30/11/2025
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի մասնագիտության դուալ կրթությամբ սովորող ուսանողը ներկայումս գործնական ուսուցման կազմակերպման ծրագիրն անցնում է Քոլեջի գործընկեր Արագած Ղուլունցի մոտ՝ իրական աշխատանքային պայմաններում։ Գործատուի աջակցությունը հնարավորություն է տալիս աշկերտին կիրառել իր տեսական ուսուցմամբ ձեռք բերած գիտելիքները և զարգացնել մասնագիտական հմտություններ։ Շնորհակալ ենք արդյունավետ համագործակցության համար։
#ԳՊԳՔ
19/11/2025
✨️Նոր համագործակցություններ և ծրագրային հաջողություններ ✨️
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը կազմակերպեց հանդիսավոր միջոցառում , որը միավորեց մարզի կրթական կառույցների ներկայացուցիչներին, ուսանողությանը և գործընկեր կազմակերպություններին։ Միջոցառման նպատակն էր արժևորել երիտասարդների դերը կրթական ու համայնքային կյանքում և խթանել նոր գիտակրթական նախաձեռնությունների զարգացումը։
Միջոցառման առանցքային հատվածներից մեկը կազմակերպված գիտակրթական ծրագրերի մրցույթներն էին, որտեղ ներկայացված լավագույն նախաձեռնությունները արժանացան դրամաշնորհների։ Միաժամանակ ստորագրվեցին համագործակցության նոր պայմանագրեր միջազգային գործընկերների հետ՝ կրթական համակարգում նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով 🤝։
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը մեծ հաջողություն գրանցեց երկու կրթական ծրագրով , ինչը վկայում է հաստատության հետևողական աշխատանքի և ծրագրային զարգացմանն ուղղված քայլերի մասին։
Ծրագրերի ղեկավար՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժ/պ Ա. Տոռոզյանը, ներկայացրեց ծրագրերի նպատակներն ու իրականացման հիմնական ուղղությունները՝ ընդգծելով դրանց նշանակությունը կրթական գործընթացի զարգացման համար։
Շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզպետ պարոն Ռ. Ղուկասյանին և մարզպետարանի ողջ աշխատակազմին նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու և իրականացնելու համար։
17/11/2025
📣 Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջն այսօր տոնում է Ուսանողների օրը 🎉
Օր, երբ մենք գնահատում ենք նրանց, ովքեր ստեղծում են հետաքրքրասիրություն, անսպառ եռանդ և նորի որոնման համարձակություն💫։
Ուսանող լինելը ոչ միայն գիտելիք կուտակելն է, այլ նաև աշխարհի հետ խոսելը և կյանքի բացահայտումը։
Սիրելի ուսանողներ,
թո՛ղ ձեր օրերը լեցուն լինեն նոր բացահայտումներով, ստեղծարար ոգով և հոգու թռիչքով։
Թո՛ղ ձեր յուրաքանչյուր դժվարությունը դառնա ձեռքբերման աստիճան, իսկ ձեր ջանքերն ու ձգտումները՝ մեր բոլորիս ապագայի լուսավոր ճանապարհը🌟։
🎓 Շնորհավոր Ուսանողների օր — լիարժեք երազանքներով, գիտելիքներով և անսպառ եռանդով։
#ԳՊԳՔ
07/11/2025
📍 Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների և դասախոսների ճանաչողական այցը Հին Գորիս գյուղ
Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողները և դասախոսները այցելեցին Հին Գորիս գյուղ՝ ծանոթանալու համայնքի պատմամշակութային արժեքներին։ Նրանք եղան Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, Ամֆիթատրոն քարանձավում և այլ պատմական վայրերում, որոնց մասին ներկայացվեց հետաքրքիր պատմական տեղեկատվություն։
🏅 Ճանաչողական շրջայցից հետո անցկացվեցին սպորտային մրցումներ՝ բազկամարտ, գիրի բարձրացում և պարանի ձգում։ Մրցումներն անցան աշխույժ և ընկերական մթնոլորտում։ Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ուսանողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
✨ Նման միջոցառումները խթանում են ուսանողների ակտիվությունը, թիմային ոգին և հայրենասիրական արժեքների ամրապնդումը։
#ԳՊԳՔ #Գորիս #ՀինԳորիս #ՈւսանողականԿյանք #Սպորտ
07/11/2025
📍 Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում անցկացվեց դասընթաց՝ ուսուցման ժամանակակից մեթոդների թեմայով
📅 Օրերս Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում կազմակերպվեց դասընթաց «Ուսուցման և ուսումնառության ժամանակակից մեթոդներ» թեմայով։ Դասընթացը վարեց քոլեջի պատմություն առարկայի դասախոս Աստղիկ Լալաբեկյանը։
💡 Դասընթացը մեկնարկեց թեմայի տեսական ներկայացմամբ։ Ներկայացվեցին ուսուցման ժամանակակից մեթոդները, որոնք նպաստում են դասերի արդյունավետության և սովորողների ներգրավվածության բարձրացմանը։
🎯 Այս ձևաչափը հնարավորություն տվեց յուրաքանչյուր մասնակցի գործնականորեն փորձարկել մեթոդները, ստեղծել ուսումնական իրավիճակներ և կիսվել սեփական փորձով։
🌐 Նախօրոք պատրաստված վիկտորինայի միջոցով դասախոսները հնարավորություն ունեցան փորձարկել թվային ուսուցման ձևաչափը՝ միաժամանակ ստուգելով իրենց գիտելիքները թեմայի շուրջ։
✅ Դասընթացը նպաստեց՝
• ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառման խթանմանը,
• նորարարական մոտեցումների տարածմանը,
• դասախոսների մասնագիտական համագործակցության խորացմանը։
👏 Միջոցառումն անցավ ստեղծարար և ինտերակտիվ միջավայրում՝ ամրապնդելով մասնագիտական փորձի փոխանակման ու շարունակական զարգացման մշակույթը։
#ԳՊԳՔ
01/11/2025
📍 Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոսների ճանաչողական այցը Տաթևի Մեծ Անապատ
📅 Օրերս, ուսուցչի տոնին նվիրված ճանաչողական այցի շրջանակում, Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոսական կազմը այցելել է Տաթևի Մեծ Անապատ՝
🎯 նպատակ ունենալով առավել խորը ծանոթանալ հարուստ հոգևոր-մշակութային ժառանգությանը և տարածքի պատմական անցյալին։
🏛️ Տաթևի Մեծ Անապատը հայկական ճարտարապետության և վանական մշակույթի եզակի օրինակներից է՝ աչքի ընկնելով իր
🌿 բնության ներդաշնակությամբ,
🧱 ճարտարապետական լուծումներով և
📜 պատմական նշանակությամբ։
Այցի ընթացքում դասախոսները ծանոթացել են՝
🔹 վանքի կառուցման պատմությանը,
🔹 հոգևոր կյանքի առանձնահատկություններին,
🔹 Տաթևի վանական համալիրի դերին՝ միջնադարյան Հայաստանի կրթական ու մշակութային կյանքում։
🤝 Այս ճանաչողական այցը նպաստեց ոչ միայն մասնագիտական տեսադաշտի ընդլայնմանը, այլև համախմբմանը՝ որպես կրթական համայնք, որը կարևորում է պատմության և մշակույթի պահպանումը ու փոխանցումը նոր սերունդներին։
🌟 Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը շարունակելու է նման կրթամշակութային նախաձեռնությունները՝
🇦🇲 խթանելով հայրենաճանաչությունն ու ազգային արժեքների նկատմամբ սիրո և հարգանքի ձևավորումը։
#ԳՊԳՔ
31/10/2025
👩🔬 «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները «Մանրէակենսաբանություն» մոդուլի շրջանակներում ունեցան գործնական դաս՝ «Մանրադիտարկման փորձ» թեմայով։ 🔬
Ուսանողները ծանոթացան մանրադիտակի կառուցվածքին և ուսումնասիրեցին կաթնաթթվային մթերքների մակարդների միկրոֆլորայի կողմնորոշիչ բնութագրման մեթոդը՝ օգտագործելով մեթիլեն կապույտով ներկված պատրաստուկներ։ 🧫
Մանրադիտակային պատկերը համեմատվեց կաթնաթթվային մթերքին բնորոշ կամ արտադրողի կողմից հայտարարագրված միկրոֆլորայի հետ։ 📘
Գործնական դասը ամփոփելու նպատակով ուսանողներին հանձնարարվեց դասախոսի տրամադրած նյութերի օգնությամբ կատարել ինքնուրույն աշխատանք, որտեղ նրանք կներկայացնեն փորձի նպատակը, մեթոդը և կկազմեն եզրակացություն։ ✍️
#ԳՊԳՔ
30/10/2025
Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն՝ հեռակա ուսուցմամբ (12-ամյա կրթության հիմքով)։
📚 Մասնագիտություններ՝
🔹 Հաշվապահական հաշվառում
Որակավորումը՝ հաշվապահ
Ուսման տևողությունը՝ 3 տարի
🔹 Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)
Որակավորումը՝ տեխնիկ-կարգավար (փոխադրումների կազմակերպման և կառավարման)
Ուսման տևողությունը՝ 3.6 տարի
✅ Ընդունելությունը՝ առանց քննության
💰 Ուսման վարձը՝ 80.000 դրամ տարեկան
📎 Առցանց դիմում-հայտ լրացնելու համար մուտք գործեք՝
👉 https://dimord.emis.am/
ℹ️ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել՝
Սյունիքի մարզ, ք. Գորիս, Կապանի խճուղի 34
27/10/2025
📅 Հոկտեմբերի 20-ին և 21-ին Աղվերանում կայացավ «Իրազեկ երիտասարդություն՝ զբաղված ապագա» 2-օրյա վերապատրաստման ճամբարը, որին մասնակցեցին Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի կարիերայի պատասխանատու Ժ. Առուստամյանը, ուսանողներ Ա. Ջհանգիրյանը և Է. Տատինցյանը։
🎯 Ճամբարի նպատակն էր կամուրջ ստեղծել կարիերայի ուղղորդման մասնագետների և ակտիվ ուսանողների միջև՝ վերջիններիս խրախուսելով դառնալ կարիերայի ուղղորդման խորհրդատուներ իրենց տարիքակիցների համար։
🏅 Ճամբարի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։
Այս նախաձեռնությունը մասնակիցների համար ոչ միայն ուսուցման 📘, այլև ճանաչման, հաղորդակցման և ինքնազարգացման հրաշալի հնարավորություն էր։
#ԳՊԳՔ