02/08/2026
Հեղու՞կ, թե՞ բյուրեղ 🤔
Եկեք պատկերացնենք, որ 19-րդ դարի ֆանտաստիկ գրականության մեջ նկարագված է մի նյութ, որի օգնությամբ աշխատում են մեր հեռախոսների էկրանները։ Սա անհնարին է թվում, սակայն հենց սրանից է սկսվում ներկայիս ամենատարածված տեխնոլոգիաներից մեկի պատմությունը։ Խոսքը հեղուկ բյուրեղների մասին է։ Սա նյութ է, որը մի կողմից ունի հեղուկներին բնորոշ հատկություններ (որոնցից է մածուցիկությունը), մյուս կողմից պահպանում է բյուրեղի խիստ ներքին կառուցվածքը։ Պինդ մարմիններում մոլեկուլները գտնվում են իրենց հավասարակշռության դիրքերում և միայն փոքրիկ տատանումների են ենթարկվում, դրա համար պինդ մարմիններն ունեն հաստատուն ձև և ծավալ նորմալ պայմաններում։ Հեղուկներում մոլեկուլները շատ մոտ են իրար, բայց շարժվում են նյութի ներսում, այդ պատճառով հեղուկը հոսում է, ունի հաստատուն ծավալ, բայց ընդունում է այն տարայի տեղը, որում գտնվում է։ Հեղուկ բյուրեղներում երկարավուն մոլեկուլները կարող են ազատ շարժվել, ինչպես հեղուկում, բայց միաժամանակ բոլորը նայում են մոտավորապես նույն ուղղությամբ, ինչպես պինդ մարմիններում։ Եկեք հասկանանք, թե ինպես է սա հնարավոր։
Ամեն ինչ սկսվեց 1838 թվականին, երբ հանրահայտ ամերիկացի գրող Էդգար Ալլան Պոն հրատարակեց իր “The Narrative of Arthur Gordon Pym” (Արթուր Գորդոն Պիմի արկածները) պատմվածքը։ Գլխավոր հերոսները հայտնվում են Անտարկտիկայի մի անիրական կղզում, որտեղ ամեն ինչ տարբերվում էր սովորականից. ժայռերը, ծառերը և նույնիսկ գետերի ջուրը։ «Ջուրը» սովորականի նման էր հոսում, թափվում, սակայն այն անգույն չէր։ Շարժվելիս՝ «կախարդական ջուրը» փայլփլում էր տարբեր երանգներով։ Ուսումնասիրություններից հետո հերոսները պարզեցին, որ տարայում այդ «ջուրը» շերտավորվում է և ձևավորում տարբեր գույների հատվածներ։ Հերոսները դանակով անցկացրեցին մեկ գույնի հատվածի երկայնքով, և հատվածի մասնիկները արագ ձգտեցին հետ միանալ։ Երբ դանակով հատեցին երկու գույների սահմանը, դրանք առանձնացան և միայն որոշ ժամանակ անց ետ միացան։ Պոն նկարագում է հեղուկ, որում միջմասնիկային փոխազդեցությունները կախված են ուղղությունից, իսկ դա հակասում է դասական հեղուկների իզոտրոպությանը։
Առաջին անգամ այս երևույթը իրական կյանքում նկատել է ավստրիացի բուսաբան և քիմիկոս Ֆրիդրիխ Ռեյնիցերը 1888 թվականին։ Ռեյնիցերը ուսումնասիրում էր խոլեստերինը և դրա ազդեցությունը բույսերի աճի և զարգացման վրա։ Փորձերի արդյունքում նա սինթեզում է նոր բարդ միացություն՝ խոլեստերիլ բենզոատ (C₃₄H₅₀O₂) : Այդ ժամանակների քիմիկոսի համար նյութի գլխավոր հաստատունը համարվում էր հալման ջերմաստիճանը։ Այն որոշելու համար Ռեյնիցերը աստիճանաբար սկսեց տաքացնել նյութը, բայց նկատեց արտասովոր երևույթ։ Երբ ջերմաստիճանը հասավ 143,5°С, սպիտակ փոշին վերածվեց պղտոր հեղուկի, որը փայլփլում էր ծիածանի բոլոր գույներով՝ կարմիր, կանաչ, երկնագույն, կապույտ և վերջում մանուշակագույն(տե՛ս նկ.1)։ Բայց 178,5°C աստիճանից հետո գույների խաղը ավարտվեց և նյութը դարձավ թափանցիկ հալույթ, նման այլ քիմիական նյութերի հալույթներին։ Այսպիսով կարելի է ասել, որ խոլեստերիլ բենզոատը ունի 2 հալման ջերմաստիճան։ Ռեյնիցերի առաջին միտքն էր, որ իր ստացած նյութը այդքան էլ մաքուր չէ։ Այսինքն սկզբում հալվում է առաջին նյութը, որն ունի ավելի ցածր հալման ջերմաստիճան, իսկ 178,5°C աստիճանում՝ երկրորդը։ Ավելի լավ նյութի կառուցվածքը հասկանալու համար՝ Ռեյնիցերը հալեցրեց նյութը մանրադիտակի սեղանիկի վրա և օգտագործելով բևեռացված լույս, նկատեց հետաքրքիր երևույթ՝ նյութը սկսեց իրեն դրսևորել որպես երկբեկող բյուրեղ։ Երկբեկումը անիզոտրոպ նյութերի հատկություն է, որոնց մեջ լույսի բեկման ցուցիչը կախված է լույսի տարածման ուղղությունից։ Այսպիսի նյութերում կարող է նկատվել լույսի փնջի կիսում՝ երբ նյութով անցնելիս լույսի փունջը բաժանվում է երկու բեկված փնջի (տե՛ս նկ.2)։
Հեղուկ և գազային նյութերը օժտված չեն այս հատկությունով։ Ռեյնիցերը չբավարարվեց փորձի արդյունքերով և օգնության համար դիմեց գերմանացի գիտնական Օտտո Լեմանին: Այդ ժամանակ Լեմանը աշխատում էր արծաթի յոդիդի (AgI) հետ, որը չափազանց պլաստիկ բյուրեղ է։ Տանելով զուգահեռներ իր սեփական փորձերի հետ՝ Լեմանը եզրակացրեց, որ եթե գոյություն ունեն բյուրեղներ որոնք այնքան պլաստիկ են, որ հազիվ են պահում սեփական քաշը, ապա կարելի է ենթադրել, որ գոյություն ունեն բյուրեղներ, որոնք ընդհանրապես չեն պահում իրենց ձևը։ Այս եզրույթներով Լեմանը 1889 թվականին հրապարակում է “Über flüssige Kristalle” («Հեղուկ բյուրեղների մասին») հոդվածը, որը առաջին հայացքից հեղափոխական միտք էր, սակայն, Լեմանի որոշ մտքեր շատ ծայրահեղ էին։ Նա ուզում էր ստեղծել նոր ֆիզիկա,
պնդել, որ պոլիմորֆիզմ գոյություն չունի՝ ջուրն ու սառույցը տարբեր քիմիական նյութեր են։ Իր գաղափարի համար նա փորձեց քանդել ամբողջ ֆիզիկայի հիմքը և դա առաջացրեց բազմաթիվ դժգոհություններ։ Լեմանի մոդելի մեջ կային ակնհայտ սխալներ։ Նա պնդում էր, որ մոլեկուլների տարածական ցանցը անպայման հատկանիշ չէ բյուրեղների համար, համարում էր, որ բյուրեղները կարող են լինել պինդ և ոչ միայն, որ արծաթի յոդիդը ու խոլեստերիլ բենզոատը նույն տիպի նյութ են՝ հեղուկ բյուրեղ։ Լեմանը ասում էր, որ խոլեստերիլ բենզոատի մեջ տեսնում է մանր բյուրեղիկներ։ Մինչ դեռ իրականում տարածական ցանցը հանդիսանում է բյուրեղի անպայման հատկանիշ, իսկ պլաստիկ դեֆորմացիաները առաջանում են, երբ ցանցի շերտերը տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։ Արծաթի յոդիդը բյուրեղ է, որտեղ այդ տեղաշարժերը կատարվում են բավականին հեշտ և կապ չունի հեղուկ բյուրեղների հետ։ Եվ վերջապես խոլեստերիլ բենզոատը իր մեջ չի պարունակում փոքր բյուրեղիկներ, նյութն ինքն իրեն հանդիսանում է հեղուկ բյուրեղ, թեկուզ և ոչ համասեռ։
Տարիների ընթացքում գրեթե ոչ ոք ուշադրություն չէր դարձնում հեղուկ բյուրեղների տեսության վրա։ Որոշ նշանավոր գիտնականներ, այդ թվում Հենրիխ Քվինկեն, Գուստավ Թամմանը, Վալտեր Նեռնստը հերքում էին հեղուկ բյուրեղների գոյությունը։ Այս վեճը հասավ իր գագաթնակետին 1905 թվականի ապրիլի 3-ին Գերմանական Բունզենի անվան քիմիկոսների ընկերակցության նիստին, որտեղ Թամմանը բավականին կոպիտ կերպով անդրադարձավ Լեմանի ամբողջ գիտական գործունեությանը։ Արդյունքում Լեմանի գործերը դրվեցին կասկածի տակ, նրան զրկեցին ֆինանսավորումից, նոր հոդվածները սկսեցին չհրապարակել։
Հեղուկ բյուրեղներին այս վիճակից դուրս հանեցին ֆիզիկոս Ռուդոլֆ Շենկը և քիմիկոս Դանիել Ֆորլենդերը։ Շենկը մանրակրկտորեն մաքրեց նյութը և ապացուցեց, որ խառնուրդներ չկան՝ դրանով գիծ քաշեց Թամմանի վարկածի վրա։ Իսկ Ֆորլենդերը սինթեզեց հարյուրավոր նոր միացություններ և նկատեց օրինաչափություն, որ հեղուկ բյուրեղներ առաջացնում են միայն ձգված պինդ մոլեկուլները։ Այսպես երկարատև պայքարից հետո հեղուկ բյուրեղների տեսությունը իր տեղը գտավ միայն 20-րդ դարի ֆիզիկայում։
Հաջորդ քայլն էր միասնական տեսության կառուցումը։ Եվ դա արեց ֆրանսիացի գիտնական Գեորգ Ֆրիդելը 1922 թվականին։ Նա առաջարկեց հրաժարվել հեղուկ բյուրեղ տերմինից։ Եթե տարածական ցանց չկա, ապա այն բյուրեղ չէ։ Ֆրիդելը ներմուծեց նոր տերմին՝ մեզոմորֆ վիճակ, որը միջանկյալ տեղ է զբաղեցնում հեղուկների և բյուրեղների մեջ։ Ստեղծեց նոր դասակարգման եղանակ՝ կախված մոլեկուլների դասավորվածությունից և համաչափությունից։
Այժմ տարբերակում են հեղուկ բյուրեղների հիմնական երեք վիճակներ.
Նեմատիկ հեղուկ բյուրեղներ - մոլեկուլները հակված են զուգահեռ լինելու, բայց դրանց դիրքերը պատահական են նյութի ծավալում (տե՛ս նկ.3ա),
Սմեկտիկ հեղուկ բյուրեղներ - մոլեկուլների կենտրոնները դասավորված են զուգահեռ շերտերով, բայց շերտերի ներսում դրանք ունեն պատահական դիրքեր (տե՛ս նկ.3բ),
Խոլեստերիկ հեղուկ բյուրեղներ - մոլեկուլների ուղղվածությունը ենթարկվում է պարուրաձև պտույտի մի առանցքի շուրջ (տե՛ս նկ.3գ):
Հեղուկ բյուրեղային փուլը գոյություն ունի միայն որոշակի ջերմաստիճանային միջակայքում։ Օրինակ, դիտարկենք պինդ մարմնից անցումը նեմատիկ հեղուկ բյուրեղի, ապա՝ իզոտրոպ հեղուկի։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց սկզբում քայքայվում է պինդ մարմնի բյուրեղային ցանցը, սակայն մոլեկուլները դեռ շարունակում են պահպանել ընդհանուր ուղղվածությունը (հեղուկ բյուրեղ)։ Ավելի բարձր ջերմաստիճանում այդ ուղղվածությունը վերանում է և նյութը դառնում է սովորական հեղուկ։ Այս անցումները կոչվում են փուլային անցումներ։ Հեղուկ բյուրեղներում օգտագործվում է կարգավորվածության պարամետրը` S: Այն ցույց է տալիս, թե որքանով են մոլեկուլները լավ դասավորված։ Եթե S=1, ապա բոլոր մոլեկուլները լրիվ զուգահեռ են, եթե S=0, ապա գործ ունենք սովորական հեղուկի հետ։ Նեմատիկ հեղուկ բյուրեղներում սովորաբար S-ը 0.3-0.8 է։ Սմեկտիկներում մոլեկուլները ոչ միայն ունեն ընդհանուր ուղղվածություն, այլ նաև ունեն լրացուցիչ շերտային կարգավորվածություն, հետևաբար S-ը ավելի բարձր է` 0.6-0.9: Խոլեստերիկների դեպքում կարգավորվածությունը յուրաքանչուր շերտում գրեթե նույնն է, ինչ սմեկտիկների մոտ։
Գոյություն ունի ուղղվածության վեկտոր՝ n, այն ցույց է տալիս, թե մոլեկուլները, որ ուղղությամբ են դասավորված (տե՛ս նկ.4):
Խոլեստերիկներում n-ը անընդհատ փոխվում է մեկ դիրքից մյուսը։ Մոլեկուլները տեղայնորեն դասավորված են, բայց դրանց նախընտրելի կողմնորոշումը աստիճանաբար պտտվում է տարածության մեջ՝ ձևավորելով պարույր։ p-ն առանցքի ուղղության երկայնքով հեռավորությունն է, որի վրա մոլեկուլների կողմնորոշումը պտտվում է լրիվ 360°-ով (կամ 2π ռադիան) և վերադառնում է նույն ուղղությամբ: Նկարում p/2 է` այս հեռավորության վրա մոլեկուլային կողմնորոշումը պտտվում է 180°-ով (π ռադիան):
Սակայն պետք է նշել, որ n և -n վեկտորները ֆիզիկապես համարժեք են։ Առաջին հայացքից ահեթեթություն է թվում։ Ֆերոմագնիսներում ատոմները պահում են իրենց փոքր մագնիսական սլաքների նման՝ ունեն հստակ լիցքավորված ծայրեր, եթե դրանք պտտենք 180°-ով, համակարգի ֆիզիկական վիճակը հիմնովին կփոխվի՝ մագնիսի բևեռները կշրջվեն։ Իսկ հեղուկ բյուրեղների ձգված մասնիկները օժտված են սիմետրիկությամբ, և եթե այն շրջենք ապա այն կզբաղեցնի նույն տարածքը և նույն կերպ կփոխազդի հարևան մասնիկների հետ։ Այսպիսով n վեկտորը, առանցք է, որին զուգահեռ շարված են մասնիկները։
Այժմ եկեք հասկանանք, թե ինչու ենք մենք տեսնում այսպիսի հետաքրքիր գունախաղեր, երբ հեղուկ բյուրեղով լույս է անցնում (տե՛ս նկ.5)։
Սա օպտիկական անիզոտրոպություն է՝ միջավայրի հատկությունները կախված են ուղղությունից։ Սովորական ապակով կամ ջրով անցնելիս՝ ջուրը տարածվում է նույն արագությամբ (անկախ, թե որ կողմից է ընկնում)։ Այս նյութերն իզոտրոպ են։ Լույսը էլեկտրամագնիսական ալիք է ( https://www.facebook.com/share/v/1FaD77oazq/ ), երբ այդ ալիքն անցնում է մոլեկուլով այն ստիպում է դրա էլեկտրոններին տեղաշարժվել։ Քանի որ մոլեկուլները ձգված են, ապա էլեկտրոններն ավելի հեշտ է տեղաշարժել մեծ առանցքով, քան թե փոքր։ Սրա պատճառով լույսը, որը տատանվում n-ի ուղղությամբ և լույսը, որը տատանվում է n-ին ուղղահայաց, կենթարկվել տարբեր դիմադրությունների՝ կունենան տարբեր արագություններ։ Ինչպես արդեն վերևում նշվեց, այս երևույթը կոչվում է լույսի երկբեկում։ Լույսը բաժանվում է 2 մասի՝ սովորական (ordinary) և արտասովոր (extraordinary), որոնք ունեն տարբեր փուլեր։
Այս երևույթը ավելի լավ հասկանալու համար ուսումնասիրենք խաչված բևեռացուցիչների փորձը։ Բևեռացուցիչը դա ֆիլտր է, որը բաց է թողնում միայն մեկ հարթությունով տատանվող լույս։ Այսինքն եթե վերցնենք երկու այդպիսի ֆիլտր և մեկը պտտենք 90°-ով, ապա լույս չի անցնի։ Այդ երկու բեևեռացուցիչների միջև կաթացնենք հեղուկ բյուրեղ։ Կնկատենք, որ 2-րդ բևեռացուցիչից լույս է անցնում։ Ուղղահայաց բևեռացված լույսը անցնում է առաջին բևեռացուցիչով, մտնում հեղուկ բյուրեղ, բաժանվում 2 մասի, դրանց փուլերը շեղվում են, ելքում այդ 2 ալիքները ձևավորում են նոր ալիք, որի բևեռացումը այլևս ուղղահայաց չէ։ Եվ երբ այդ ալիքը անցնում է 2-րդ բևեռացուցիչով այն չի մարում։ Բևեռացման փոփոխման անկյունը կախված է բյուրեղի հաստությունից և ալիքի երկարությունից։ Այսինքն տարբեր գույնի լույսեր տարբեր ազդեցության են ենթարկվում հեղուկ բյուրեղում՝ տարբեր անկյուններով են պտտվում։ Արդյունքում նետելով սպիտակ լույս, դրա որոշ բաղադրիչներ կանցնեն, որոշները՝ ոչ և ելքում կտեսնենք գունավոր պատկերներ։ Իսկ սև բծերը առաջանում են այն հատվածներում, որտեղ n վեկտորը զուգահեռ է բևեռացուցիչներից մեկին։ Այդ հատվածում լույսը չի բաժանվում, չի փոխում բևեռացումը և արգելակվում է։ Կարող ենք եզրակացնել, որ անցած լույսը ամբողջությամբ կախված է n վեկտորից։
Հեղուկ բյուրեղները ֆունկցիոնալ նյութեր են, որոնք ունեն լայն կիրառություններ ժամանակակից տեխնոլոգիաներում։ Նրանց մոլեկուլների մասնակի կարգավորվածությունը առաջացնում է անիզոտրոպ ֆիզիկական և օպտիկական հատկություններ, որոնք հնարավոր է կառավարել արտաքին դաշտեր կիրառելով։
Հեղուկ բյուրեղների մոլեկուլները փոխում են իրենց ուղղվածությունը, երբ ենթարկվում են որևէ ուժի։ Օրինակ, եթե 2 ապակե թիթեղներ շփենք մի ուղղությամբ, և դրանց ներսում լցնենք հեղուկ բյուրեղի բարակ շերտ, ապա դրա մոլեկուլները կկողմնորոշվեն շփման ուղղությամբ։(տե՛ս նկ.5ա)
Իսկ եթե այդ ապակիները շփենք ուղղահայաց ուղղություններով, ապա դա կհանգեցնի հեղուկ բյուրեղների պարուրաձև պտույտի, որը նման է խոլեստերիկ հեղուկ բյուրեղների բնական ոլորմանը։(տե՛ս նկ.5բ)
Իրական տեխնոլոգիական հեղաշրջումը սկսվեց, երբ մարդիկ հասկացան ինչպես կառավարել n վեկտորը։ Հեղուկ բյուրեղում գործում են առաձգական ուժեր, որոնք ձգտում մոլեկուլներին զուգահեռ պահել։ Այդ առաձգական ուժերը հաղթահարելու համար մեծացնենք էլեկտրական դաշտի լարվածությունը և որոշակի սահմանից հետո մոլեկուլները կսկսեն թեքվել։ Այս տրամաբանությամբ են աշխատում մեր համակարգիչների, հեռախոսների հեռուստացույցների էկրանները, որոնց ավելի մանրամասն կծանոթանանք հաջորդ հոդվածի շրջանակներում։
Հեղինակ` Syuzanna Makaryan
Խմբագիր` Tatevik Brsoyan