23/12/2025
Ակադեմիայի սիրելի ուսանողներ և նորավարտներ, ուրախությամբ հայտնում եմ, որ հերթական հնարավորությունն ունեք մեկնելու Նյու Յորք՝ ծանոթանալու արվեստի դաշտին, ձեռք բերելու ստեղծագործական նոր փորձառություն։ Դիմե՛ք Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկայի հետ համատեղ իրականացվող մեր` արդեն ավանդական դարձած ծրագրին։
, ,
Ադամյան Հովսեփյան Կուրատորական Պրակտիկան (ԱՀԿՊ) Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի հետ համատեղ հայտարարում է արվեստի կացության ծրագիր Ակադեմիայի՝ Հայաստանում ապրող և ստեղծագործող ուսանողների և շրջանավարտների համար (վերջին հինգ տարվա շրջանավարտ):
Ընտրված մասնակցի համար կացության առաջին երկու շաբաթը կանցնի Նյու Յորքում՝ հնարավորություն տալով ծանոթանալու քաղաքի թանգարաններին ու արվեստային միջավայրին: Հայաստան վերադառնալուց հետո մասնակցը ստեղծագործական ընթացքը կշարունակի ևս չորս շաբաթ Երևանում։ Այդ ընթացքում անհրաժեշտ կլինի ստեղծել նոր աշխատանք և իրականացնել դրա համար պահանջվող հետազոտությունը։
Ընտրված դիմորդը կստանա ավիատոմս, բնակարան Նյու Յորքում և շաբաթական թոշակ ինքնուրույն կազմակերպելով իր այցելությունները իրեն հետաքրքրող թանգարաններ և հաստատություններ:
Դիմելու վերջնաժամկետ․ Փետրվար 28, 2026 թ․:
Կացության ժամանակահատված․ 2026 թ գարուն-ամառ, երկու շաբաթ Նյու Յորքում, այնուհետև չորս շաբաթ Երևանում:
Խոսակցական անգլերենի իմացությունը պարտադիր է։ Կարճ ցուցակում ընդգրկված թեկնածուները հարցազրույց կանցնեն անգլերենով:
👉Հայտի լինքը բիոյում:
The Adamyan Hovsepyan Curatorial Practice (AHCP) in collaboration with the State Academy of Fine Arts of Armenia is announcing an art residency program for students and graduates of the Academy (graduated within the last five years) living and working in Armenia.
The selected participant will spend the first two weeks of their stay in New York, providing an opportunity to get acquainted with the city’s museums and art scene. After returning to Armenia, the participant will continue the creative process in Yerevan for another four weeks. During this time, it will be necessary to create a new work and conduct the required research for it.
The selected applicant will receive plane tickets, housing in New York, and a weekly stipend to independently organize their visits to museums and institutions of interest.
Application Deadline: February 28, 2026.
Duration of stay: Spring-Summer 2026, two weeks in New York, followed by four weeks in Yerevan.
Proficiency in spoken English is required. Shortlisted candidates will be interviewed in English.
👉Application link in bio.
08/12/2025
Ժամանակակից կյանքում դժվար է և կարևոր նկարիչ լինելը, քանի որ նկարիչը, ինչպես Կուրբեի հայտնի աշխատանքի այս դրվագում, կյանքն ապրելու հեռանկար է բացում ինչպես երեխայի, այնպես էլ մեծահասակի համար։ Հետաքրքիր է, որ նկարիչն իր արվեստով կապում է ոչ միայն իր աջ ու ձախ կողմերում կանգնած մարդկային սերունդներին, այլև նրանց հետ ապրող կատվին։ Նկարչի արվեստանոցը դառնում է ընդհանուր կյանքի հեռապատկերի շուրջ հավաքված մի ընտանիք։ Շնորհավո՜ր նկարչի միջազգային օրը, օր, որը լավ առիթ է հիշելու, թե ժամանակակից պառակտիչ կյանքում ինչ դժվար ու կարևոր է նկարիչ լինելը։
17/11/2025
Սիրելի ուսանողներ, այսօր ձեր տոնն է, և այս կապակցությամբ ցանկանում եմ ձեզ հետ կիսել իսպանացի հանճարեղ նկարիչ Լուիս Էգիդիո Մելենդեսի այս ինքնադիմանկարը։ Մելենդեսը հայտնի է որպես նատյուրմորտների անգերազանցելի վարպետ, բայց այս ինքնադիմանկարը նա նկարել է Մադրիդի գեղարվեստի ակադեմիա ընդունվելու տարում՝ երիտասարդ։ Նա Ակադեմիայի առաջին ուսանողներից էր և յուղանկարում իրեն պատկերել է որպես գծանկարի վարպետ։ Այսպես նա իրեն հանդես է բերել որպես միանգամից երկու ասպարեզի վիրտուոզ (ձեռքի երկու մատերի նշանը գուցե այս մասին է վկայում)։ Լրջախոհ ու հպարտ՝ նա իր գործով, իր աշխատանքով է խոսում իր վարպետության մասին։ Աշխատե՛ք և թող ձեր աշխատանքը խոսի ու վկայի ձեր մասին։
#հգպա
28/10/2025
Այսօր և վաղը՝ հոկտեմբերի 28-29-ին, ժամը 10-ից Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունենալու իմպրեսիոնիզմի մասին կարևոր միջազգային գիտաժողով։ Ես էլ եմ ելույթ ունենալու՝ 29-ին, ժամը 10-ին։ Խոսելու եմ Մոնեի այս գլուխգործոցի՝ «կաչաղակի» և «կաչաղակների» մասին։ Համեցե՛ք։
Իվենթի հղումը՝ մեկնաբանության մեջ։
22/10/2025
Մեծ հաճույք էր Գյումրու մեր մասնաճյուղի նորաբաց գրադարանում հանդես գալ ընթերցելու, հետազոտելու և ինքնուրույն կարծիք կազմելու մասին մտերմիկ դասախոսությամբ։
https://youtu.be/I4AUayuE80M?si=SadY01lCafEBYl_D
Մտածող ստեղծագործող դառնալու ճանապարհը | Վարդան Ազատյան
Հոկտեմբերի 17-ին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի նորաբաց գրադարանի բացումը արժևորվեց Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, արվեստագիտության թեկնածու, փի...
10/10/2025
Գրադարանը Ակադեմիայի հետազոտական սիրտն է, հանգստավետ աշխատանքի միջավայրը: Համեցե՛ք արդիականացված մեր գրադարանի բացմամը, այսօր՝ 14:30:
📍 Վաղը, ժամը 14:30-ին տեղի կունենա ՀԳՊԱ գրադարանի բացման միջոցառումը։
Գրադարանը՝ գիտելիքի, հետազոտական և ստեղծագործական կենտրոն
Գրադարանը բացվում է նոր ձևաչափով։ Այն այժմ տարածք է, որտեղ գաղափարները վերածվում են իրական նախագծերի։
Գրադարանի դերը կրթական գործընթացում ուսանողների հետազոտական և ստեղծագործական ներգրավվածությունն է՝ համագործակցության մեջ դասախոսների և գրադարանավարների հետ։
Մեր գրադարանը ծառայում է որպես հետազոտական կենտրոն՝ տրամադրելով բազմազան ռեսուրսներ. նոր և հնատիպ գրականություն, հազվագյուտ հրատարակություններ, արխիվային նյութեր և ատենախոսություններ։
Այն նաև հարթակ է, որտեղ արվեստը կարելի է ուսումնասիրել, վերաիմաստավորել և ստեղծագործել։
Սիրով սպասում ենք ձեզ։
05/10/2025
Ակադեմիայում պահվող այս գծանկարը գրաֆիկ, գեղանկարիչ Սամվել Համբարձումյանի (Sam Zumian) աշխատանքն է։ Համբարձումյանը մեր արվեստում մարդկային ֆիգուրի հետ աշխատող ամենահետաքրքիր արվեստագետներից է։ Նրա մոտ ֆիգուրը շարժում է, իսկ շարժումը՝ ֆիգուր․ այն ձգվում է, գալարվում, պրկվում այնքան, որ ի վերջո դառնում է ինքն իրեն անցնող, բայց իր կերպարանքը երբեք վերջնականապես չկորցնող սահմանային մարմին։ 4-րդ կուրսի այս գծանկարը արդեն վկայում է նրա արվեստում դինամիկ մարմնի սկիզբը և միաժամանակ՝ նրա հմայվածությունը մարմնի կառուցման դասական կանոններով, հմայվածություն, ինչն էլ թույլ է տալիս, որ դինամիկ մարմին դարձած ֆիգուրը պահպանի իր «դիմագիծը»։ Այս գծանկարը բնորդի հանդեպ ուսումնասիրական ու միաժամանակ ստեղծագործական մոտեցման վառ և ուսանելի օրինակ է։ Ճանաչե՛նք մեր արվեստագետներին որպես Ակադեմիայի սաներ։
Սամվել Համբարձումյանի ստեղծագործությունները՝ մեկնաբանության մեջ, իսկ բնօրինակները կարող եք տեսնել Արամե ցուցասրահում ընթացող նրա անհատական ցուցահանդեսում մինչև հոկտեմբերի 11-ը։
25/09/2025
Մեր 80-ամյակի սերունդը։ Շնորհավո՜ր 🎉
#հգպա
24/09/2025
Մեր ութսունամյակի ավարտական արարողությանը ընդառաջ
#հգպա