Հարգելի՛ ուսուցիչներ, աշխատակիցներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ
Անձնական դիմումիս համաձայն՝ դադարեցվել են լիազորություններս դպրոցի տնօրենի պաշտոնում։
Շնորհակալություն եմ հայտնում չորս ու կես տարիների համագործակցության, միասին կերտած աշխատանքային մթնոլորտի, ձեր նվիրումի և ուսուցչի պատասխանատու առաքելությունը իրականացնելու համար։ Այս տարիների ընթացքում մենք միասին հաղթահարել ենք դժվարություններ, կիսել հաջողություններ և միշտ շարունակել առաջ շարժվել՝ ի նպաստ մեր աշակերտների կրթության և դաստիարակության։
Դուք դարձաք իմ կյանքի կարևոր փուլի «ուսուցիչները», լիահույս եմ ՝ մեր միասնական աշխատանքի ընթացքում իմ ներկայությունը և աշխատանքը նույնպես իրենց ներդրումն են ունեցել ձեր մեջ որոշակի արժեքային համակարգի ձևավորման և ամրապնդման գործում։
Թող ձեր ուսուցչական առաքելությունը միշտ լցված լինի ոգեշնչմամբ, սերունդների ապագան կերտելու հպարտությամբ և այն համոզմամբ, որ ձեր աշխատանքը փոխում է կյանքեր։ Մաղթում եմ առողջություն, անսպառ ուժ, նորանոր մասնագիտական ու անձնական հաջողություններ։
Սիրելի՛ աշակերտներ, դուք միշտ կլինեք իմ սրտում։ Մենք միասին անցել ենք ուրախ ու դժվար պահեր, սովորել ենք միմյանցից, կիսվել ենք ժպիտներով և երազանքներով։ Ձեր հաջողությունները լինելու են իմ ամենամեծ ուրախությունը, և որտեղ էլ լինեմ, ես կհպարտանամ ձեզնով։ Թող ձեր ճանապարհը լինի լույսով, վստահությամբ ու հավատով լի։
Տեղեկացնում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնական հրամանով դպրոցի տնօրենի պարտականությունները կատարող է նշանակել Մարիա Հանիսյանին 6 ամիս ժամկետով։ Խնդրում եմ աշխատանքային բոլոր հարցերում համագործակցել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։
Հավատում եմ, որ անցած ճանապարհից դասեր քաղելով՝ կգործեք ավելի գիտակցված և ուժեղ։ Վստահ եմ, որ նախկին փորձը կօգնի, որպեսզի նույն սխալները չկրկնվեն, ինչի արդյունքում ձեր աշխատանքն էլ ավելի արդյունավետ ու հաջող կլինի՝ պահպանելով ջերմ և աշխատանքային առողջ հարաբերություններ։
Հանիսյա՛ն ջան, այս պատասխանատու և կարևոր առաքելության իրականացման գործում թող Ձեր աշխատանքը միշտ ուղեկցվի առողջությամբ, ուժով, համբերությամբ և բազմաթիվ մասնագիտական ու անձնական ձեռքբերումներով։
Այսօր իմ կյանքի մի կարևոր էջ փակվում է։ Տնօրեն լինելու ճանապարհս եղել է լի փորձություններով, հաղթանակներով և անգնահատելի փորձով։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ում հետ կիսել եմ այս ճանապարհը, ովքեր ինձ աջակցել են ու վստահել։ Այսօր ես այդ էջը սիրով և գոհունակությամբ փակում եմ՝ դեպի նոր հորիզոններ քայլելու համար։ Նոր սկիզբը միշտ բերում է նոր երազանքներ, նոր հնարավորություններ, և ես պատրաստ եմ բացել այդ դռները։
Հ.Գ.
Կարծում եմ, արդեն պարզ է, որ ինձ համար պաշտոնը կամ աթոռի համար պայքարը երբեք կյանքի նպատակ չեն եղել։ Իմ նպատակը միշտ եղել է ծառայել գործին, մարդկանց, ընտանիքիս և այն արժեքներին, որոնց հավատում եմ։
Շնորհակալություն համագործակցության համար։
Հարգանքով ու շնորհակալությամբ՝
Քարմիլե Առաքելյան
Աբովյանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց
Դպրոցն ունի մեկդարյա պատմություն, սակայն շենքը կառուցվել է 1964 թվականին։
31/07/2025
Մեր դպրոցի 11-րդ դասարանի սովորող Դավիթ Մնացականյանը 2025թ. մարտին մասնակցել է Հայաստանում ֆուտբոլային միջազգային կազմակերպության կողմից անցկացվող ընտրության փուլին։ Անցնելով այդ փուլը՝ 1 ամսով մեկնել է Իսպանիայի Ուեսկա քաղաքի ֆուտբոլային ակադեմիա, մասնակցել և անցել է ընտրության 2-րդ փուլը ՝ ձեռք բերելով հնարավորություն 1 տարով մարզվելու նույն ակադեմիայում։
Դավիթին մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
03/06/2025
Հեծանվային սպորտի միջազգային օրվա կապակցությամբ դպրոցի տարածքում կազմակերպվեց հեծանվային երթ
26/05/2025
❤️❤️❤️
Ձեզ բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ
Սիրելի՛ ուսուցիչներ, շրջանավարտներ, ծնողներ
Լինում են պահեր, երբ ժամանակի մեջ հավերժանում են ակնթարթները և իրենց յուրօրինակ, մոգական ուժով լցնում են էությունդ, քեզ դարձնում զգացմունքների կծիկ, տեղատարափ զգացմունքների անվերջանալի անձրև, որ փայտփորիկի նման կտցահարում է հոգիդ, ուր թաքնված են անջնջելի հիշողություններ դպրոցական կյանքի, աշակերտական տարիների մասին: Ամեն ինչ պարուրվում է կարոտով:
Ասում են՝ այն, ինչ որ հոգու հետ կապ ունի, չունի սկիզբ ու վերջ, ունի միայն ընթացք: Ուրեմն ձեր դպրոցական կյանքն էլ չունի վերջ ու սկիզբ, իր շարունակական ընթացքով այն նման է գողտրիկ երազի:
Սիրելինե՛րս, հիշե՛ք, գիտության արդյունքը վարքի ուղղությունն է. ուրեմն եթե որևէ գիտուն բարի վարք չունի, արդյունքից խոտորված է և իրականում գիտուն չէ, որովհետև գործի պսակիչն ու տեսակավորիչը վարքագիծն ու դրա արդյունքն է: Ուստի պետք է բարոյական գիտելիքներ ձեռք բերել՝ կամքը դեպի բարին ուղղելու համար. ՄԱ՛ՐԴ եղեք և ՄԱ՛ՐԴ մնացեք ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից:
Սիրելի՛ տղաներ, շուտով ամառային զորակոչն է. որտեղ էլ որ զորակոչվեք, եղե՛ք հպարտ՝ կերտելով հայ զինվորի հերոսական ու մարտնչող կերպարը: Ձեր ավագ ընկերները հարթել են ձեր պատվո ճանապարհը, բա՛րձր պահեք հայի ու հայ զինվորի պատիվը:
Երախտագիտության ու գնահատանքի խոսքեր եմ ուզում հղել նաև ձեզ՝ սիրելի՛ մանկավարժներ՝ շնորհակալությամբ ընդգծելով ձեր վեհ առաքելությունը. դուք լուսավորում եք աշակերտի ընթացքը՝ ցույց տալով նրան կյանքի ճիշտ ուղին, խոչընդոտները հաղթահարելու ելքերը և փոթորիկներին դիմակայելու համար մատուցում եք անհրաժեշտը։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ մաղթելով երազանքների և մտահղացումների իրականացում՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների:
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ, և շատ կարևոր է, որ այն ազնիվ ու մաքուր սկիզբ ունենա. ապագան ձերն է, հատկապես որ այն ստեղծում եք հենց դուք:
Բարին ընդ ձեզ:
Դպրոցի տնօրեն Ք. Առաքելյան
ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻՆ ԸՆԴԱՌԱՋ
XIIԴ❤️❤️❤️
20/05/2025
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ԹԵՄԱ` «Խելացի հենակետերի մոդելների նախագծում»
ԴԱՍԱՐԱՆ`10-րդ
Ուսուցիչ` Հայկ Ազիզյան
Նախագծի նպատակները
• Ուսումնասիրել ժամանակակից մարտական հենակետերի կառուցվածքն ու գործառույթները։
• Մշակել խելացի մարտական հենակետի մոդել, որը կօգտագործի ժամանակակից տեխնոլոգիաներ՝ արդյունավետությունը բարձրացնելու համար։
• Ստեղծել մոդելի 3D մակետ և ներկայացնել նրա գործառույթները։
Ակնկալվող վերջնարդյունքներ
• Խելացի մարտական հենակետի մոդելի 3D մակետ։
• Նախագծի ներկայացում պրեզենտացիայի տեսքով։
• Սովորողների գիտելիքների և հմտությունների զարգացում ժամանակակից տեխնոլոգիաների և մարտական հենակետերի կառուցման ոլորտում։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the school
Website
Address
Armenia, Barekamutyun Street
Abovyan