21/08/2026
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տան տնօրենի,
ողջ անձնակազմի, ծնողների և սաների անունից խորին ակնածանքով և որդիական ջերմությամբ շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առիթով։
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար ու օրհնյալ կյանք, հոգու խաղաղություն և անսպառ ուժ՝ Ձեր աստվածանվեր առաքելությունը շարունակելու և Հայոց Սուրբ Եկեղեցին ու հավատավոր ժողովրդին առաջնորդելու սրբազան ճանապարհին։
Թող Ամենակալ Աստծո օրհնությունն ու Սուրբ Աջի հովանին մշտապես ուղեկից լինեն Ձերդ Սրբությանը, պարգևեն իմաստություն, զորություն և նորանոր հաջողություններ՝ ի փառս Աստծո և ի բարօրություն մեր ժողովրդի։
20/07/2026
Գյումրու Հայորդաց տան Ավանդական կարատե-դո դասարանի ինը սաներ՝ Գրիգոր Հովհաննիսյանը, Նարեկ Հակոբյանը, Աշոտ Մելիքյանը, Մկրտիչ Սիմոնյանը, Դանիել Սարգսյանը, Ալեն Մովսիսյանը, Ֆերդինանտ Սարգսյանը, Նարեկ Հունանյանը և Վարդան Աղաբաբյանը, մասնակցեցին 2026 թվականի հուլիսի 19-ին կայացած ARARAT CUP միջազգային մրցաշարին՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և մարզական վարպետություն։
Մեր մարզիկները տարբեր մրցաձևերում նվաճեցին 4 ոսկե, 1 արծաթե և 6 բրոնզե մեդալ։
Մրցաշարում գրանցած հաջողությունների և նվաճած մեդալների արդյունքում թիմն արժանացավ նաև ARARAT CUP առաջնության գավաթին։
Շնորհավորում ենք մեր սաներին և մարզչին,մաղթում նոր հաղթանակներ։❤️
Մարզիչ՝ Ա.Զենոբյան
02/07/2026
Հաջողությամբ անցկացվեց նկարչության դասարանի ստուգարքը։
Սովորողները ներկայացրին իրենց ստեղծագործական աշխատանքները՝ ցուցադրելով երևակայություն, գեղագիտական ճաշակ, աշխատասիրություն և ձեռք բերած գիտելիքները։ Յուրաքանչյուր աշխատանք յուրահատուկ էր և արտացոլում էր երեխաների անհատական մոտեցումն ու ստեղծագործ միտքը։❤️
Մանկավարժ՝ Ա. Կոշտոյան
25/06/2026
Կայացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տան 2025-2026թթ. ուս տարվա հաշվետու համերգը։ Համերգի բացումն ազդարարվեց նկարչական դասարանի ցուցահանդեսով։ Այնուհետև, սպորտի դասարանները ներկայացան իրենց նշանակալի հաղթանակներով ու ձեռքբերումներով՝ հերթական անգամ ապացուցելով իրենց նպատակասլացությունն ու կամքը։
Իսկ համերգի մասնակիցները փայլեցին իրենց վարպետությամբ ու տաղանդով։
Համերգի հյուրերն էին Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հայր Հարություն Կիրակոսյանը, հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տեր Տաճատ վարդապետ Ծատուրյանը, Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու հոգաբարձուներ տիկին Սյուզան Ռուբենը և պարոն Սյունիլ Սոբտին, Հայորդյաց տների հոգևոր սպասավորներ Տեր Նահապետ Քհն. Կարապետյանը, Տեր Ենովք Քհն. Եսայանը և ՀՏԿԳ ուս. գծով փոխտնօրեն Լիաննա Առաքելյանը։
22/06/2026
Սիրով հրավիրում ենք Գյումրու Հայորդյաց տան 2025-2026 ուստարվա հաշվետու համերգին,որը կկայանա 24.06.2026թ.՝ ժամը 17.00-ին, Հայորդյաց տանը։
Հասցեն՝ ք.Գյումրի,Օզանյան1։
22/06/2026
Գյումրու Հայորդաց տան Ավանդական կարատե-դո դասարանի ինը սաներ՝ Գրիգոր Հովհաննիսյանը, Նարեկ Հակոբյանը, Աշոտ Մելիքյանը, Մկրտիչ Սիմոնյանը, Դանիել Սարգսյանը, Ալեն Մովսիսյանը, Ֆերդինանտ Սարգսյանը, Նարեկ Հունանյանը և Վարդան Աղաբաբյանը, մասնակցեցին 2026 թվականի հունիսի 19-20-ը կայացած Ֆուդոկան կարատեի Ասիայի բաց առաջնությանը՝ ցուցադրելով բարձր պատրաստվածություն և մարզական վարպետություն։
Մեր մարզիկները տարբեր մրցաձևերում նվաճեցին 1 ոսկե, 11 արծաթե և 13 բրոնզե մեդալ։
Մրցաշարում գրանցած հաջող ելույթների և նվաճած մեդալների արդյունքում թիմն արժանացավ նաև Ասիայի բաց առաջնության գավաթին։
18/06/2026
Հաջողությամբ ավարտեցինք կրոնի գիտելիքների ստուգումը։ Այս փուլը ևս մեկ անգամ ցույց տվեց երեխաների հետաքրքվածությունն ու ձգտումը՝ ճանաչելու հոգևոր արժեքները։❤️
Մանկավարժ՝ Օֆելյա Մխիթարյան
27/05/2026
Ղարիբջանյանի միջնակարգ դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները այցելեցին Գյումրու Հայորդյաց տուն՝ ավելի մոտիկից ծանոթանալու այստեղ իրականացվող բազմաբնույթ գործունեությանը։ Այցի ընթացքում նրանք շրջեցին կենտրոնում, ծանոթացան կրթական, մշակութային ու սպորտային ծրագրերին։Մասնակցեցին հետաքրքիր հանդիպումների ու քննարկումների՝ թատերական,պարի, նկարչության, գեղարվեստական մարմնամարզության և ձյուդոյի դասարաններում։ Օրը անցավ ջերմ և բովանդակալից մթնոլորտում՝ թողնելով գեղեցիկ տպավորություններ ու գիտելիքներ։