
Իրենց արձագանքն ուղղեցին նաև մասնակից հաստատությունների տնօրեններն ու ներկայացուցիչները՝ բարձր գնահատելով ծրագրի կրթամշակութային նշանակությունը և դրա ազդեցությունը պատանիների ու երիտասարդների ստեղծագործական և հոգևոր զարգացման գործում։ Նրանց խոսքով՝ «Մշակույթի վարպետը» ծրագիրը ոչ միայն մրցութային հարթակ էր, այլև բարեկամության, համագործակցության և փորձի փոխանակման եզակի միջավայր, որտեղ տարբեր բնակավայրերից ժամանած պատանիները հնարավորություն ստացան ճանաչելու միմյանց, ներկայացնելու իրենց մշակութային ինքնատիպությունը և բացահայտելու ստեղծագործական նոր հնարավորություններ։ Խաչատուր Ավետիսյանի արվեստին նվիրված այս մշակութային ուղևորությունն ավարտվեց ջերմ և ոգեշնչող մթնոլորտում՝ ևս մեկ անգամ վկայելով, որ ազգային մշակույթը շարունակում է միավորել սերունդներին, համայնքներին և հայրենիքի տարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդությանը՝ մեկ գաղափարի շուրջ՝ պահպանել, արժևորել և շարունակել հայկական մշակութային ժառանգությունը։
@հետևորդներ
03/06/2026
«Խաղաղ և երջանիկ մանկություն»
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփեց «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի» նախաձեռնությունը՝ «Տարվա իմ ներդրումը դեպի անվտանգ միջավայր» խորագրով միջոցառմամբ։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Պաննո» արվեստի տանը տեղի ունեցավ հանրակրթական դպրոցների կողմից նախապես ներկայացված «Անվտանգ և ապահով կրթության տարի» խորագրով լավագույն տեսահոլովակների հեղինակների մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների սաները՝ վարպետության դաս-ցուցահանդեսով։
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԿԶՆԱԿ-ի տնօրեն Ժաննա Հարությունյանը։
Ողջունելով ներկաներին՝ նախարարը շնորհավորեց երեխաներին հունիսի 1-ի առիթով՝ ընդգծելով, որ պատահական չէ, որ սեպտեմբերից մեկնարկած «Անվտանգ և ապահով ուսումնական տարի» նախաձեռնության ամփոփումն իրականացվում է հենց այս օրը։
Նախարարը մրցանակաբաշխության հաղթողներին հանձնեց նվերներ՝ կավե տնակ-լուսամփոփներ, որոնք պատրաստել էին «Ընտանիք» կենտրոնի կավագործության խմբակի սաները։
«Մենք փոխանցեցինք խորհրդանշական նվերներ, որոնք տնակներ էին, ներսից վառվող լույսով և այդ տնակները խորհրդանշում են դպրոցի պատկերը, որ մենք ուզում ենք ունենալ լուսավոր, ջերմ, ապահով և անվտանգ միջավայր երեխաների համար, այսօր նաև առիթ ունեցանք ծանոթանալու մեր տաղանդավոր երեխաների գործերին և պետք է նշեմ, որ բացի դպրոցներից մեր համակարգում գործում են արտադպրոցական կենտրոններ, որտեղ բազմաթիվ երեխաներ հենց նման կենտրոններում են խմբակներ հաճախում ստեղծագործում, և այս ցուցադրությունն էլ առիթ էր, որպեսզի նրանց տեսանելի դարձնենք»,-նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:
Այնուհետև հյուրերը շրջեցին ցուցասրահում, ծանոթացան կենտրոնի սաների ավելի քան 200 աշխատանքների, ինչպես նաև տեղում հետևեցին կավագործության, թաղիքագործության, վիտրաժային նկարչության, քվիլինգի և բատիկի վարպետության դասերին։
Նախարարն ընդգծեց արտադպրոցական կրթության դերն ու նշանակությունը մարզերում՝ հատկապես սաների մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև արհեստների և արվեստի տարբեր ճյուղերի նկատմամբ հետաքրքրության ձևավորման գործում։
Իր խոսքում կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն ևս կարևորեց արտադպրոցական կրթության նշանակությունը՝ որպես ազգապահպանության կարևոր բաղադրիչ, և ներկայացրեց կենտրոնի ընթացիկ ու առաջիկա բազմաբովանդակ ծրագրերը։
03/06/2026
«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ». Տաշիրում արժևորվեց Խաչատուր Ավետիսյանի երաժշտական ժառանգությունը
Տաշիրի մշակույթի կենտրոնում կայացավ «Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագրով մշակութային միջոցառումը՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին։ Միջոցառումն իրականացվեց «Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Երեկոն համախմբել էր արվեստասեր հանդիսատեսին, մշակույթի գործիչներին, մանկավարժներին և ստեղծագործական խմբերի սաներին՝ մեկ հարկի տակ միավորելով երաժշտությունը, պարը, կերպարվեստն ու ազգային մշակութային արժեքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների հիման վրա ձևավորված բազմաժանր կատարումներ։
Բեմում համատեղ հանդես եկան Տաշիրի մշակույթի կենտրոնի, «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Կաթնառատ համայնքի պարային և գեղարվեստական համույթները։ Ներկայացումները առանձնանում էին բարձր կատարողական վարպետությամբ, ազգային ոգու պահպանմամբ և երիտասարդ սերնդի ստեղծագործական ներուժի դրսևորմամբ։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր նաև կերպարվեստի ներկայացումը։ Հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու «Արտացոլված մեղեդիներ. արվեստների երկխոսություն դեկորատիվ ստեղծագործություններում» նկարչական պլեների շրջանակում ստեղծված աշխատանքներին։ Ցուցադրված ստեղծագործությունները, որոնք տեղում հեղինակում էին «Ընտանիք» կենտրոնի սաները, արտացոլում էին Խաչատուր Ավետիսյանի երաժշտական աշխարհը՝ գույների, ձևերի և ազգային խորհրդանիշների միջոցով։
Մշակութային երեկոյի ավարտին մասնակիցները միասնական շուրջ պար բռնեցի դհոլի և դուդուկի հնչյունների ներքո:
«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» ծրագիրը հերթական անգամ ընդգծեց Խաչատուր Ավետիսյանի արվեստի արդիականությունն ու նշանակությունը՝ ամրապնդելով մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման կարևորությունը։
02/06/2026
«Ընտանիք» կենտրոնում անցկացվեց բաց դաս անգլերեն լեզվից՝ «Անգլերենը՝ կամուրջ աշխարհի ժողովուրդների միջև» խորագրով։
Բաց դասը ներկայացվեց երկլեզու՝ հայերեն և անգլերեն ձևաչափով՝ ուղեկցվելով ինտերակտիվ սահիկաշարով։ Սաները ներկայացրին անգլերեն լեզվի տարածման պատմական պատճառները, դրա կիրառությունը տարբեր ոլորտներում և կարևորությունը ժամանակակից աշխարհում՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական զարգացման տեսանկյունից։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց սաների և արհեստական բանականության աջակցությամբ պատրաստված տեսանյութ, որն առավել պատկերավոր դարձրեց ներկայացվող նյութը։ Ցուցադրվեց նաև Նարե Ավդալյանի կողմից իրականացված հետազոտական աշխատանքի արդյունքը՝ աշխարհի քարտեզը, որը պատկերում էր անգլերեն լեզվի տարածվածությունն աշխարհում։
Բաց դասի եզրափակիչ հատվածում խմբավարը սաներին առաջարկեց նկարների միջոցով բնութագրել անգլերեն լեզուն և ձևակերպել նախադասություններ՝ ամրապնդելով ստացած գիտելիքները։
02/06/2026
«Ընտանիք» ՄՊՍ կենտրոնում անցկացվեց «Best English Legends and Tales» խորագրով միջոցառում, որի նպատակն էր ներկայացնել և վերլուծել անգլիական բանահյուսության դերն ու ազդեցությունը լեզվամտածողության ձևավորման գործում: Արժևորվեց բանահյուսությունը, որպես ոգեշնչման աղբյուր, որը նպաստեց սաների լեզվական և մշակութային ինքնության ձևավորմանը, ինչպես նաև խթանեց անգլերենի բանավոր խոսքի զարգացումն ու բառապաշարի հարստացումը։
Սաները ներկայացրին անգլիական լավագույն լեգենդներից մի քանիսը։ Բեմում ներդաշնակորեն միահյուսվել էին թատերական խաղն ու երաժշտությունը՝ ստեղծելով յուրահատուկ մթնոլորտ։ Անգլերեն պարզ ու հստակ երկխոսությունների միջոցով սաները ներկայացրին լեգենդների հետաքրքիր դրվագներ, որոնք միաժամանակ թարգմանվում էին հայերեն՝ ապահովելով ներկայացման լիարժեք ընկալումը հանդիսատեսի կողմից։
Միջոցառմանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ և սաներ, որոնք մեծ հետաքրքրությամբ, ոգևորությամբ հետևեցին ներկայացմանը՝ բարձր գնահատելով մասնակիցների կատարողական վարպետությունն ու լեզվական հմտությունները։
02/06/2026
https://escs.am/am/news/36759
Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց լսելուց. Ժաննա Անդրեասյան - ՀՀ ԿԳՄՍՆ
Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Անվտանգ և ապահով կրթական ....