22/05/2026
ԲԱՐԻ ԵՐԹ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ՝ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ։
Օր, որի հետ կապված հիշողություններն ու հուզմունքը ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:
Դպրոցը մի շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր պաշարը, և համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքներով դաստիարակությունը ձեզ կօգնեն սեփական ունակություններն ու կարողություններն ի նպաստ դնելու՝ մեր համայնքի և մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը՝ դառնալով վաղվա մանկավարժն ու բժիշկը, իրավաբանն ու տնտեսագետը, սպան ու հայրենիքի պաշտպանը, արհեստավորն ու արվեստագետը, հանքագործն ու լեռնագործը։
Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում ձեռք եք բերում առաջին ընկերներին ու համախոհներին, առաջին մրցակիցներին ու հանրության մեջ ձեր տեղը գտնելու և դրսևորելու հմտություններն ու ունակությունները, որոնք պակաս կարևոր չեն, քան բուն գիտելիքը:
Այսօրվանից է դրվում վաղվա ձեր բարեկեցության հիմքը, և հետևաբար ձեզանից պահանջվում է լինել առավել հետևողական և պատասխանատու:
Մեծարգո' մանկավարժներ, ամենատարբեր սերունդներ կրթելով և կյանքի նոր ճանապարհ հարթելով, դուք ամենասուրբ գործն եք կատարել և շարունակում կատարել։ Ձեր շնորհիվ կյանք ենք ճանապարհում հասուն սերունդ, որն իր աշխատանքով, ներուժով ու ներդրումով դառնալու է մեր երկրի հզորացման, շենացման ու ամրապնդման գործի ակտիվ մասնակիցը: Շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում ձեզ, ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի համար։
Շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին, ովքեր մանկավարժների հետ գրեթե հավասար անցան՝ կրթության և դաստիարակության այս կարևոր ճանապարհը։
Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամենատարբեր բուհերում ամենալավ արդյունքները գրանցի, ձեզանից յուրաքանչյուրը լավագույն արհեստավորը դառնա, իսկ մեր տղաները, ովքեր մեր երկրի ապագա զինվորներն են՝ լավագույն և կարգապահ ծառայողը դառնան՝ բարձր պահելով մեր համայնքի պատիվը։
Պատգամս է ձեզ, որ ուր էլ լինեք և ինչ մասնագիտական ոլորտ էլ ընտրեք, հավատարիմ մնաք մեր ազգային արժեքներին և ինքնությանը։
Վերջին զանգը, որը ավանդաբար հնչում է դպրոցում ու ձեզ ճանապարհում դեպի նոր կյանք, թող հնչի առաջին հերթին ձեր սրտում, ձեր հոգում՝ որպես ձեր երազանքների իրականացման կոչնակ:
Եղե՛ք լույսի, ճշմարտության, արդարության ջահակիրներ և իմաստավորե՛ք ձեր ուղին` ծառայելով մեր համայնքին և երկրին։
Բարի երթ և բարի ճանապարհ դեպի նոր կյանք։
15/05/2026
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐ
Սիրելի' հայրենակիցներ,
ջերմագին մաղթանքներով շնորհավորում եմ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Այս խորհրդանշական տոնի շրջանակներում անհրաժեշտ է հերթական անգամ ընդգծել ընտանիքի բացառիկ դերակատարումը յուրաքանչյուր մարդու կայացման գործում:
Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը:
Սիրելի' քաջարանցիներ` առանձնահատուկ շնորհավորում եմ ձեզ` Ընտանիքի օրվա կապակցությամբ և մաղթում ընտանեկան երջանկություն, առողջություն և արգասաբեր աշխատանք։ Քաջարանը բոլորիս համար մի մեծ ընտանիք է` իր հաջողություններով և խնդիրներով, և ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են ու կմնան մեր բոլորիս առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Ցանկանում եմ, որ բոլոր ժամանակներում իրեն հատուկ դրական բնորոշումներ ունեցող հայ ընտանիքների առօրյան միշտ նշանավորվի հաջողություններով և ձեռքբերումներով:
Աստված պահապան հային և հայ ընտանիքներին։
09/05/2026
Հարգելի' հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակների 81-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հաղթանակ, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում:
Պատերազմի առաջին օրերից սկսած հայ ժողովուրդը ևս կրեց պատերազմի ամբողջ ծանրությունն ու դժվարությունները: Մեծ հաղթանակը ձեռք բերվեց նաև մեր ժողովրդի արժանավոր զավակների, հարյուր հազարավոր շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների անձնվիրության ու սխրագործության շնորհիվ: Աշխարհասփյուռ հայությունը ևս՝ դաշնակից երկրների բանակներում ու դիմադրական շարժումներում, իր հերոսական պայքարով քայլ առ քայլ մոտեցրեց Հաղթանակի ու խաղաղության օրը:
Հայրենական մեծ պատերազմում իրենց մեծ մասնակցությունն ունեցան նաև բազմաթիվ քաջարանցիներ՝ ոմանք չվերադարձան պատերազմից, շատերը վերադարձան սահմանափակ կարողություններով, որոշներն էլ հաղթական շքանշաններով և մեդալներով՝ շարունակելով շենացնել հանքարդյունաբերական կենտրոն Քաջարան քաղաքը։ Խոնարհում և հարգանք նրանց վառ հիշատակին։
Երկրորդ աշխարհամարտի գլխավոր դասերից մեկն այն էր, որ այսօր էլ աշխարհի բոլոր ժողովուրդները և խաղաղ կամքի տեր մարդիկ պետք է միավորեն իրենց ուժերը մարդկությանն սպառնացող արդի վտանգների՝ բոլոր տեսակի բռնությունների, ազգային ու ռասայական խտրականությունների, պատերազմների, ցեղասպանությունների, ահաբեկչությունների և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարում:
Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար ավելի արժևորվեց, երբ 1992 թվականի նույն օրը ազատագրվեց Շուշին, որը դարձավ Հայոց պատմության փառավոր էջերից՝ նոր հերոսներով և ազգի նվիրյալներով:
Փառք ու պատիվ Շուշիի ազատագրման և Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ մարտիրոսված մեր հայորդիների հիշատակին:
Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերանների անձնվիրության և սխրանքի գնահատումը, Արցախյան բոլոր պատերազմներում իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակի առջև խոնարհումը մեզ նաև պարտավորեցնում է արժանիորեն շարունակել հայոց պետականության ամրապնդման հայրենանվեր գործը՝ նոր հաղթանակներ տանելով տնտեսության մեջ, հզորացնելով մեր պետությունն ու բանակը, ինչը մեր տարածքային ամբողջականության պահպանման և պատմության մեջ նոր հաղթանակներ կերտելու գրավականն է:
Կրկին շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ` Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին, մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին մաղթում եմ առողջություն և երկարակեցություն: Ձեր սխրանքի շնորհիվ ձեռք բերված մեր փառապանծ հաղթանակները թող զորավիգ լինեն մեզ՝ մեր խաղաղ և հուսալի վաղվա օրը կերտելու գործում:
Շնորհավոր մայիսի 9։
08/05/2026
Հարգելի' երկրապահներ, մայիսի 8-ը նշանավորվում է որպես երկրապահ կամավորականների օր և օրվա խորհրդին համահունչ շնորհավորում եմ ձեզ՝ Երկրապահ կամավորականների միության կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կառույց, որը 1990ական թվականների` Արցախյան ազատամարտի օրերին անուրանալի ավանդ ունեցավ, և ԵԿՄ հավերժ նախագահ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի առաջնորդությամբ դարձավ մեր նորանկախ պետության, նորաստեղծ բանակի հիմնաքարը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ Քաջարանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի կամավորականներին, ովքեր հանուն հայրենիքի միշտ պատրաստ են դառնալ մի բռունցք։ Նրանք դա ապացուցել են 1990ականների, քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների և ամենատարբեր ռազմական էսկալացիաների ժամանակ։
Փառք ու պատիվ և խոնարհում՝ հանուն հայրենիքի մարտիրոսված մեր հայորդիների հիշատակին։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն և ընտանեկան երջանկություն։
01/05/2026
Հարգելի' հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։
Օր, որը մեզ լավագույն հնարավորություն է տալիս՝ արժևորելու և արտահայտելու մեր վերաբերմունքը աշխատանքի ու աշխատավորի հանդեպ։
Բոլոր ժամանակներում էլ աշխատասեր ու արարող մարդու նկատմամբ հարգանքը եղել է ընդգծված և ակնածանքի ու գնահատանքի արժանի, իսկ աշխատանքը եղել և մնում է մեր բարեկեցության հիմքը և կայունության երաշխիքը։
Եվ այդ աշխատանքով ստեղծված արժեքների շնորհիվ մեր համայնքն ու պետությունը դառնում են ներկայանալի։
Սիրելի' քաջարանցիներ, Քաջարանը որպես աշխատանքային փառքի քաղաք և աշխատավորների կուռ դարբնոց՝ գրեթե յոթ տասնամյակից ավել աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, նվիրումով, ինչի շնորհիվ այսօր քաջարանցին վայելում է հարգանք ու մեծ պատիվ՝ հանդիսանալով օրինակ մյուսների համար։
Այս տոնական օրն իմ անունից` մայիսմեկյան լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Քաջարան համայնքի հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների բոլոր աշխատակիցներին և մաղթում աշխատանքով ամրագրված արժանապատիվ կյանք:
Այսօր նաև վաստակած հանգստի անցած մեր համաքաղաքացիների տոնն է, ովքեր իրենց աշխատանքային կենսագրությամբ մնայուն հետք են թողել համայնքի զարգացման գործում և Քաջարանը ճանաչելի ու ներկայանալի դարձրել նաև մեր երկրի սահմաններից դուրս։
Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նրանց իրենց նվիրական գործունեության, համայնքի կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար և մաղթում եմ երկարակեցություն ու առողջություն։
Օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիդ, թող խաղաղությունը թևածի մեր երկրում և բոլորիդ օջախներում, թող աշխատանքը դառնա բոլորիդ բարեկեցության աղբյուրը՝ ապահովելով մեր համայնքի ու երկրի առաջընթացն ու կայուն զարգացումը։
Շնորհավոր Մայիսի 1։
24/04/2026
Հարգելի' հայրենակիցներ,
Հայաստանը և աշխարհասփյուռ համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի 111-րդ տարելիցը և 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը:
Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների և բռնի տեղահանության։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ մտավորականներ։
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը` ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։
Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։
Սուրբ Նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել մեր երկրի ամբողջականությունը, նախանձախնդիր լինել հայոց անկախ պետականության հզորացմանը և որպես սրբազան մասունք պահպանել մեր նախնիների ավանդներն ու ժառանգությունը։
Թող Տիրոջ սերն ու խնամքը հովանի լինեն մեր hայրենիքին ու համայն մեր ժողովրդին այսօր և ընդմիշտ։
07/04/2026
Սիրելի կանայք և մայրեր,
ջերմորեն շնորհավորում եմ` Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման օրվա` Ապրիլի 7-ի կապակցությամբ, որը մենք նշում ենք նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:
Դուք միշտ եղել եք օջախի պահապան, հենարան և սյուն, իսկ ամուսնու համար՝ թև ու թիկունք` Ձեր շուրջը սփռելով անսահման սեր ու ջերմություն, բարություն ու հոգատարություն:
Մեր ազգային նկարագիրը ձևավորող անկյունաքարերից մեկը եղել և միշտ կլինի` հայ ընտանիքներում Ձեր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը և ընտանիքների ամրությունը:
Սիրելի կանայք, գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն:
Թող գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:
Մաղթում եմ խաղաղություն, երկարակեցություն և ամենայն բարիք ձեզ ու ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին:
04/04/2026
✝️ Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, որի խորհուրդը ճշմարտության լույսի, խաղաղության ու վերածննդի հաղթանակն է:
Այս ավետաբեր և նվիրական տոնի կապակցությամբ սրտանց մաղթում եմ մեր երկրին ու հայրենակիցներին ամուր հավատ, ոգու ամրություն ու ընտանեկան ջերմություն:
Թող բարությամբ ու օրհնությամբ լցվեն մեր ընտանիքները, մեր տներում թող ճառագի հարության լույսը և ոգու կամքի ու հավատի ամրություն ու բարօրություն բերի բոլորիս։
🙏 Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
01/04/2026
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔ
Հարգելի բարեկամներ և հարազատներ, ընկերներ և գործընկերներ, Քաջարան համայնքի հարգարժան բնակիչներ, համերկրացիներ և հետևորդներ` խորապես զգացված և շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի կապակցությամբ ինձ ուղղված հազարավոր բարեմաղթանքների և շնորհավորական խոսքերի համար։
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, հաջողություն և երջանկություն ընտանեկան ու անձնական կյանքում։
✊ Միշտ ձեր կողքին և ամենայն հարգանքով` Մանվել Փարամազյան։
29/03/2026
Շնորհավոր Ծաղկազարդ.
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը և մանուկների օրհնության օրը:
Թող գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական այս տոնը բոլորիդ օջախները լցնի լույսով և երջանկությամբ։
🙏 Աստված պահապան բոլորիս։