22/02/2026
Ուղիղ 4 տարի առաջ հիմնադրվեց "Քառակուսի" կրթական հիմնադրամը։ Մենք հազվադեպ ենք պատմում մեր արածի ու արդյունքների մասին։ Այժմ փորձենք մի քիչ գլուխ գովալ։ Օրեր առաջ ամփոփվեց 2025-26 ուսումնական տարվա մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադան։ Բոլոր դասարաններում առաջին տեղ զբաղեցրած աշակերտը առնչություն ունի մեզ հետ։
7-րդ դասարանցին - մասնակցել է 2023-24 տարվա աշնանային ճամբարին։ Դեպի Շշնջացող ջրվեժ ամփոփիչ արշավի ամենաաշխույժ արշավականն էր։
8-րդ դաարանցին - մասնակցել է նախորդ երեք տարիների ամառային ճամբարներին, օլիմպիական խմբակներին։ Այժմ էլ հաճախում է մեր 8-րդ դասարանի օլիմպիական խմբակ, որը վարում են Վաչագան Դիլանյանն ու Տիգրան Չթչյանը։
9-րդ դասարանցին - 2022-2023 ուս․ տարի հաճախել է Նարեկ Մկրտումյանի վարած 6-րդ դասարանցիների խմբակ։
10-րդ դասարանցին - մասնակցել է 3 ամառային ճամբարների։ Հաճախել/հաճախում է օլիմպիական խմբակներին, որոնք վարել են Մհեր Կարագուլյանն ու Սմբատ Գոգյանը։
11-12-րդ դասարանցին - մասնակցել է ամառային ճամբարի, հաճախել է օլիմպիական խմբակներ։ Այժմ հաճախում է Գրիգոր Քերոբյանի խմբակ։
Հաղթող աշակերտները սովորում են "Այբ", "Գազպրոմ Արմենիա", "Ուսում" դպրոցներում, "Քվանտ" վարժարանում ու ֆիզմաթ հատուկ դպրոցում։ Բնականաբար, յուրաքանչյուր աշակերտի հաջողության հիմքում բազմաթիվ այլ գործոններ էլ կան, որոնցից գլխավորն աշակերտի տաղանդն ու աշխատանքն են։ Բայց և այնպես, "Քառակուսի" կրթական հիմնադրամով հպարտ ենք, որ կարողանում ենք լինել համախմբման վայր ու փարոս։
Սրտանց շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, հաղթողներին ու մաթեմատիկայի սիրահարներին։
06/02/2026
"Քառակուսի" կրթական հիմնադրամը հունվարի 25-փետրվարի 1-ը համակարգեց 17-րդ "Երիտասարդ մաթեմատիկոսների միջազգային մրցաշարը"։ Մրցաշարը յուրօրինակ է նրանով, որ թիմային է, իսկ խնդիրները ոչ թե օլիմպիական են, այլ հետազոտական, որոնց մի մասի պատասխանը հայտնի չէ նույնիսկ հանձնաժողովի անդամներին ու խնդիրների հեղինակներին։
⌛⌛⌛Սեպտեմբերի 27-ին թիմերը ստացան 10 հետազոտական առաջադրանք ու 3․5 ամիս աշխատեցին՝ իրենց ղեկավարների առաջնորդությամբ։
✔️✔️✔️ Հունվարի 10-ին թիմերը ներկայացնում են իրենց աշխատանը։ Յուրաքանչյուր թիմ պարտավոր է ներկայացնել առնվազն 5 առաջադրանքի վերաբերյալ գրանցած առաջընթացը։
🏨🏨🏨 Հունվարի 25-փետրվարի 1-ը Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի հյուրատանն անցկացվեց մրցույթի հիմնական փուլը։ Թիմերը ներկայացնում էին իրենց հետազոտությունները, բանավիճում մյուս թիմերի հետ։
🥇🥇🥇 Մրցույթի արդյունքում Բելառուսի, Գերմանիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Ռումինիայի և Ռուսաստանի թիմերն արժանացան մեդալների, իսկ Չինաստանի ու Պակիստանի թիմերը՝ գովասանագրերի։
COVID-19 համավարակի պատճառով 2020 թվականից մրցաշարն անցկացվում էր օնլայն ձևաչափով։ Այս տարի միջոցառումն անցկացվեց օնլայն և օֆլայն ձևաչափերի համադրությամբ։
Շնորհակալ ենք ԵՊՀ - Yerevan State University մրցաշարի կազմակերպման հարցում օժանդակելու և աջակցելու համար։
22/12/2025
🤖🤖🤖Մեկնարկում ենք "Արհեստական բանականություն" օլիմպիական խմբակը՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։
📚📚📚Մասնակցության համար խիստ ցանկալի է 9-րդ դասարանի մաթեմատիկայի գիտելիքի լավ իմացություն և ծրագրավորման բազային գիտելիքներ (լեզուն կապ չունի):
🕰️🕰️Շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի, շաբաթ 15։30 ։
Հանդիպման տևողությունը մոտ 2 ժամ։
🏠Հանդիպման վայրը՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի 423 լսարան (Ալեք Մանուկյան 1):
🧑🏫👩🏫Խմբակը վարելու են մաթեմատիկայի, ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաների մեդալակիրները, արհեստական բանականության բարձրակարգ մասնագետները։
Մեկնարկը տրված է, համեցեք։ Գրանցում չկա։ Սիրով կպատասխանենք բոլոր հարցերին։
12/12/2025
Մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի 6-րդ դասարանի խնդիրների լուծումը - մաս 1
հղումը մեկնաբանությունում։
2025/26 օլիմպիադայի դպրոցական փուլ, 6-րդ դասարան, մաս 1
Քննարկել ենք 2025/26 ուսումնական տարվա մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի 6-րդ դասարանի 1-10 խնդիրները։ Օլիմպիադան կայացել է 2025 թվականի նոյեմբերի 17-ին։
27/11/2025
Քննարկում ենք մաթեմատիկայի օլիմպիադայի 7-րդ դասարանի խնդիրները։
https://youtu.be/HxZoVSs3GRU
2025/26 օլիմպիադայի դպրոցական փուլ, 7-րդ դասարան
Քննարկել ենք 2025/26 ուսումնական տարվա մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի 7-րդ դասարանի խնդիրները։ Օլիմպիադան կայացել է 2025 թվականի նոյեմբերի 17-ին։
24/11/2025
Լուծում ենք մաթեմատիկայի օլիմպիադայի դպրոցական փուլի 5-րդ դասարանի խնդիրները։ Հղումը․
https://youtu.be/RT6UDLS03tQ
17/11/2025
Թռչունների գիտակ Սիրանուշի ուղեկցությամբ թռչնասեր քառակուսիականներով այցելեցինք Արմաշի լճեր ու Հրեշտակների ձոր։ Ծանոթացանք ու դիտեցինք տարբեր թռչուններ, Հրեշտակների ձորի քայլարշավը նույնպես տպավորիչ էր երեխաների համար։ Ճանապարհին հանդիպեցինք նաև փողոցն անցնող կրիայի։
20/10/2025
Հոկտեմբերի 7-ին մեր հիմնադրամի տնօրենն ու խորհրդի անդամ Վաչագան Դիլանյանն այցելել էին Ուրծաձորի միջնակարգ դպրոց։ Վաչագանը 9-րդ դասարանցիների հետ վարեց բաց դաս։ Դասից հետո կազմակերպվեց ինտելեկտուալ մրցույթ 6ա և 6բ դասարանցիների միջև։ Մրցույթի հաշիվն էր 18-18 և հաղթողին որոշելու համար հնչեց լրացուցիչ հարցը, որին շուտ պատասխանող թիմը դարձավ հաղթող։ Հաճելի և օգտակար օր էր ոչ միայն դպրոցականների, այլ նաև դպրոց այցելած մասնագետների համար։
09/10/2025
Դուք դպրոցական տարիքում հնարավորություն ունեի՞ք գիշերը 10-ին հարց ուղղել դասագրքի հեղինակին ու առավոտյան 8։30 ստանալ բացատրող պատասխան։ Մեզ հետ դա իրականություն է։ Բոլոր հարցերին տալիս ենք պատասխաններ կամ տրամադրում օժանդակ նյութեր։
05/10/2025
Վազքի սիրահարները մասնակցում են Երևանյան մարաթոնին, իսկ մաթեմատիկայի սիրահարները` "Քաղաքների մրցաշարի" աշնանային առաջին փուլին։ 5 ժամ շարունակ գեղեցկագույն խնդիրներ, որոնք լուծելու համար պետք է ցուցաբերել հնարամտություն և ստեղծարար մտածողություն։
01/10/2025
"Քառակուսի" կրթական հիմնադրամը սկսում է օնլայն հանդիպումների "Օլիմպիական քննարկումներ" շարքը, որի նպատակն է մեթոդապես օգնել 5-8 դասարանցիների հետ օլիմպիական խմբակ անող ուսուցիչներին և այլ մասնագետներին։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն օլիմպիական խնդիրներ, կլուծվեն տարբեր մեթոդներով, կհամեմատվեն լուծման ձևերը։ Ամեն թեմայի համար կառաջարկվեն խնդիրներ, որոնք ուսուցիչները կօգտագործեն իրենց օլիմպիական խմբակում։
Հանդիպումները անցկացվելու են ամեն հինգշաբթի, ժամը 19։00 Զում հարթակում։ Միացման հղումն է https://r.math.am/zoom, կոդը՝ 333640։
Բոլոր նորություններն իմանալու ու հանդիպումները բաց չթողնելու համար միացեք մեր վայբերյան խմբին՝ https://r.math.am/viber :
Հարցերի դեպքում գրեք մեզ ֆեյսբուքով կամ էլ․ փոստին՝ [email protected] :