04/12/2022
Գեղագիտական կենտրոնի մշակութային եռուզեռն անդադար է…
Տեղի միջոցառումներից զատ,ինչպես գիտեք, մեր կենտրոնի սաները մասնակցում են նաև միջազգային մրցույթ-փառատոններին։
Այս անգամ Գեղագիտական կենտրոնի երեք սաներ(խմբակավարներ Վահիդա Ղանադյան, Արմենուհի Մարտիրոսյան, Արմինե Ղադիմյան) մասնակցել են Լեհ կոմպոզիտոր Ստանիսլավ Մունիսկոյին նվիրված 7-րդ միջազգային բիենալեին, որի համար ստացել ենք մասնակցության դիպլոմ և 3 մասնակիցների համար նախատեսված լրագրերը, որտեղ զետեղված են հաղթողների աշխատանքները և բոլոր մասնակիցների անուններրը։
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մասնակիցներին և աջակիցներին։
30/11/2022
Իմ Արտաշատ…
Իմ Արտաշատ դու արդեն 2210 տարեկան ես:
Ինչպես յուրաքանչյուր քաղաքի, այնպես էլ Արտաշատին յուրօրինակ դիմագիծ ու կոլորիտ տալիս են առաջին հերթին այնտեղ ապրող մարդիկ: Ինչպիսին մենք ենք, այնպիսին մեր քաղաքն է: Յուրաքանչյուրս պետք է փոքրիկ ներդնումն ունենա մեր քաղաքի համար ավելի լուսավոր օրերի պայմաններ ստեղծելու գործում՝ հոգ տանելով, փայփայելով, սիրելով…
Եկեք մաղթենք Արտաշատ քաղաքին բարգավաճում ազատ ու անկախ Հայաստանում: Ու թող ո´չ մի արտաշատցի հարկադրված չլինի կարոտել ու սիրել հարազատ քաղաքը հեռվից:
Ս/թ-ի նոյեմբերի 18-ին Արտաշատի գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Արտաշատ քաղաքին, որին մասնակցում էին կենտրոնի մոտ 200 աշակերտներ: Կենտրոնի երգի և պարի խմբակի սաները իրենց գեղեցիկ ելույթներով հաճելի պահեր պարգևեցին բոլոր ներկաներին, խմբավարներ՝ Անժելա Բադալյան, Նարինե Պետոյան, Մարիամ Հովհաննիսյան: Իսկ թատերական խմբակը հանդես եկավ Արտաշատի հիմնադրման պատմությանը նվիրված ուշագրավ բեմադրությամբ: Երեխաները շատ բեմական էին, ունեին հստակ, սահուն խոսք, որտեղ զգացվում էր խմբավար Օվսաննա Սարգսյանի մեծ աշխատանքը: Իսկ վերջում բոլորը մեծ սիրով դիտեցին ձեռագործ խմբերի ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը նվիրված սիրելի քաղաք Արտաշատին:
30/11/2022
Նոյեմբերի 24-ին կենտրոնի հարակից բակում անցկացվեց վարպետության դաս, որի հյուրերն էին Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորները, ովքեր իրականացնում են բազմաթիվ բարեգործական ծրագրեր և «Փոքրիկ իշխաններ» զարգացման կենտրոնի սաները։
Անհատական դասերից զատ թիմային աշխատանքը կարևորելով՝ դասին ընդգրկված էին հելունագործության, մաքրամեի, կարպետագործության հմուտ խմբակավարների աշակերտները։
Մաքրամեի խմբակի սաներն դասից բացի իրեց խմբակավար Աիդա Անտոնյանի հետ ներկայացրեցին խմբակի կարգախոսը և հայկական դրոշի գույներով թևնոցներ նվիրեցին հյուրերին։
Հելունագործության խմբակի աշակերտները խմբակավար Լուսինե Պողոսյանի հետ ներկայացրեցին հելունագործության հմտությունները, իսկ կարպետագործության խմբակի աշակերտներն ուրախ ընդունեցին իրենց աշխատանքին ուշիուշով հետևող փոքրիկ հյուրերին։
Բակը բազմամարդ էր և անցկացված դասից տպավորված էին թե՛ անցորդները, թե՛ հյուրերը և թե՛ իրենք աշակերտները։
19/11/2022
Ս/թ նոյեմբերի 18-ին Գեղագիտական կենտրոնում անցկացված հերթական միջոցառման ժամանակ Կենտրոնի ներկայիս տնօրեն Մելանյա Սարգսյանը հանձնեց պատվոգրեր և խրախուսական մրցանակներ խմբակավար Հասմիկ Գրիգորյանի «Գեղարվեստական ձևավորում» խմբակի սան Նունե Մանուկյանին և խմբակավար Արմինե Մարտիրոսյանի «Նկարչություն և կոլաժ» խմբակի սան Մարիաննա Խաչատրյանին, ովքեր գարնանը մասնակցել էին իտալական մշակույթին նվիրված ամենամյա ցուցահանդես-մրցույթին, և որոնց աշխատանքները արժանացել էին լավագույնը ճանաչմանը։
Արդյունքները ամփոփվել էին Կենտրոնի և Կենտրոնի գործընկեր Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի համատեղ ուժերով, իսկ վկայականների երկկողմ ստորագրումը և աշխատանքների ակադեմիային հանձնումն իրականացրել էր կենտրոնի նախկին տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ում հայտնում ենք մեր մեծագույն շնորհակալությունը։